Zaman. Հայաստանի բանակը Կովկասում ամենամարտունակն է, եւ Թուրքիան պետք է դա հաշվի առնի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 20, 2010 14:46
Թուրքական Zaman պարբերականի վերլուծաբան Ֆիքրեթ Էրթանն իր «Հայաստանը շարունակում է զինվել» հրապարակման մեջ ուշադրության է հրավիրում այն հանգամանքի վրա, որ չնայած Հայաստանը Կովկասի ամենամարտունակ բանակն ունի, սակայն դրանով չի բավարարվում եւ ավելի հզորանալու քայլեր է ձեռնարկում։
«Չնայած Հայաստանը քիչ բնակչություն ունի, այն համարվում է Կովկասի ամենապրոֆեսիոնալ, ամենալավ պատրաստված եւ ամենաճկուն զինված ուժերն ունեցող երկիրը։ Թե ինչքան է այս ամենը ճիշտ, դժվար է ասել»,-նշել է Ֆիքրեթ Էրթանը՝ հիշեցնելով, որ նախկինում Հայաստանը կարողացել է առավելության հասնել Ադրբեջանի նկատմամբ՝ «զավթելով» ադրբեջանական հողերի 20 տոկոսը։
«Հայաստանը չի բավարարվում ներկայիս իր ռազմական հզորությամբ՝ նախատեսելով ավելի հզորանալու քայլեր ձեռնարկել։ Օրինակ՝ Հայաստանում ընդունվել է զինված ուժերի արդիականացման ծրագիրը, որը նախատեսում է 2011-2015 թվականներին զինտեխնիկայի արդիականացում եւ զարգացում։ Այդ ծրագիրը նախատեսում է նաեւ սեփական ռազմական արդյունաբերության զարգացում։
Այսօր Հայաստանի ձեռքում կան հակառակորդի որոշ թիրախներին ուղղված հրթիռներ։ Օրինակ՝ ռուսականա «Սկադ»-ը։ Հնարավոր է՝ «Սկադ»-ից բացի այլ զինատեսակներ էլ կան, քանի որ հայտնի է՝ Ռուսաստանը Հայաստանին է փոխանցել արդիական զենքեր։ Այս համատեքստում, հավանականություն կա, որ Հայաստանը տիրապետի նաեւ հեռահար հրթիռների»,-գրել է Zaman-ի վերլուծաբանը՝ ընդծելով, որ Ռուսաստանը օգնում է Հայաստանին նաեւ ռազմական արդյունաբերության ոլորտում։
Ֆիքրեթ Էրթանը նշել է, թե Հայաստանի հակառակորդներն այս ամենին անպայման պետք է ուշադրություն դարձնեն՝ հատկապես Հայաստանի պաշտպանության նախարարի նշած հեռահար հրթիռները։ «Հակառակորդների դեմ ուղղված Հայաստանի ռազմական ծրագրերը երեւի թե մենք էլ հաշվի առնենք»,-եզրափակել է թուրք վերլուծաբանը։
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
