Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը երդմնակալությամբ ստանձնեց Երևանի քաղաքապետի պարտականությունները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 20, 2010 14:57
Համաձայն <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի՝ քաղաքապետն իր լիազորություններն ստանձնում է ընտրվելուց հետո, օրենքով սահմանված կարգով, երրորդ օրացուցային օրը հրավիրված ավագանու նիստում` Երևանի բնակիչներին տրված երդմամբ:
Դեկտեմբերի 20-ին հրավիրված Երևանի ավագանու հանդիսավոր նիստում տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանի երդմնակալության արարողությունը։ Ներկա էին երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոսը, ԱԺ նախագահը, վարչապետը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Երևանի նախկին քաղաքապետներ, քաղաքական և մշակութային գործիչներ։ Համաձայն <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի` ավագանու նիստը վարում էր Երևանի ավագանու տարիքով ամենատարեց անդամ Աստղիկ Գևորգյանը։ Արարողությունն սկսվեց պետական օրհներգով։
Աջ ձեռքը Երևանի մասին օրենքի վրա՝ Երևանի 53-րդ քաղաքապետ Կարեն Կարապետյանը երդվեց քաղաքապետի լիազորություններն իրականացնելու
ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:
Այնուհետև հնչեց մայրաքաղաքի օրհներգը։
Երևանի պատվավոր քաղաքացի, Երևանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանը Հայաստանի բոլոր մայրաքաղաքների անվանատառերով Երևանի քաղաքապետի խորհրդանիշ լանջաշղթան հանձնեց նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանին։






Facebook
Tweet This
Email This Post
