Գլաուկոմա
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | ankakh | December 18, 2010 9:00
Գլաուկոման աչքերի հիվանդություն է, որի հիմնական ախտանիշը ներակնային բարձր ճնշումն է: Տարբեր գործոնների ազդեցությամբ, հաճախ անոթային ու նյարդային պատճառներով պայմանավորված, աչքի մեջ հեղուկի շրջանառությունը խախտվում է, և դրա արտահոսքը դժվարանում, ինչն էլ հանգեցնում է հեղուկի կուտակման, հետևաբար՝ ներակնային ճնշման: Սկզբում մարդը պարզապես վատ է տեսնում, ապա նեղանում է տեսադաշտը, ի վերջո, լրիվ կուրություն է առաջանում:
Տարբերում են հիվանդության սուր ու քրոնիկական տեսակներ: Սուրի դեպքում հիվանդները բողոքում են աչքի խնձորակի շրջանի ցավից, գլխացավից ու գլխապտույտից: Երբեմն նոպան ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումով, ընդհանուր թուլությամբ և ուժերի անկումով: Աչքը գրեթե ոչինչ չի զգում ու ոչինչ չի տեսնում: Սուր նոպայի ժամանակ անհապաղ բուժօգնություն է պետք, քանի որ կուրանալու իրական վտանգ կա: Մինչ բժշկի գալը խմեք ցավազրկող ու միզամուղ դեղամիջոցներ:
Հիվանդության քրոնիկական ընթացքի ժամանակ բոլոր ախտանշաններն ավելի թույլ արտահայտություն ունեն: Հիվանդության նախանշաններից են լույսի աղբյուրներին նայելիս ծիածանային շրջանակները, դիտվող աղբյուրի ուրվագծերի բացակայությունը, առավոտյան գլխում ծանրության զգացումը, հաճախակի ու անսպասելի արցունքոտությունը, ցավն աչքերում ու գլխի համապատասխան հատվածում, քունքերում, որն անցնում է 5-10 րոպեից, պարբերաբար աչքերի առջև մշուշոտությունը: Հիվանդներին խորհուրդ չի տրվում դնել մուգ գույնի ակնոց, չի կարելի ընդունել ատրոպին կամ բելադոննա պարունակող դեղորայք, քանի որ դրանք կարող են բարձրացնել ներակնային ճնշումը: Որոշ բժիշկներ կարծում են, որ սննդային ալերգիաները նույնպես կարող են գլաուկոմայի պատճառ լինել: Եվ հնարավոր է, որ ալերգիաներից ազատվելով` գլաուկոմայից նույնպես ազատվեք:
Հիվանդները ստիպված են շատ սահմանափակումներ մտցնել: Նախ պետք է հրաժարվել սպիրտային խմիչքներից (հատկապես գարեջրից), ծխախոտից, նվազեցնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը (ուժերի նվազագույն լարվածությունը նույնպես կարող է նոպայի վտանգ ներկայացնել): Զբոսնեք, լողացեք, սակայն անշտապ: Ընթերցանությունը կամ թղթերի հետ աշխատանքը՝ միայն պայծառ լուսավորության պայմաններում: Ուժային գործողությունները կամ էլ կռանալը կտրականապես արգելվում են: Հեռուստացույց անընդմեջ կարելի է նայել երկու ժամից ոչ ավելի, իսկ համակարգչի առջև, բնականաբար, դրանից էլ քիչ : Իսկ ամենավտանգավորը լուսավորության կտրուկ փոփոխությունն է, օրինակ՝ կինոթատրոնի մութ դահլիճում սպիտակին տվող էկրանը:
Սննդակարգի հիմքը պետք է կազմի բուսական մթերքը, բացառվի կամ էլ նվազեցվի առատ գազեր առաջացնող մթերքը (կաղամբ, ընդեղեն): Մսի օգտագործումը պետք է չափավորել. նախընտրելի է ծովամթերքը: Հատուկ ուշադրություն դարձրեք երիկամների աշխատանքին: Եթե օրգանիզմում հեղուկի կանգ է լինում, հիվանդությունն էլ ավելի բարդ ընթացք է ունենում: Դրա համար միզամուղներ, եփուկներ ու թուրմեր ընդունեք:
Ակնաբույժները համոզված են, որ կանաչ գույնը շատ արդյունավետ է աչքի ճնշումն իջեցնելու համար: Ուստի հնարավորինս հաճախ կանաչ ապակիներով ակնոց դրեք: Ամռանը հաճախ ու երկար զբոսնեք պուրակներում: Բժշկի նշանակումները խստիվ կատարելով` կարելի է բուժվել կամ գոնե նվազեցնել տհաճությունը: Կան ժողովրդական միջոցներ, որոնք արդյունավետորեն կլրացնեն բժշկի ցուցումներին:
– Քերիչով մանրացնել կամ մսաղացով աղալ նեխուրի թարմ արմատները: Հյութը խմել օրական 3 անգամ, 2 թեյի գդալ՝ ուտելուց 30 րոպե առաջ: Բուժումը նպատակահարմար է կատարել մեկական ամիս գարնանն ու աշնանը:
– Կեսլիտրանոց տարայի մեջ մի բաժակ մասուր լցնել, իսկ վրան բերնեբերան օղի ավելացնել, թրմել մեկ շաբաթ: Ընդունել օրական 2 անգամ, 3-5 կաթիլ, լուծելով մեկ ճաշի գդալ ջրի մեջ: Տևողությունը՝ կրկին մեկական ամիս գարնանն ու աշնանը:
– Ընդունել վիտամին B6 օրական 50-75 գ: Ապացուցված է, որ այս վիտամինը կարգավորում է ներակնային ճնշումը:
– Հայտնի է նաև, որ C վիտամինի անբավարարության դեպքում ներակնային ճնշումը բարձրանում է, ինչը հիվանդության զարգացման առաջին նախապայմաններից է:
– Հիվանդության կանխարգելման նկատառումներով խորհուրդ է տրվում քնից առաջ կոպերը տրորել ջրի մեջ 1:1 հարաբերությամբ լուծված մեղրով:
– Հիվանդության բուժման բազում դեպքեր են գրանցվել D վիտամինով ու կալցիումով: Հիվանդներին օրական տրվել է 400 մգ D վիտամին և 800-1200 մգ կալցիում:
– Նոպայի սկզբում 3 րոպե կետային մերսում կատարեք երկու ձեռքի բութ մատի ու ցուցամատի արանքում:
– Օգտակար է նաև հալվեն: Տերևը լվանալ, մանր կտրատել ու վրան եռացրած ջուր լցնել, թրմել 2-3 ժամ, քամել ու օրական 2-3 անգամ աչքերը լվանալ այդ թուրմով:
– Սամիթի դեղատնային խտանյութը խառնել 1:1 հարաբերությամբ մեղրի հետ, թրմել 2 ժամ և օրական 2 անգամ, 2 կաթիլ կաթեցնել աչքի մեջ:
– Սամիթի սերմերը ծեծել հավանգի մեջ, լցնել թերմոսի մեջ ու ավելացնել 2 բաժակ եռացրած ջուր: Թրմել 40 րոպե, քամել, խմել 1/2 բաժակ, 30 րոպեի ընթացքում, ուտելուց առաջ, օրական 3-5 անգամ:
Գլաուկոմայի և աչքերի կատարակտի դեպքում թարմ ձուն (ցանկալի է մուգ գույն ունեցող կեղևով) սենյակային պայմաններում թողնել երկու օր, ապա մեկ ժամ եփել թույլ կրակի վրա: Սառչելուց հետո զգուշորեն կեղևահանել այնպես, որ սպիտակուցը չվնասվի: Ապա երկու կեսի բաժանել, դեղնուցը հանել և դրա տեղը մեղր լցնել: Թողնել մեկ օր, որից հետո գոյացած հեղուկը լցնել ապակյա տարայի մեջ, աչքերի մեջ կաթեցնել առավոտյան ու երեկոյան՝ 2-ական կաթիլ յուրաքանչյուր աչքի մեջ: Հեղուկը պահել սառնարանում, իսկ կաթեցնելուց առաջ ձեռքերով, ծորակից 40 անգամ հոսող ջուր ցողել աչքերի մեջ :






Facebook
Tweet This
Email This Post
