ՀՀԿ խորհրդի նիստում որոշվել է կադրային փոփոխությունների վերջնական պատկերը. Երեւանի քաղաքապետը Կարեն Կարապետյանն է

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 16, 2010 22:31

Քիչ առաջ ավարտվել է Հայաստանի հանրապետական խորհրդի նիստը, որին մասնակցել է կուսակցության առաջնորդ, երկրի նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀԿ խորհրդի նիստում քննարկվել է Երեւանի քաղաքապետի պաշտոնում թեկնածության եւ կառավարությունում կադրային փոփոխությունների հարցը:

Ինչպես NEWS.am-ին հայտնել է  ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ խորհուրդը միաձայն որոշել է, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնում կուսակցությունն առաջարկում է «Հայռուսգազարդ» ընկերության նախագահ Կարեն Կարապետյանի թեկնածությունը:

Բացի այդ, որոշվել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը կզբաղեցնի իրավաբան, սահմանադրագետ Հրայր Թովմասյանը, Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում Ներսես Երիցյանին կփոխարինի Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, իսկ Ֆինանսների նախարարի պաշտոնը կզբաղեցնի ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը:

Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների, ակնկալվում է  նաեւ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի եւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի պաշտոնանկությունը:

Ստորեւ ներկայացնում ենք Կարեն Կարապետյանի կենսագրությունը.

Ծնվել է 1963թ. օգոստոսի 14-ին:

1970-1980 թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի Լ. Տոլստոյի անվան միջնակարգ դպրոցը:
1980-1985թթ. սովորել եւ գերազանցության դիպլոմով ավարտել է Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:
1985-1996թթ. աշխատել է ՀՀ պետպլանի հաշվողական կենտրոնում, գիտության եւ մշակույթի գործիչների ասոցիացիայում: Միաժամանակ դասավանդել է ԵՊՀ-ում:
1996-1998թթ. աշխատել է «Հայէներգո» ՊՁ-ում` որպես գլխավոր տնօրենի տեղակալ:
1998-2001թթ՝ «Հայէներգո» ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր տնօրեն:
2001թ. նշանակվել է ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ:
2001թ.-ից` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Վարչության Նախագահ-Գլխավոր տնօրեն:
1989 թ. շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի կոչում, ունի 17 գիտական աշխատանք:
2006թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով:
2008թ.-ին ընտրվել է «Առէկսիմբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ:
2008թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով:
2010թ.-ին շնորհվել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Դիտվել է 1972 անգամ:
Print Friendly

Leave a Reply