Այսօր միգրանտների միջազգային օրն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 17, 2010 11:12

Այսօր միգրանտների միջազգային օրն է: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից դեկտեմբերի 18-ի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ 1990թ. այդ օրը ընդունվել է «Բոլոր միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության» ՄԱԿ-ի կոնվենցիան:

Նշելով Միգրանտների միջազգային օրը` Միգ­րա­ցիա­յի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) նշում է, որ անհրաժեշտ է, որ կառավա­րությունները բացեն իրենց աչքերը և տեսնեն միգրացիայի օգուտները և դա ներկայաց­նեն նաև հասարակության լայն շերտերին:

Ներկայումս շատ հաճախ միգրանտների ունեցած դրական ներդ­րում­ները կասկա­ծի տակ են առնվում, քանի որ շատ կառավարություններ որդեգրում են ոչ հեռատես վար­քա­գիծ` միգրանտներին ներկայացնելով որպես բեռ երկրի առողջացող տնտեսության համար կամ որպես սոցիալական պետության միջոցների սպառող:

Սակայն միգրանտների ունեցած ներդրումները մեծ են: Այս տարի ավելի վաղ Լոնդոնի Յունիվերսիթի Քոլիջի հրապարակված ուսումնասիրության տվյալները ցույց են տալիս, որ Արևելյան Եվրոպայից եկած նորեկների վճարած հարկերը 37 տոկոսով ավելին են, քան նպաստների տեսքով ու հանրային ծառայությունների կողմից նրանց տրված միջոց­ները 2008-09թթ.: Ավելի ու ավելի շատ միգրանտներ են օգնել կարևոր հանրային ծա­ռա­յու­թյուն­ների ապահովման հարցում, ինչպիսիք են ազգային առողջապահական համակարգում բժշկի, բուժքրոջ կամ սպասարկող անձնակազմի ծառայությունները: Վեր­ջերս կատարված մեկ այլ ուսումնասիրություն էլ ներկայացնում է բրիտանական տնտե­սու­թյան վրա ներգաղթողների ունեցած դրական ձեռնարկատիրական ազդեցությանը:

Միացյալ Նահանգներում Նախագահի տնտեսական խորհրդատուների խորհրդի տվյալներով ամեն տարի Ամերիկայում ծնվածները ամերիկյան տնտեսությունում ներգաղթողների մասնակցության շնորհիվ ստանում են շուրջ 37 միլիարդ ԱՄՆ դոլար: ԱՄՆ-ում յուրաքանչյուր 10-ն անհատ ձեռներեցից մեկը ներգաղթող է:

«Չնայած ապացույցներին` դեռ կան որոշ խնդիրներ, որոնք լուրջ հակազդե­ցու­թյուն են առաջ բերում: Խորհրդարաններում, փողոցներում, ճաշի սեղանների շուրջ բուռն քննարկումներ ու բանավեճեր են ընթանում միգրանտների ունեցած ազդեցության մասին ազգային ինքնության, անվտանգության, զբաղվածության, առողջապահական ու սոցիալական ոլորտների վրա, որոնք բոլորը միասին կազմում են հասարակարգի հիմքը, – ասում է ՄՄԿ գլխավոր տնօրեն Ուիլյամ Լեյսի Սվինգը, – ցավոք, այս քննարկումների մեծ մասն հիմնվում է զգացմունքների ու առասպելների վրա և ոչ սոցիալ-տնտեսական իրա­կա­նության վրա: Այժմ և ապագայում էլ միգրացիան պայմանավորված կլինի համաշ­խարհային տնտեսական, սոցիալական և ժողովրդագրական միտումներով, որոնք այլևս անտեսել հնարավոր չէ»:

Ըստ ՄՄԿ-ի կողմից վերջերս հրապարակված Համաշխարհային միգրացիայի մա­սին զեկույցի միջազգային միգրանտների թիվը 2050թ. կարող է հասնել 405 միլիոնի, եթե պահպանվեն վերջին քսան տարիների միգրացիայի աճի տեմպերը:

Թվի նման կտրուկ բարձրացման պատճառներից մեկը աշխարհի արդյունաբե­րա­կան երկրներում բնակչության թվի կրճատումն է, որն ըստ կանխատեսումների կարող է մինչև 2050թ. հասնել շուրջ 25 տոկոսի: Սա զգալիորեն կավելացնի միգրանտ աշխատող­ների պահանջարկը, իսկ զարգացող երկրներում աշխատուժը 2005թ. 2.4 միլիար­դից կհաս­նի 3.6 միլիարդի 2040թ.:

Շատ երկրներում տարբեր մակարդակի հմտությունների տեր միգրանտ աշխա­տող­ներ կպահանջվեն գիտելիքներ ու նորամուծություն պահանջող, ինչպես նաև այնպի­սի աշխատանքների համար, որոնք երկրի քաղաքացիները չեն կարող կամ չեն ցանկա­նում անել: Այդ աշխատանքներն են. առողջապահական ծառայությունները, երեխաների և տարեցների համար հոգ տանելը, հանրային ծառայությունները, սպասարկման ոլորտը, ինչպես նաև գյուղատնտեսությունն ու շինարարությունը:

Համաշխարհային բանկի կանխատեսումներով եթե նվազող բնակչություն ունեցող երկրները թույլ տան, որ իրենց աշխատուժը միգրատների հաշվին աճի ընդամենը երեք տոկոսով` որը լրացուցիչ 14 միլիոն միգրանտ աշխատողներ կապահովի 2001-2025 թթ., ապա տարեկան լրացուցիչ 356 միլիարդ դոլար կձևավորվի աշխարհում, որի մեծ մասը կգնա դեպի զարգացող երկրներ:

«Այս թվերը սոսկ տնտեսությանը չեն վերաբերում: Դրանք պետք է նաև դիտարկել մարդկային համատեքստում: Տնտեսական աճը հավասարեցնում է մարդկային ու սոցիալական զարգացումներն ու անվտանգությունը, – պարզաբանում է Ու. Լ. Սվինգը, – աշ­խար­հի շատ վայրերում միգրանտների կողմից կատարված դրամական փոխան­ցում­ներն այնքան շատ բան են արել համայնքներին ծայրահեղ աղքատությունից դուրս բերե­լու, սեղաններին` հանապազօրյա հաց, ընտանիքներին` տուն ու երեխաներին` կրթու­թյուն ապահովելու հարցում: Այս ամենը նշանակում է ավելի լավ ապագա նրանց համար, և, իհարկե, աշխարհի մնացած մասի համար նույնպես»:

Միգրացիան կա և կշարունակի գոյություն ունենալ և կառավարությունները պետք է ընտրեն միգրացիայի կառավարման «վերին ուղու» կամ «ստորին ուղու» սցենարը:

«Ստորին ուղու սցենարը» դա ստատուս քվոյի վիճակն է, որը հիմնվում է կարծրա­տիպերի, վախի կարճաժամկետ քաղաքական նկատառումների վրա: Այն բնորոշվում է միգ­րացիոն քաղաքականության սահմանափակումներով և գրեթե չկա երկխոսություն միգ­րացիայի վերաբերյալ` ազգային, տարածաշրջանային ու միջազգային մակարդակ­ներում:

Դրան հակառակ, «վերին ուղու» սցենարով միգրացիան ճանաչվում է որպես համաշխարհային տնտեսության անբաժանելի մաս և ներկայիս տնտեսական ճգնաժամի պայմաններում տնտեսական առողջացման հարցում ընդունվում է միգրանտների կարևոր դերակատարումը: Այս պարագայում քաղաքականությունն այնպիսին է, որ առավել համահունչ է աշխատանքային միգրացիայի մեծացող պահանջարկին, պաշտպանում է միգ­րանտների իրավունքները, խթանում է երկխոսությունը միգրանտի ծագման ու ընդու­նող երկրների միջև և կարևորում է հայրենի ու ընդունող երկրում միգրանտների ունեցած տնտեսական ու սոցիալական ներդրումները:

«Մարտահրավերն այն է, որ լինեն արդարացի ու մարդկային լուծումներ, որ ներ­դաշ­նակեցնեն միգրացիայի ցանկությունը և բնակչության տեղաշարժի մասով պետու­թյունների պետական ինքնիշխանության հետ: Համագործակցությունը կարևորվում է ոչ միայն միգրանտների իրավունքների պաշտպանության տեսանկյունից, այն առումով, որ միգրանտները հարգեն ընդունող երկրի մշակույթն ու օրենքները», – եզրակացնում է Ու. Լ. Սվինգը:

Դիտվել է 1020 անգամ:
Print Friendly

Leave a Reply