Երևանի Երկաթուղայիններ փողոցի կոյուղաջրերն արդեն 6 տարի է` լցվում են նկուղները

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 30, 2009 13:09

Երկաթուղայիններ փողոցի դիտահորը`լցված կոյուղաջրով

Էրեբունի համայնքի Երկաթուղայիններ փողոցի կոյուղիները մաշվել են, լցվել ավազով ու աղբով: Բնակիչներն ասում են, որ նույնիսկ կարճատև անձրևի ժամանակ կոյուղաջրերը լցվում են նկուղներ: Խնդիրը չի լուծվում արդեն 6 տարի. փողոցի կոյուղու երկարությունը մոտ 800մ է:

Այս և ընդհանրապես համայնքի մի շարք փողոցների կոյուղիները դեռևս Խորհրդային շրջանի նախագծեր են և մինչև հիմա չեն փոխարինվել նորերով:
«Պադվալ մտնել չի լինում, այս տարի էլ անձրևները շատ էին, մեկ մետրից ավել ջուր է լցվում, օրերով մաքրում ենք, ջուրը հեռացնում ու նորից անձրև է գալիս. իմ ամառային հանգիստը պադվալից ջուր հեռացնելով անցավ»,-ասում է ուսուցչուհի Գայանե Քերոբյանը:

Փողոցի մյուս բնակիչ Գագիկ պապը պատմում է, որ խորհրդային տարիներին էլ կոյուղին լավ չէր գործում, քանի որ այն կառուցված էր որոշ տների համար բարձրադիր դիրքում և մեծ հեղեղների ժամանակ այդ տները այսօրվա նման լցվում էին ջրով:

Եթե տարիներ առաջ Երկաթուղայիններ փողոցի մի քանի բնակիչներ էին բողոքում կոյուղու անմխիթար վիճակից, այսօր բողոքները համատարած են: «Ջուրը էլի հնարավոր է լինում հեռացնել, բայց այ գարշահոտությունն անտանելի է, այն նկուղից անցնում է տուն, կպնում  տան գույքին և նույնիսկ հանգուստներին»,-ասում է Գայանեն:

Էրեբունի թաղապետարանին և ջրմուղին իրավիճակը հայտնի է: Բնակիչների միջոցներով մի քանի անգամ կոյուղուց հեռացվել է կուտակված աղբն ու ավազը: Ջրմուղի աշխատակիցները հերթական կանչի ժամանակ բնակիչներին վստահեցնում էին, որ կոյուղաջրերը նկուղ են լցվում, քանի որ կոյուղիները խցանված են:
Թաղապետարանի կոմունալ բաժնի պետ Էդիկ Ենոքյանն ասում է, որ խնդիրը մտահոգիչ է, որի համար պատասխանատվություն է կրում առաջին հերթին ջրմուղը:

«Մենք ոչ մի լծակ չունենք` ջրմուղին ստիպելու ավելի հետևողական լինել իրենց աշխատանքի հանդեպ. մենք ստանում ենք Երկաթուղայինների բնակիչների բողոքները և ընդունված կարգով տեղյակ պահում քաղաքապետարանին»,-ասում է Ենոքյանը`ավելացնելով, որ հին կոյուղիները նորերով փոխարինելու համար մեծ ներդրումներ են անհրաժեշտ, ինչը պիտի ստանձնի  Երևանի քաղաքապետարանը: Ըստ Ենոքյանի՝ վերջերս Սարի քաղի երկու կոյուղագծերն են նորոգվել` մոտ 170 և 190մ երկարությամբ:

Դիտվել է 1092 անգամ:
Print Friendly

Leave a Reply