Թուրք դիվանագետ. “Հեյդար Ալիևը հայերին հանձնեց 6 շրջան և Ղարաբաղում հազարավոր զինվորների զոհեց”

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 18, 2010 20:27

Ադրբեջանում Թուրքիայի դեսպանության նախկին մամլո քարտուղար, աղմուկ հանած “Ազատությունից մինչև բռնատիրություն” գրքի հեղինակ Թուրգուր Էրը “Թուրան” գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում մեղադրել է Ադրբեջանի իշխանություններին ավտորիտար վարչակարգ ստեղծելու համար, որոնք հարստահարում են իրենց ժողովրդին և երկրի պաշարները: Նշենք, որ այդ գրքի հրատարակումից հետո Ադրբեջանի իշխանությունները մեղադրեցին Էրին զրպարտության և հակաադրբեջանական գործունեության մեջ, քանի որ նա վարակաբեկում է Հեյդար Ալիևի կառավարությունը` պնդելով, որ  վերջինս հաճախ գործել է անձնական շահից ելնելով, ոչ թե հօգուտ իր պետության և իր ժողովրդի:

“Ադրբեջանի մեղադրանքներն իմ հասցեին, թե ես զրպարտում եմ և փող ստանում հայերից կամ նախկին խոսնակ Ռասուլ Գուլիևից, նրանց հիմարության հերթական ապացույցն է: Այն ամենը, ինչի մասին պատմում եմ, հիմնված է փաստաթղթերի վրա, որոնք հայտնի են և հրապարակված: Դրանք կարդացողը կարող է համոզվել, որ ես ոչինչ չեմ հնարել: Ուրեմն ո՞վ է զրպարտիչը, ե՞ս թե նա, ով չի ուզում տեսնել իրականությունը”,- հռետորական հարց է տվել Էրը:

“Ես այդ ամենը գրել եմ ոչ ինձ համար և ոչ պատվերով, այլ ադրբեջանցի ժողովրդի համար, որին եղբայրական եմ համարում: Իմ մարդկային, եթե կուզեք, հայրենասիրական պարտքն է ադրբեջանցի ներկայիս և հետագա սերունդներին, ասենք հենց թուրքերին հասցնել դա, որպեսզի նրանք իմանան, թե ինչ է իրականում տեղի ունեցել 90-ական թթ. Ադրբեջանում, և ով է պատասխանատվություն կրում այդ ամենի համար”,- նշել է Էրը:

“Մի՞թե գաղտնիք է, որ հենց Հեյդար Ալիևը, գալով իշխանության, հայերին հանձնեց 6 շրջան և հազարավոր զինվորների զոհեց Ղարաբաղում: Նա մեղադրեց “Ժողովրդական ճակատի” կառավարությանն ապաշնորհության մեջ, խոստացավ վերադարձնել Ղարաբաղը, բայց իրականում Ադրբեջանին ամենակործանարար հարվածը հասցրեց: Եվ այդ մարդուն նրանք համեմատում են Աթաթուրքի հե՞տ, անվանում նրան ազգի հա՞յր”,- ասում է հարցազրույցում Էրը:

“Երկրի նավթային ռազմավարությունը մտահղացվել է Ալիևից դեռ շատ առաջ, նա երբեք չէր համարձակվի վռնդել ռուսական զորքերը և հրավիրել արևմտյան նավթային ընկերություններին: Դա արել են նրանից առաջ: Ի դեպ, առաջին բանը, որ փորձեց անել Ալիևը, նավթային պայմանագրերը սառեցնելն էր, որպեսզի դուր գա Ռուսաստանին, իսկ երբ դա չստացվեց, սկսեց իրականացնել դրանք, բայց շատ ավելի վատ պայմաններով: Փոխարենը նա և նրա ընտանիքը անշեղորեն հարստացան: Ահա նրա գովաբանված նավթային ռազմավարությունը”,- հեգնանքով ասել է Էրը:

“Հանձնելով շուրջղարաբաղյան տարածքները` Ալիևն ավելի լավ բան չգտավ, քան ռուսների առջև խոնարհվելը, առավել մարտունակ զորամասերը վերակազմակերպելը   և ոստիկանության թվաքանակը 9 հազարից մինչև 150 հազարի հասցնելը: Այդ ամենը արվել է ոչ Ղարաբաղն ազատագրելու համար, այլ որպեսզի այդ վարչակարգը կարողանար անպատիժ իշխել և հարստանալ ժողովրդի հաշվին: Իր ժողովրդին սիրող մարդն այդպես չի վարվում: Նման վարքագիծը թագավորի վարքագիծ է, որն արհամարհում է հասարակ ժողովրդին և իր գահն ամեն ինչից վեր դասում”,- ասել է Էրը:

Չի՞ զգուշանում արդյոք Էրը, որ Ադրբեջանի իշխանությունները  իրեն դատի կտան զրպարտության մեղադրանքով: Նախկին դիվանագետը ծիծաղեց և պատասխանեց. “ Ի սեր Աստծո, թող տան: Թուրքիան ժողովրդավարական երկիր է, այստեղ դատավորներն ու դատախազները կաշառք չեն տալիս, որ պաշտոն ստանան ու հետո բանտարկեն անմեղ մարդկանց ու իրենք էլ կաշառք հավաքեն: Մեր դատարանը միայն և միայն կհաստատի իմ ասածը, քանզի բոլոր փաստաթղթերը կան ինձ մոտ, և ես դրանք պարզապես կներկայացնեմ դատավորին: Ի՞նչ է, ձեր իշխանությունները կասեն, որ Բիշկեկի արձանագրություն չի՞ եղել, ՕՄՕՆ-ի գնդակահարությունը չի՞ եղել, որ Սուրեթ Հուսեյնովին Հեյդար Ալիևը չի նշանակե՞լ և մնացած ամեն ինչը նրա ձեռքի գործը չէ՞”:

Ի՞նչը ստիպեց Էրին գրիչ վերցնել և այդքան թշնամիներ վաստակել: Այդ հարցին նախկին դիվանագետը այսպես պատասխանեց. “Ես աշխատել եմ Ադրբեջանում 1993-ից մինչև 2001-ը: Շատ բան, որ գիտեմ ու տեսել եմ, չեմ գրել: Եթե այդ ամենը հրապարակվեր, ապա աղմուկը շատ ավելի մեծ կլիներ, և շատ մարդիկ ձեր երկրում ստիպված կլինեին հեռանալ: Ես երկար եմ մտածել, ու որքան վատանում էին գործերն Ադրբեջանում, այնքան ավելի էր մեծանում ցանկությունը բացահայտելու այդ ամենի պատճառները: Երբ տեսնում ու լսում էի, թե ինչպես են ձեր իշխանությունները պարծենում իրենց ձեռքբերումներով ժողովրդավարության ասպարեզում և միաժամանակ ժողովրդին խեղդում արյան մեջ, վատ էի զգում: Երբ լսում ես, որ 17-ամյա պատանին` Ադրբեջանի նախարարներից մեկի որդին, խոշոր հոլդինգի ղեկավար ու միլիարդատեր է, և ինչ-որ նախարար իր նշանակումից մի տարի անց խոշոր բիզնես կառույցի տեր է դառնում և թաքցնում դա, սարսափահար ես լինում: Սարսափը սաստկանում է նաև նրանից, որ այդ վարչախումբն ուզում է, որ այդպես լինի միշտ: Ինձ կարող են ասել, թե դա իմ գործը չէ: Այո, իմ գործը չէր լինի, թե չսիրեի Ադրբեջանը և նրա ժողովրդին, եթե ինձ համար մեկ լիներ կամ եթե ես էլ մասնակից լինեի նրանց կեղտոտ խաղերին: Սակայն, ի դժբախտություն ձեր իշխանությունների, ես սիրում եմ Ադրբեջանը և նրա հասարակ ժողովրդին, որը բնավ նման չէ ձեր կառավարությանը: Ես ուզում եմ, որ այդ ժողովուրդն այդքան վատ ու դժվար կյանք չունենա, որ ազատվի այդ անօրինականություններից: Իմ գիրքը հասցեագրված է այն երիտասարդ մարդկանց, ովքեր մտածում են ինձ պես: Հավատում եմ, որ ժողովուրդը երկար չի հանդուրժի այդ վարչակարգը: Բերելով իշխանությունների մեղադրանքները, ուզում են ընդգծել, որ այդ վարչախումբը պետք է հեռացնել օրինական ճանապարհով, բայց անպայման հեռացնել: Մեր ժողովուրդներին միավորում են ոչ նավթը և գազամուղները, ինչպես պնդում է ձեր կառավարությունը, դա առևտրականների գործն է: Մեզ միավորում են շատ ավելի կարևոր արժեքներ” ,- ամփոփել է Թուրգուր Էրը”:

ИА REGNUM

Դիտվել է 1281 անգամ:
Print Friendly

Leave a Reply