Մի հողը երկու տեր չի ունենա…
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | ankakh | December 20, 2010 5:00
Տերություն կանի նա, ով այդ հողում խոր արմատներ ունի: Իսկ, ինչպես հայտնի է, անարմատ ծառը թեթև քամուց էլ շուռ է գալիս: Աշխարհիս բանն է:
Արցախ աշխարհը պատմական Հայաստանի 15 նահանգներից 10-րդն է՝ իր հայկական դարավոր ոտնահետքերով: Ամեն մի բուռ հողի վրա գրված է, որ դա հայկական հող է, բայց կարդացող չի եղել, որովհետև տասնամյակներ շարունակ մեր հարևանները ոչ միայն թալանում, քամում էին արցախցուն, այլև ավերում, թաքցնում էին հայկականության հետքերը՝իրենց այդ երկրի տերը կարծելով: Պարզ մի օրինակ. եթե խորհրդային տարիներին Մարտակերտի շրջանում 290 պատմամշակութային կոթող էր հաշվառված,ապա այսօր այդ թիվն անցնում է 1300-ից:
Արցախն անգնահատելի դեր ունի մեր պատմության, մշակույթի զարգացման գործում, որի հուշարձանների թագն ու պսակն է համարվում անզուգական Գանձասարը: Հրաշք վանքն այս տարի նշում է իր գոյության 770 տարին, և այդ առիթով Արցախում հայտարարվել է Գանձասարի տարի: Այս կոթողի շքեղությունն ու վեհությունն արտահայտում է Արցախի ժողովրդի անսասան կամքն ու հպարտությունը, ազատ ու անկախ ապրելու ձգտումը:
Գանձասարը գտնվում է շրջկենտրոն Մարտակերտից 50 կմ հյուսիս-արևմուտք` Վանք գյուղի մոտակա բլրին: Վանքի անվանումն էլ առաջացել է բլրից, որի ընդերքում թանկարժեք քարեր կան: Ինչպես վանքը, այնպես էլ գյուղը հայ ժողովրդի պատմության մեջ անգնահատելի դեր են խաղացել: Այստեղ բնակավայր է եղել անհիշելի ժամանակներից, բայց այն առավել նշանավոր է դարձել, վերելք ապրել վանքի կառուցումից հետո: Հարկ է հիշել, որ վանքը կառուցվել է 1216-1238 թթ., սակայն գործել է1240-ից: Երկար ժամանակ եղել է պատմական Հայաստանի ոչ միայն կրոնական, այլև մշակութային, տնտեսական, ռազմապաշտպանական խոշորագույն կենտրոն: Այստեղ է, որ 1701 թ. հայ մելիքները նամակ են գրել Պետրոս Առաջինին և խնդրել օգնել Ղարաբաղը արևելքի բարբարոսներից ազատագրելու գործում: Այստեղ է ծագել նաև Ռուսաստանին միանալու գաղափարը: Այս հավատարմությամբ 1813 թ. Արցախ աշխարհն անցավ Ռուսաստանի ենթակայության տակ, իսկ երկու տարի անցն ռուսաց թագավորի հրամանով, Արցախ աշխարհի հոգևոր կենտրոնն ու աթոռանիստը Գանձասարից Շուշի տեղափոխվեց:
Արցախյան պատերազմի տարիներն անխռով չանցան Գանձասարի համար: Թեև թշնամու ձեռքը Գանձասարին չհասավ՝ ճաշակեց պատերազմի դառը պտուղները: Թշնամին այն հողին հավասարեցնելու ջանք ու եռանդ չխնայեց, բայց ամեն անգամ քիթը քարին քսվեց: Գոյամարտի առաջին իսկ օրից Գանձասարը հրոսակների «սև ցուցակում» հայտնվեց: Այն առաջին հերթին որպես զինանոց էին պատկերացնում, հետո` գանձարան (Գանձասարը ուղղակի իմաստով էին հասկանում): Այդ ախորժակով ու ակնկալիքով նրանց առաջին այցը շատ չուշացավ՝1991 թ. հուլիսին: Զենք և գանձ չգտնելով` նրանք հեռացան՝ իրենց հետ գյուղից մի քանի պատանդ տանելով: Դրան հետևեց հոկտեմբերի 28-ի ռմբակոծումը: Այդ օրը «ՆՈՒՐՍ» տիպի մի քանի հրթիռ թափեցին: Երկուսն ընկան զանգակատան տանիքին, մի քանիսն էլ միաբանության շենքին դիպան, որն ամբողջությամբ այրվեց: Հարևան միաբանական խուցերը նույնպես այրվեցին: Ռմբակոծությունից զոհվեց մեկ, վիրավորվեց երկու մարդ, իսկ արդեն 1992 թ. հունվարի 20-ին ռմբակոծեցին գյուղում տեղակայված շտաբը: Զոհեր ու վիրավորներ եղան:
Ասում են` արցախյան գոյամարտում ամենաահեղ կռիվները Մարտակերտում, հատկապես Վաղուհասում են եղել: Արցախի բախտը նաև այստեղ է վճռվել: 1992 թ. օգոստոսին Արցախը օրհասական վիճակում էր: Պատերազմն ասես նոր փուլ տեղափոխվեց: Ընկել էր Շահումյանը, որի խուճապը նաև Մարտակերտ հասավ: Գանձասարի փրկությունն էլ ասես մազից էր կախված, քանի որ թշնամին արդեն Վաղուհասում էր: Զգոնության, սթափության պահն ասես հասունացել էր: Վազգեն Սարգսյանի կոչով «Մահապարտների» 500-անոց զորագունդ հավաքվեց, որից միայն 360-ն ընտրվեց: Տղաները գիտեին, որ հրեղեն կռիվ է լինելու, կռիվ, որ կարող էր տևել մինչև հաղթանակ, ու շատերի համար վերջինն էր լինելու: Շատերն էին գիտակցում, որ հերոսական է այն մահը, որը պսակվում է հաղթանակով: Խաչելության հազար ու մի գիշեր անցկացրին Գանձասարը պահող զինվորները: 1992 թ. սեպտեմբերի 11-ի լուսաբացին Գանձասար-Վաղուհաս հատվածում զոհվեց նաև Սամվել Շահմուրադյանը՝ չհասցնելով թղթին հանձնել իր վերջին նոթերը: Մարտական ընկերները վրեժխնդրությամբ լցվեցին, ու այնպես արեցին, որ թշնամու ոտքը ոչ միայն Գանձասար, այլև Խաչենի հովտի գյուղեր չմտավ, բայց թշնամին, գերելով Թարթառ (Տրտու) գետի հովտի տասնյակ գյուղեր, գրեթե մեկ տարի ավերեց, թալանեց, կողոպտեց…
Այո, մարդու համար ամենամեծ բեռը, որն իր հետ միշտ տանում է, զղջումի և դրանից ծնված ցավի զգացումն է: Փառք Աստծո, որ թեկուզ մեկ տարի անց, այնուամենայնիվ, կարողացանք ազատագրել Մարտակերտի գրավյալ գյուղերը՝ Հաթերքը, Դրմբոնը, Չլդրանը, Կիչանը, Կճղոտը, իսկ 1993 թ. հունիսի 27-ին` Մարտակերտ քաղաքը:
Այո, թեև Մարտակերտի մարմինը բզկտվեց, վերքերով պատվեց, մի հատվածն էլ գերի մնաց, բայց սիրտը՝ Գանձասարը, անխոցելի մնաց:
Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
