Թուրքիան դժգոհ է Իսրայելի և Կիպրոսի համաձայնագրից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 20, 2010 11:08
Թուրքիայի դիվանագիտական աղբյուրները հայտարարել են , որ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը կանչել է Անկարայում Իսրայելի դեսպան Գաբի Լևիին և դժգոհություն է հայտնել բացառիկ տնտեսական գոտի ստեղծելու մտահղացման համար, որը ամրագրվել է Իսրայելի և Կիպրոսի միջև ուրբաթ ստորագրված համաձայնագրով: Այդ համաձայնագրով` 2 պետությունները կկիսեն իրենց ծովային սահմանները` նավթ և գազ որոնելու նպատակով: Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով` Անկարան մտադիր է հանդես գալ այդօրինակ համաձայնագրերի դեմ այնքան ժամանակ, քանի դեռ Կիպրոսի հիմնախնդիրը չի հանգուցալուծվել: Հիշեցնենք, որ Թուրքիան հավակնում է Կիպրոս կղզու հյուսիսային մասը, որտեղ ապրում են էթնիկ թուրքեր`թեպետ ՄԱԿ-ի որոշմամբ` Կիպրոսը ճանաչվել է անկախ պետություն: Թուրքական կողմի դժգոհության հետ կապված` Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչությունը ծովային համաձայնագրի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է, թե համաձայնագիրը ոչ մի կերպ ուղղված չէ տարածաշրջանի մեկ այլ երկրի բնակչության դեմ: Նախարարությունը ընդգծել է համաձայնագրի ընդունման կարևորությունը և հայտարարել է , որ խոսքը, տվյալ դեպքում, Իսրայելի առաջին արևմտյան սահմանագծման մասին է:






Facebook
Tweet This
Email This Post
