Համակարգչային նոր ծրագիր` Հայաստանի և Սփյուռքի դպրոցների համար

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | December 17, 2010 16:55

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել “LOGO MicroWorlds EX–ը Հայաստանի ու Սփյուռքի դպրոցների համար” ծրագրի շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվել են ծրագրավորման LOGO լեզվի հիման վրա ստեղծված հայալեզու առաջին համակարգչային ուսուցողական միջավայրը, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի հայկական դպրոցներում հայալեզու համակարգչային միջավայրի ներդրման եռամյա ծրագիրը: “Ներկայումս ամբողջ աշխարհն անցում է կատարում նոր ապրելակերպի, որը պահանջում է նոր աշխարհայացք և աշխարհընկալում: Դրանից են բխում արձանագրվող գիտատեխնիկական նվաճումները, որոնք հատկապես դրսևորվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Մեր երկիրը մեծ նշանակություն է տալիս էլեկտրոնային հաղորդակցման միջոցներին, և այս համատեքստում կրթության ոլորտն ամենամեծ պատասխանատությունն է կրում հաջորդ սերունդների` նոր տեխնոլոգիաների և միջոցների տիրապետման ուղղությամբ”,-ողջունելով շնորհանդեսի մասնակիցներին` նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը` այս համատեքստում կարևորելով դպրոցներում “Ինֆորմատիկա” առարկայի շրջանակում “Լոգո” ծրագրի ներդրումը:
Հանրակրթության ոլորտի ուսումնական գործընթացում “Լոգո” համակարգչային ուսումնական միջավայրի ներդրումն իրականացվում է ՀՀ կառավարության համապատասխան արձանագրային որոշմամբ, համաձայն որի` չորս ուսումնական տարվա ընթացքում նախատեսվում է ձեռք բերել “Լոգո” համակարգչային ուսումնական միջավայրը, տեղայնացնել այն, կատարել ինֆորմատիկայի առարկայական չափորոշիչների և ծրագրերի լրամշակում, ինչպես նաև մշակել համապատասխան ուսումնական նյութեր, փորձարկել դրանք, կատարել ուսուցիչների վերապատրաստում և սկսել ծրագրի զանգվածային ներդրումը ՀՀ դպրոցներում:
“Լոգո” ծրագրային փաթեթը ժամանակակից համակարգչային ունիվերսալ ուսուցողական միջավայր է, որն ունի գրաֆիկական, անիմացիոն և ծրագրավորման լայն հնարավորություններ: Փաթեթը հատուկ նպատակաուղղված է դպրոցահասակ երեխաներին ինֆորմատիկա առարկան դասավանդելու համար և շատ հարմար է օգտագործել այլ առարկաների (երկրաչափություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և այլն) դասավանդման ժամանակ: Փաստացի աշխարհում այն իր տեսակի մեջ ամենատարածված և ամենահաջողված ուսուցողական միջավայրն է: Աշակերտն այս միջավայրում կարող է գրել, նկարել, ստեղծել իր սցենարով գրված մուլտֆիլմ, հորինել երաժշտություն, խոսեցնել հերոսներին: “Լոգո” ծրագրային փաթեթի տեղայնացված տարբերակը Հայաստանի դպրոցականների համար կարող է ստեղծել բացառիկ հնարավորություն Սփյուռքի հայկական դպրոցների իրենց հասակակից աշակերտների հետ համատեղ, մայրենի լեզվով ստեղծելու ինտերակտիվ կրթական բովանդակություն:
ՀՀ կրթության ու գիտության նախարարության և “Քվանտ” վարժարանի ջանքերով ավարտվել է միջավայրի տեղայնացման աշխատանքների առաջին փուլը:

Դիտվել է 1297 անգամ:
Print Friendly

Leave a Reply