ԱԺ ընդդիմությունն ընդվզում է կառավարության գործելաոճի դեմ

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | December 16, 2010 10:03

Տարեվերջին սովորաբար ընդունված է ավարտել կիսատ մնացած գործերը և նախանշել առաջիկա անելիքները: Այս առումով կառավարությանը հաջողվեց նախորդ շաբաթ խորհրդարանի հավանությանն արժանացնել հաջորդ տարվա պետական բյուջեն և անմիջապես հանդես գալ դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությամբ` իր համար անհետաձգելի համարվող հարցերից բաղկացած օրակարգով: Ընդ որում, խորհրդարանին առաջարկվեց օրակարգում ընդգրկված մի շարք օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ առաջարկությունների ներկայացման համար նախատեսել երեք ժամ, իսկ նախագծերը հերթական ընթերցմամբ քննարկել դրանց ընդունումից հինգ ժամ հետո:

Նստաշրջանի առաջին օրը «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը հարցերից մեկի քննարկման ժամանակ նկատեց, որ օրակարգային 35 հարցերից 22-ը ներկայացված են առաջին ընթերցման ընթացակարգով, և շատ դժվար կլինի կարճ ժամանակահատվածում դրանք մանրակրկիտ ուսումնասիրել: Նա հորդորեց կառավարությանը խորհրդարանին վերաբերվել ավելի հարգալից` որպես լիարժեք գործընկերոջ, ու չհամարել, որ ԱԺ-ն, միևնույն է, հավանություն կտա դրանց: Այս դիտողությունը մնաց անպատասխան:

Հաջորդ օրն ընդվզեց ՀՅԴ-ն: «Առաջին դեպքը չէ, որ տարեվերջին կառավարությունը նախաձեռնում է արտահերթ նստաշրջան հրավիրել` բավականին մեծ օրակարգով, այսինքն` այն, ինչ պետք է տարվա ընթացքում անեին, փորձում է հիմա «սղղացնել»: Մենք այս ոճը չենք ընդունում, ընդ որում, այնտեղ կարող են լինել նաև օրենքներ, որոնց մենք «կողմ» կքվեարկեինք, եթե քննարկմանը մասնակցեինք, ինչը չենք անելու»,- նիստի սկզբում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: «Չենք անելու հետևյալ պատճառով. առաջին, երկրորդ, երրորդ ընթերցումների արանքում տրված է այնքան կարճ ժամանակ, որ պարզ է դառնում` պատգամավորը ո՛չ կհասցնի ծանոթանալ օրենքին, ո՛չ կհասցնի առաջարկություններ անել, առավել ևս` կառավարությունը չի հասցնի այդ առաջարկությունները քննարկել և պատասխան տալ»,- պարզաբանեց պատգամավորը` հավելելով, որ ի սկզբանե ստեղծված է մի վիճակ, որ պատգամավորների առաջարկությունները չեն ընդունվելու: «Այս առումով ես կոչ կանեմ մնացածներին էլ այս վերաբերմունքը դրսևորել, որովհետև սա Ազգային ժողովը չհարգելու, ուղղակի մեր իրավունքները ոտնահարելու, երկրի կառավարման գործընթացում մեր մասնակցելը սահմանափակելու ձև է»,-հայտարարեց Վ.Հովհաննիսյանը: Նա հայտարարեց նաև, որ իրենք չեն մասնակցելու ո՛չ քննարկմանը, ո՛չ քվեարկությանը:

Այս հայտարարությանն արձագանքեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` նշելով, որ համամիտ է հնչած մտահոգությանը: «Ես` որպես խորհրդարանի նախագահ, թույլ չեմ տա որևէ մի ինստիտուտի ոտնձգություն ցուցաբերել խորհրդարանի նկատմամբ»,- վստահեցրեց նա:

Դեկտեմբերի 14-ի առաջին նիստում խորհրդարանին հաջողվեց ընդունել նախօրեին քննարկված հինգ օրենսդրական նախաձեռնություններից միայն երեքը, քանի որ ընդդիմադիր մյուս` «Ժառանգություն» խմբակցությունն օգտվեց ԱԺ կանոնակարգ-օրենքով տրված իրավունքից և յուրաքանչյուր քվեարկությունից առաջ վերցրեց 20-րոպեանոց ընդմիջումներ: Ինչպես հայտարարեց խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, «Ժառանգությունը» նիստը բոյկոտելու որոշում չունի, սակայն իրենք նույնպես  համաձայն են ՀՅԴ-ի «մտահոգություններին և առարկություններին ոչ միայն այս նիստի օրակարգի ու ծանրաբեռնվածության առումով», այլև անընդունելի են համարում օրակարգում ընդգրկված «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների, «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի, կենսաթոշակային բարեփոխումների, աղբահանության մասին նախագծերի փաթեթները, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքում լրացման նախագիծը: Նա հորդորեց ԱԺ ղեկավարությանն ընդմիջման ընթացքում բանակցություններ վարել կառավարության հետ և օրակարգից հանել այս հարցերը: Ըստ նրա` «անընդունելի է այս ոճը, որովհետև կառավարության ասելիքը հետևյալն է. ուզում եք քննարկել` նստեք մինչև դեկտեմբերի 31-ը` ժամը 24.00-ը, չեք ուզում քննարկել, ուզում եք շուտ գնալ տները, ուրեմն առանց քննարկման ընդունեք օրենքները»:

«Ժառանգության» գործելաոճն առաջացրեց քաղաքական մեծամասնության, հատկապես ՀՀԿ-ի ակնհայտ դժգոհությունը: «Ես կարծում եմ, որ կարճատև քննարկումը ցույց տվեց, որ ոչ թե խնդիրը վերաբերում է կոնկրետ արտահերթի օրակարգին, այլ պարզապես քաղաքական կամակորության հետևանք է. որևէ օրենք չկա, որ ամիսներ շարունակ քննարկված չլինի և մեծ փոփոխություններ արված չլինեն»,-ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

«Ակնհայտ է, որ մեր գործընկերները որդեգրել են մեր աշխատանքները տապալելու ռազմավարություն` օգտագործելով կանոնակարգի տված հնարավորությունը»,- իր հերթին հայտարարեց ԱԺ փոխնախագահ, հանրապետական Սամվել Նիկոյանը: Այլ հանրապետականներ ևս քննադատեցին փոքրամասնությանը` վերջինին, մասնավորապես, մեղադրելով «քաղաքական բլեֆի», «քաղաքական դեմարշի տրյուկի», «աչքակապությամբ զբաղվելու» համար:

Այս ելույթներին հակադարձեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը. «Ես գոնե, որպես առանձին պատգամավոր, և մեր խմբակցությունը փորձել ենք հեռու մնալ նման բառապաշարից, անգամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հիմնարար քվեարկության և նման առանցքային հարցերում նման քարոզներ, նման դատավորի կեցվածք հարիր չէ ոչ մեզ, ոչ ձեզ»: Նա նշեց նաև, որ խորհրդարանը քաղաքական մարմին է, և փոքրամասնությունն ունի իր իրավունքները:

Հաջորդ օրը` դեկտեմբերի 15-ին, դարձյալ անդրադարձ եղավ նախօրեին հնչած մտահոգություններին: Մասնավորապես, Վ. Հովհաննիսյանը հայտարարեց, որ դրանք հաստատվում են.

«Գնումների մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ կառավարությանն ուղարկված ՀՅԴ բոլոր առաջարկները մերժվել են: «Այդպես էլ պետք էր ակնկալել. մի քանի ժամում կառավարությունը չէր կարող դա լուրջ քննարկել»,- ասաց նա: Միաժամանակ նա շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին` արտահերթ նստաշրջանի օրակարգում առկա խնդրահարույց նախագծերի վերաբերյալ մտահոգությունները հասկանալու նպատակով բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներին նախօրեին իր մոտ հրավիրելու  համար:

ԱԺ նախագահը մեկ անգամ ևս վերահաստատեց, որ դեմ է «որևէ մի օրենքի նախագիծ կոծկելուն»: «Ես համաձայն եմ, որ եթե

իմ գործընկերները, պատգամավորները մտահոգություններ ունեն, ես կազմակերպչական բոլոր գործառույթները կիրականացնեմ, կհրավիրենք կառավարության յուրաքանչյուր անդամի, ով տվյալ հարցի պատասխանատուն է, որպեսզի բոլոր մտահոգություններին պատասխան տա»,- վստահեցրեց Հ. Աբրահամյանը:

Գայանե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է 1576 անգամ:
Print Friendly

Leave a Reply