Սարգիս Հովսեփյան. պոլսահայ բժշկի ոդիսականը
ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | ankakh | December 18, 2010 13:00
«Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»
2010 թ. նոյեմբերի 11-ին Շամշադինի Բերդ քաղաքում, հիվանդանոցի առջև, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի նախագահությամբ, Արսեն արք. Բերբերյանի օրհնությամբ, դուստրերի ու թոռների, շամշադինցիների, իջևանցիների երախտագետ բազմության ներկայությամբ հանդիսավոր բացվեց այս մարզի ժողովրդին իր կյանքի ավելի քան 62 տարիները նվիրաբերած, Մեծ եղեռնի ողբերգությունը վերապրած Սարգիս Հովսեփյանի հուշաքարը։ Մինչ այդ հիվանդանոցին հարող նախկին Ուտիքի փողոցը վերանվանվել էր «Բժիշկ Հովսեփյան»։ Բժշկին ճանաչած, նրա հետ աշխատած ու նրա գործով, պատգամներով կրթված մարդիկ, նրա մասին պայծառ հուշեր պահպանած տավուշցիներն իրենց սրտի խոսքն էին ասում` չկարողանալով զսպել հուզմունքը:
Մինչ այսպիսի անուն ու համբավ վաստակելը բժիշկն անցել էր տառապանքների ճանապարհով` իր կյանքի իմաստը գտնելով հայրենի բնության այս հեռավոր անկյունում մարդկանց օգնելու, փրկելու, նրանց խաղաղություն, բարեկեցություն նվիրաբերելու մեջ։
Սարգիս Հովսեփյանը ծնվել է 1888 թ. Պոլսի Օրթագյուղ թաղում, պատմական Սեբաստիայից Պոլիս գաղթած մեծ և հարուստ գերդաստանում։ Պապը` Սարգիս Հովսեփյանը (Ուսուպենց), եղել է Կեյվեի շրջանի դատավորը, հայերին վստահվող բացառիկ պաշտոն, որ նշանակում է` հիանալի կրթություն է ունեցել ու բարի համբավ վայելել։ Հայրը` Գալուստը, այդ շրջանի մետաքսագործության, շերամապահության հիմնադիրներից էր, ասել է թե` օսմանյան ֆեոդալական կայսրությունում նոր զարգացող արդյունաբերության առաջնեկներից։
Կրթությունը ստացել է Պոլսի հանրահայտ Կեդրոնական վարժարանում։ Լինելով քաղաքի այդ տարվա երկու գերազանցիկ շրջանավարտներից մեկը` ավարտական վկայականը ստացել է Պոլսի քաղաքապետի ձեռքից, մի տրցակ գրքերի հետ միասին։ Ավարտել է Պոլսի կայսերական բարձրագույն բժշկական զինվորական հաստատությունը։ Անձնական մտերմություն է ունեցել և վայելել Կոմիտաս վարդապետի բարեկամությունը։ Դեռևս 1911 թ. Պոլսի իր հայ ուսանող-դասընկերների հետ մասնակցում է կոմիտասյան 190-հոգիանոց երգչախմբի համերգներին, ապա օգնում «Գուսանի» համերգների կազմակերպմանը։
Կրթությունը շարունակել Լեյպցիգում, Ժնևում, կատարելագործվել ժամանակի բժշկական հայտնի կենտրոններում։ Տիրապետել է եվրոպական ու արևելյան 8 լեզուների, այդ թվում` արաբերենին ու օսմաներենին, նաև ուդ է նվագել։ Առաջին համաշխարհայինի նախօրեին աշխատանքի է նշանակվել որպես Տրապիզոնի նահանգի քաղաքապետարանի բժիշկ, ապա ծառայել օսմանյան բանակում որպես զինվորական բարձրաստիճան բժիշկ, փրկել հարյուրավոր զինվորների կյանք։ Թուրքական բանակի բժիշկների մեծ մասը հայեր են եղել։ Մի թուրք զինվոր, որն իր կյանքով երիտասարդ բժշկին էր պարտական, գիշերը զգուշացնում է հաջորդ օրը հայ բժիշկներին սպանելու գաղտնի հրամանի մասին։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական բանակում հայ բժիշկների, հայ ծառայողների, ընդհանրապես հայ տղամարդկանց զինաթափումն ու զանգվածային սպանդը 1915 թ. եղեռնի դիվային ծրագրի նախապատրաստական մասն էր:
Փետրվարյան ցրտաշունչ գիշերով իր անբաժան ընկերոջ, հետագայում նշանավոր փարիզաբնակ բժիշկ Արշակ Պողոսյանի հետ անցնում է գետը և գերի հանձնվում ռուսական բանակին։ Փախստական հայ բժիշկների գլուխները թուրքերը գնահատում են 50 հազար ոսկի, ազդագրերը տարածում ամենուր։ Դա Մեծ եղեռնի սկիզբն էր, որին հետագայում զոհ է գնում բժշկի ողջ գերդաստանը։ Փախստական, որբացած երիտասարդ բժիշկները նախ հայտնվում են թիֆլիսյան բանտում, աշխատում Նաֆթլուղի զինվորական լազարեթում։ Ապա Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Դ-ի միջնորդությամբ ազատվում են և 6 ամսով բերվում Էջմիածին, որն այդ շրջանում եղեռնից մազապուրծ փախստականների հիմնական հավաքատեղի էր։ Ավելի քան 75 հազար գաղթականներ այստեղ հնձվում էին սովից ու համաճարակներից։ Շատերն իրենց փրկությամբ պարտական եղան այս երկու պոլսահայ երիտասարդներին, որոնք կյանքի գնով պայքարում էին տարբեր համաճարակների դեմ։ Իսկ Օրթագյուղում այդ ժամանակ մորթվում էր նրանց ողջ գերդաստանը։ Նրանց թալանում, ապա սպանում են իրենց տոհմական եկեղեցու պատերի տակ։
Սարգիսը 1916 թ. նշանակվում է Էրզրումի քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ` օսմանյան զինվորական բժշկի ուսադիրները փոխարինելով ռուսական բարձրաստիճան զինվորականի ուսադիրներով։ 1920 թ. անցնում է Դիլիջան, Իջևան` աշխատելով որպես գլխավոր բժիշկ, գլխավոր համաճարակաբան, առողջապահության բաժնի վարիչ, տեսուչ։
Քաղաքակրթությունից հեռու այս վայրերում ճահիճները տարբեր հիվանդությունների, համաճարակների գլխավոր պատճառն էին։ Մալարիա, քութեշ, խոլերա, կարմրուկ, բծավոր տիֆ, «իսպանական» գրիպ ու այլ հիվանդություններ… Սարգիս Հովսեփյանն իր բժշկի ամենօրյա պարտականությանը զուգահեռ սկսում է այս տարածաշրջանի ճահիճների չորացման գործը։ Տասնյակ տարիների տքնաջան աշխատանք էր դա։ Նույնիսկ գյուղեր է տեղափոխում (գ. Թաթլու)` անվտանգ ապագա կանխորոշելով Պառավաքարի նոր բնակիչների համար։ Հիմնում է ջրագծեր, ջրմուղներ, կոյուղագծեր, հիվանդանոցներ, ծննդատներ, որբանոցներ, գյուղական բուժկետեր, բաղնիքներ, սկսվում է բուժքույրերի ուսուցման գործը, միջին բուժաշխատողների վերապատրաստման դասընթացներ անցկացնում, որոնց հետ միասին շարունակում է պայքարել համաճարակների դեմ։ Բերդցիները նրան են պարտական սարերից բերված սառնորակ ջրի ու աղբյուրների համար։ Բժշկի կարծիքը միշտ հաշվի է առնվել Տավուշի մարզի յուրաքանչյուր քիչ թե շատ կարևոր ծրագրի իրականացման գործում։ Այս առաջադեմ մարդուն հարգել են, նրա հետ հաշվի նստել։
Նրա մասին հիշում են որպես մի լուսավորյալ առաքյալի, որը շրջանում շատ ու շատ նորամուծությունների հեղինակ է եղել։ Պոլսահայ երևելի խավին հատուկ բարձր կրթություն ստացած ու խիստ կենցաղով աչքի ընկնող այս ընտանիքը ոչ թե ճնշել, այլ օրինակելի է եղել բոլորի համար։ Բժշկի կինը, որ ժամանակին գթության քույր է եղել, եղեռնի ժամանակ ծնողներին կորցրել ու Պոլսի ֆրանսիացի մայրապետների դպրոցում կրթություն ստացել, միշտ նեցուկ է եղել ամուսնուն։ Բժշկի զավակները, թոռները կյանքով են լցրել են Բերդի նրա տունը։ Սակայն ճակատագիրը մի ծանրագույն հարված էլ էր պահել իր ողջը կյանքը մարդկանց բարությամբ ծառայած բժշկի համար։ 1942 թ. զոհվում է նրա սիրասուն Էդվարդ որդին։ 14 տարեկանում պոլիտեխնիկի աերոդինամիկայի ֆակուլտետն ընդունված ու 18 տարեկանում այն գերազանց ավարտած 20-ամյա տաղանդավոր երիտասարդն իրավունք ուներ մնալու թիկունքում, մանավանդ որ հայրը` Սարգիս Հովսեփյանն այդ շրջանում ղեկավարում էր զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովը։ Նա մեկնում է ռազմաճակատ, քանզի բժշկի ծագումը և կրթությունը չէին կարող թույլ տալ սեփական զավակին գերադասել որևէ այլ երիտասարդից։
Ժամանակակիցները բժշկին հիշում են որպես մի ազնիվ բարերարի, որի հյուրընկալ օջախը շատերին է օգնել, եղել յուրատեսակ հավաքատեղի շրջան եկած կարևոր հյուրերի համար։ Մեծ աջակցություն է ցույց տվել շատ շատերին, այդ թվում նաև Ռոմանոս Մելիքյանին և Արամ Քոչարյանին, նրանց հետ շրջել գյուղերում` օգնելով ծիսական, ազգագրական նյութերի հարուստ ավարով վերադառնալու Երևան։ Ամեն կերպ աջակցել է հյուրախաղերի եկած խմբերին։
Նրա ծայրաստիճան վստահելի, բարոյական, ազնիվ կերպարը նպաստել է, որ նրա ձեռնարկած գործերը հաջողությամբ իրականացվեն։ 1919 թ. Իջևանի իր բնակարանում 4 օր թաքցրել է Ստեփան Շահումյանին, ապա իր մեքենայով փախցրել Թիֆլիս։ Բուժել է իր երկրպագած Անդրանիկ զորավարին և ի հիշատակ ստացել մի մատանի։ Բժշկին է վստահվել արտասահմանից եկած օգնությունը շրջան հասցնելու լիազորությունը։
1920-ից հաստատվում է Շամշադինում։ 1928 թ. հայ բժշկության մյուս երախտավորների՝ Ք. Փիրումյանի, Հ. Միրզա-Ավագյանի, Լ. Հովհաննիսյանի, Հ. Քեչեկի, Ս. Անանյանի և ուրիշների հետ վերապատրաստման ու կատարելագործման մի շարք դասընթացներ է անցել Լենինգրադում։ Հետագա տարիներին մասնակցել է բազմաթիվ միութենական գիտաժողովների, ղեկավարել բազմաթիվ գիտական թեզեր, կրթել բժիշկների մի քանի սերունդներ։ Իր ամբողջ կյանքում օգնել է կարոտյալներին, տարիներ շարունակ պահել, գաղտնապես օգնել, կրթության տվել բազմաթիվ երիտասարդների ու մի քանի որբերի։ Շատ շատերի վկայությամբ` նա միշտ իր դեղատոմսերի տակ դեղի դրամն է թողել։
Հեռու լինելով քաղաքականությունից, կուսակցական կյանքից` ժամանակ առ ժամանակ ենթարկվել է քաղաքական հետապնդումների։ Կրկին իր երախտապարտ հիվանդների զգուշացումների շնորհիվ մի քանի անգամ խուսափել է բանտարկությունից ու սիբիրյան աքսորից։ Շատ ազնիվ ու հայտնի մարդկանց նման 1937 թ. ստալինյան դաժան տարիների զոհերից մեկը կարող էր դառնալ, եթե ձերբակալությունից մի քանի ժամ առաջ չզգուշացվեր Պետանվտանգության վարչության մի աշխատակցի կողմից, կամ եթե նրա անունը քանիցս խորհրդավոր կերպով չհանվեր ձերբակալվողների ու աքսորվողների ցուցակներից, եթե քանիցս նրան չթաքցնեին…
Բժիշկն ու հասարակական գործիչը աշխույժ մասնակցություն է ունենում տարածարջանի առողջապահական գործի կազմակերպման աշխատանքներում։ 13 անգամ շրջսովետի դեպուտատ է ընտրվել, 25 տարի անընդմեջ եղել շրջսովետի գործկոմի անդամ։ Այս կերպ նրա մտահղացումներն ավելի արագ էին իրագործվում։ Հայաստանում եղել է ամենաերկարակյաց աշխատանքային գործունեություն ունեցած (62 տարի), «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանով պարգևատրված, ՍՍՀՄ առողջապահության գերազանցիկի, վաստակավոր բժշկի ու պատվավոր բազմաթիվ այլ կոչումների ու պարգևների արժանացած մասնագետ, առաջին հայ բժիշկը, որը 1954 թ. արժանացել է Լենինի շքանշանի։ Պետական այս բոլոր պարգևներից առավել նրա լավագույն վարձատրությունը եղել է իր ժողովրդի սերն ու գնահատանքը, նրա մասին մինչ օրս պահպանված ու դեռ երկար տարիներ հիշվող բարի համբավն ու խոնարհանքը։
Սարգիս Հովսեփյանի անունը գտնում ենք պոլսահայ գիտնական Արսեն Յարմանի «Հայերի դերը Օսմանյան առողջապահության մեջ» (Ստամբուլ, 2001) թուրքերեն կոթողային ուսումնասիրության մեջ։ Բժշկի ծննդյան 115-ամյակի առթիվ հոդվածներ լույս տեսան ոչ միայն հայաստանյան մամուլում, այլև պոլսահայ «Մարմարա» օրաթերթում և ս. Փրկիչ Հայ ազգային հիվանդանոցի ամսագրում։
Բժշկի հուշաքարի բացման արարողությունը ժողովրդի անանց երախտագիտության ևս մի ապացույց էր։ Տավուշի մարզի առողջապահության նահապետ Սարգիս Հովսեփյանի հուշաքարի վրա փորագրված է. «Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»:






Facebook
Tweet This
Email This Post
