ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՉԷ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 18, 2010 11:56Բնապահպանության նախարարությունը մտորումների մեջ է` արժե արդյոք կիրառել «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքը «Գեգամետ պլյուս» ընկերության գործունեության համար, թե` չարժե: Միեւնույն ժամանակ ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովն արդեն երկու անգամ մերժել է «Գեգամետ պլյուս»-ի նախագիծը՝ հենց օրենքի հիման վրա:
Ինչպես նշված է հանձնաժողովի նախագահի տեղակալ Յուրի Ջավադյանի՝ «ԷկոԼուր»-ին ուղղված նամակում. ««Գեգամետ Պլյուս» ընկերությունը երկու անգամ հանձնաժողովին է դիմել Սեւանա լճի ավազանում գտնվող «Շորժայի հանքավայրի դունիտ-պերիդոտիտային հումքի մանրող-տեսակավորող արտադրության» նախագծի փորձաքննական եզրակացություն ստանալու նպատակով: Ներկայացված նախագիծը առաջին տարբերակում անվանվել է վերամշակվող գործարան, իսկ երկրորդ տարբերակում արտադրական ձեռնարկություն:
Հանձնաժողովը ղեկավարվելով «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով, նախագիծը երկու անգամ էլ չի ընդունել փորձաքննության, հղում կատարելով, որ համաձայն նշված օրենքի «գ» ենթակետի, Սեւանի ավազանում արգելվում է վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը»:
ՀՀ բնապահպանության նախարարությունը` ի դեմս բնապահպանական փորձաքննության, նույնպես հրաժարվել է դիտարկել նախագծի առաջին տարբերակը` «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի միեւնույն հոդվածի հիման վրա: Երկրորդ անգամ փորձաքննությունը նախագիծն ընդունել է դիտարկման:
Հիշեցնենք, որ դեռ 2008թ. նախագծի շնորհանդեսի ժամանակ ընկերության հիմնադիրները` «Յունիբանկ»-ի եւ «Յունիստրիմ Բանկ»-ի համասեփականատեր Գագիկ Զաքարյանը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր խաչիկ Մանուկյանը հայտարարեցին, որ Սեւանա լճի շրջանում կստեղծվի լեռնահարստացուցիչ կոմբինատ Շորժայի եւ Ջիլի հանքավայրերի շահագործման համար, որը տարեկան կարտադրի 20 միլիոն տոննա հրադիմացկուն նյութեր, 150 հազար տոննա հավելումներ` ցեմենտի ստացման համար, 50 հազար տոննա քրոմի կոնցենտրատ եւ 20 հազար տոննա ֆերոքրոմ:
Նշենք նաեւ, որ հիմնադիրների թվում են «Torront holfigs Limited» ընկերության (ընկերությունը գրանցված է Բրիտանական Վիրջինյան կղզիներում) սեփականատեր Մհեր Բագրատյանը եւ «Metta Group» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Գասպարյանը:







Facebook
Tweet This
Email This Post
