Ի՞նչ է աշխատանքային պայմանագիրը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | December 19, 2010 7:00

Հավանաբար չկա մի մարդ, որ իր կյանքի ընթացքում գեթ մեկ անգամ չառնչվի աշխատանքային պայմանագրի: Դա, բնականաբար, պայմանավորված է նրանով, որ յուրաքանչյուր ոք ցանկանում է աշխատանքի միջոցով ապահովել ոչ միայն իր, այլև իր ընտանիքի անդամների կենսական նշանակություն ունեցող պահանջմունքները:

Աշխատողի և գործատուի միջև ծագող հարաբերությունները կարգավորվում են աշխատանքային պայմանագրով: Կյանքում լինում են դեպքեր, երբ գործատուի և աշխատողի միջև հարաբերությունները բնականոն հունով չեն ընթանում, և նրանց միջև վեճ է ծագում: Եթե կողմերից մեկն այդ վեճի լուծման համար դիմում է դատարան, ապա առաջին հերթին  պահանջվում է նրանց միջև կնքված պայմանագիրը: Մինչդեռ քիչ չեն դեպքերը, երբ աշխատանքի ընդունվելիս աշխատողն ընդհանրապես չի ընթերցում աշխատանքային պայմանագիրը, դրա բովանդակությանը ծանոթանում է դատարանում, և հնարավոր է, որ կարծիք հայտնի, թե այս կամ այն դրույթը լավ չի ընթերցել կամ պայմանագիրը կնքելիս այն անհասկանալի է եղել: Որպեսզի ապագա աշխատողը խուսափի նման դեպքերից, հարկ է որի նախքան պայմանագիրը ստորագրելը ընթերցի այն  ամբողջությամբ և լիովին հասկանա բովանդակությունը:

Աշխատանքային պայմանագիր կնքելիս հարկ է առանձնակի ուշադրություն դարձնել աշխատողի և գործատուի իրավունքներին և պարտականություններին, տարակուսանք առաջանալու դեպքում ուսումնասիրել, թե որքանով է այն օրինաչափ և բխում օրենքից:

Աշխատողի և գործատուի միջև առաջացող հարաբերությունները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով: Դրանով է սահմանված նաև այն հարցերի շրջանակը, որոնք պետք է նշվեն աշխատանքային պայմանագրում: Ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 83-րդ հոդվածի` «աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի` աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք` պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել ՀՀ օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմանները»:

Աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում նշվում են`

1) անհատական իրավական ակտն ընդունելու տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը,

2) աշխատողի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը,

3) կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձ գործատուի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը,

4) կառուցվածքային ստորաբաժանումը (դրա առկայության դեպքում),

5) աշխատանքը սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը,

6) պաշտոնի անվանումը և (կամ) աշխատանքային գործառույթները,

7) աշխատավարձի չափը և (կամ) այն որոշելու ձևը,

8) աշխատողներին սահմանված կարգով տրվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և այլն,

9) աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը (անհրաժեշտության դեպքում),

10) կողմերի համաձայնությամբ` փորձաշրջանի տևողությունը,

11) աշխատաժամանակը` ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատանքային ռեժիմ սահմանելու դեպքում,

12) իրավական ակտի ընդունման հիմքը (անձի դիմումը, աշխատողին մեկ այլ գործատուի մոտ տեղափոխելու վերաբերյալ համաձայնությունը, գրավոր աշխատանքային պայմանագիրը և այլն)` առկայության դեպքում,

13) իրավական ակտը ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը:

Տվյալ հոդվածի 1-ին մասի 2-11-րդ կետերը, ինչպես նաև աշխատանքային պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը նշվում են գրավոր աշխատանքային պայմանագրում:

Կողմերի համաձայնությամբ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում և գրավոր աշխատանքային պայմանագրում կարող են ներառվել նաև այլ պայմաններ:

Հենց վերոհիշյալ պայմանները լավագույնս պահպանելու դեպքում կարելի է կազմել լավագույն աշխատանքային պայմանագրի օրինակ, իսկ ավելի կարևոր է դրանում ամրագրված դրույթները մանրազնին ուսումնասիրելն ու կատարելը:

Ավետիք Հարությունյան

Դիտվել է 4097 անգամ:
Print Friendly

Leave a Reply