ի՞նչ կտա փոփոխությունը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | December 21, 2010 5:00

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան արդեն մի քանի ամիս է` գլխավորում է  Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Այդ մասին տարաբնույթ խոսակցությունները շատ են: Մի բան ակնհայտ է, որ այդ մարզաձևի նկատմամբ այլևս անարդարացի վերաբերմունք չի լինի: Միայն մեկ օրինակ բերենք: 2010-ին աջակցության կարգով  Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիային տրամադրվել է 8 մլն դրամ: Ֆեդերացիայի նախկին նախագահ Խաչիկ Ասմարյանն այդ մասին նախկինում շատ է ահազանգել, սակայն ուշադրություն դարձնող չի եղել: Բայց այժմ կասկած չկա, որ կազմակերպությանն ավելի մեծ գումարներ կհատկացվեն, թեև հիմնական հույսն այն է, որ նորընտիր նախագահը կհոգա բոլոր կարիքները: Սակայն առայժմ  ոչինչ այդ ուղղությամբ չի նկատվում:

Ի դեպ,  Սիսիանի վոլեյբոլիստուհիների հավաքականն այս տարի դարձել է մեր երկրի չեմպիոն: Վճռական նշանակություն ունեցավ այդ թիմի հաղթանակը Հայաստանի վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Նժդեհ» թիմի նկատմամբ: Ընդ որում, այդ թիմի գլխավոր մարզիչը նույն Խաչիկ Ասմարյանն է: Երբ նրան հարցրինք, թե իր թիմի տեղը զիջելն արդյոք  կապ ունի՞ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ղեկավարի փոփոխության հետ, նա չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ` ասելով, որ  մայրաքաղաքի խուլ-համրերի դահլիճում կայացած վճռական խաղին, որը «Նժդեհը» 2:3 հաշվով տանուլ տվեց Սիսիանի հավաքականին,  ներկա էր նաև Սյունիքի մարզպետը: Ինչ վերաբերում է կողմնակալ մրցավարությանը, ապա նա կարծում է, որ անգամ այդ պարագայում իր սաները պետք է հաղթեին:

Ասմարյանն, այնուամենայիվ, այն կարծիքին է մնում, որ Հայաստանում ամենուժեղը «Նժդեհ» թիմն է: Ի դեպ, Հայաստանի տղամարդկանց առաջնության չեպիոնը ՖԻՄԱ-ն է, որի գլխավոր մարզիչը Խ. Ասմարյանի որդին` Կարեն Ասմարյանն է: Թերևս, այդ է պատճառը, որ կեսկատակ-կեսլուրջ  ասում են, որ եթե Խաչիկ և Կարեն Ասմարյանները չլինեն, Հայաստանում վոլեյբոլը կդադարեր գոյություն ուենալ:

Բայց այժմ հայկական վոլեյբոլում նոր զարգացումներ են սկսվում և հետաքրքիրն այն է, որ նորընտիր նախագահը նախկինում ոչ մի կապ չի ունեցել վոլեյբոլի հետ, փոխարենը նա մեծ կապեր ունի ներկայիս տարբեր ոլորտների ղեկավարների հետ: Իսկ կատարվածը Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախկին նախագահն այսպես բացատրեց. «Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայում միշտ էլ ներքին խլրտումներ, հակամարտություններ եղել են: Ուշագրավ է, որ անկախացումից հետո Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի բոլոր նախագահներն էլ ժամկետից շուտ հրաժարվել են իրենց պաշտոնից: Այդպես են վարվել` Ռայիկ Ղուկասյանը, Ռոբերտ Ջանիբեկյանը: Ես էլ եմ կամովին հեռացել այդ աշխատանքից: Դրա համար պահանջվեց, որ կազմակերպության արտահերթ համաժողով հրավիրվի: Փաստորեն, Ջանիբեկյանի հրաժարականից հետո ես մեխանիկորեն էի ստանձնել ֆեդերացիայի նախագահի պարտականությունները, քանի որ մինչ այդ փոխնախագահ էի: Ինքս առաջարկում էի համաժողով հրավիրել և նախագահ ընտրել: Բայց Հայաստանի պետական մարզական կառույցի ղեկավարները համամիտ չէին և առաջարկում էին սպասել: Խնդիր էր դրվել այդ պաշտոնը վստահել այնպիսի մեկին, ով շատ փող ունի: Ես դրան դեմ չէի: Հարցն այն է, թե ովքեր են կանգնած ֆեդերացիայի նորընտիր նախագահի կողքին. նրանք, ովքեր նախկին երեք նախագահների պաշտոնավարության ընթացքում այնպիսի մթնոլորտ են ստեղծել, որ աշխատելը գրեթե անհնարին է դարձել: Ստացվում է, որ նախկին բոլոր ֆեդերացիաների նախագահներն էլ վատն են եղել: Եվ  հիմա նույն մարդիկ ֆեդերացիայի 4-րդ նախագահի շուրջն են համախմբվել: Արդյոք նույն բանը չի՞ շարունակվի»:

Դժվար է ասել,  թե այս մտահոգությունը ինչքանով է հիմնավոր: Առայժմ հայկական վոլեյբոլում որևէ բան չի փոխվել: Նախկինում ամեն տարի մեր երկրի առաջնության ավարտից հետո անցկացվում էր ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը: Թիմերը նախապատրաստվել էին, սակայն այդ ստուգատեսն առայժմ չի անցկացվել, հնարավոր է` չկայանա: Հույս էլ չկա, որ մեր երկրի ներկայացուցիչները մոտ ապագայում հանդես գան եվրոպական մրցաշարերում: Հավելենք, որ վերջին անգամ Հայաստանի ներկայացուցիչները եվրոպական ստուգատեսում հանդես են եկել1992-ին: Մեր վոլեյբոլիստուհիները Վիեննայում մասնակցել են Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին և վատ են խաղացել: Ինչ վերաբերում է վոլեյբոլիստներին, ապա 1992-ին  մերոնք պետք է Իսրայելում հանդես գային Եվրոպայի առաջնությունում, սակայն թիմը, ֆինանսական խնդիրներ ունենալով, մրցավայր չմեկնեց: Պետք է խաղար Հայաստանի չեմպիոն «Նաիրիտը»: Եվ  չգնալու համար ավելի թանկ վճար տրվեց` տուգանք  10 հազար դոլար: Այն հետագայում դժվարությամբ փակվեց:

Թե ինչ է լինելու ապագայում, մշուշոտ է, ցույց կտա ժամանակը:

Դիտվել է 1161 անգամ:
Print Friendly

Leave a Reply