«Ղարաբաղ. մեծ բանավեճ». հայկական քաղաքական ուժերը Ղարաբաղի հարցի մասին

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | December 16, 2010 12:19

«Ղարաբաղ. մեծ բանավեճ» այսպես է կոչվում բրիտանական «Լինքս» հիմնադրամի հրատարակած աշխատության առաջին մասը, որում ներկայացված են Հայաստանում գործող քաղաքական կուսակցությունների տեսակետները Ղարաբաղյան հարցի առնչությամբ: Առաջիկայում կհրատարակվի նաև ուսումնասիրության երկրորդ մասը, որը կամփոփի ադրբեջանական քաղաքական ուժերի դիրքորոշումները: Ուսումնասիրությունները կատարվել են այս տարվա ամռան ամիսներին:

2011-ին կազմակերպությունը կփորձի նաև թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում փոխադարձ երկխոսության ու քննարկումների  հարթակ ստեղծել:

«Լինքսի» գործադիր տնօրեն Դենիս Սամութը, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) կայացած քննարկման ժամանակ ամփոփելով ուսումնասիրության առաջին մասը, նշեց, որ սովորաբար քաղաքական գործիչները բարդ հարցերի մասին խոսելիս առավել հայտնի դիրքորոշումներն են պաշտպանում, և տվյալ ուսումնասիրությունը բացառություն չէ:

Ըստ Սամութի` հարցումն ի հայտ բերեց նաև «լայն, բայց ոչ միանշանակ աջակցությունը Մինսկի գործընթացին` որպես հակամարտության կարգավորման բանակցությունների լավագույն ձևաչափի», և  քաղաքական ուժերի գրեթե միահամուռ համոզմունքը, որ Մինսկի գործընթացին այլընտրանք չկա: Զեկույցը վերահաստատեց այն տիրապետող տեսակետը,  թե Թուրքիան չի կարող որևէ դրական դեր ունենալ, «քանի որ բացահայտորեն աջակցում է Ադրբեջանին», բայց ՀՀ շատ քաղաքական առաջնորդներ, Սամութի հավաստմամբ, ուզում են հակամարտության կարգավորման գործընթացում տեսնել Եվրամիության ավելի մեծ ներգրավվածությունը: «Կան և ԵԱՀԿ-ի ոչ գործուն ներգրավվածությունից հիասթափվածներ, և այնպիսի կուսակցություններ, որոնք բանակցային գործընթացին Ստեփանակերտի իշխանությունների լիիրավ մասնակցությունը պարտադիր են համարում»,- եզրափակեց զեկուցողը:

Սամութը նշում է, որ հայկական քաղաքական կուսակցությունների ղեկավարության զգալի մասն անձամբ մասնակից է եղել 1988-1994 թթ. ռազմական գործողություններին, ուստի «նրանց համար սա նաև անձնական հարց է, բայց այս իրողությունը նրանց նաև անհրաժեշտ որոշումներ կայացնելու բարոյական իրավունք է տալիս»:

Ներկայացնելով իր տեսակետը Ղարաբաղյան հարցի  վերաբերյալ` Սամութը նշում է, որ «Ղարաբաղի համար որևէ կարգավիճակ ընդունելի չէ, եթե հաշվի չեն առնվում տեղահանված ադրբեջանցիները»:

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, հակադարձելով Սամութին, նշում է, որ մարդու իրավունքների մասին խոսելիս չի կարելի առաջնություն տալ մարդկանց մի խմբին և անտեսել մյուսին. երկու կողմերից էլ եղել են տեղահանվածներ, երկու կողմի փախստականների վերադարձի դեպքում էլ բազմաթիվ այլ խնդիրներ կառաջանան, հարցականի տակ կդրվի նաև նրանց անվտանգությունը: «Արդյոք միջազգային հանրությունը պատրա՞ստ է մեծ ռեսուրսներ տրամադրել նրանց անվտանգության ապահովման համար: Քանի որ վերադարձի  պարագայում անգամ երեխաները ստիպված կլինեն խաղաղապահների ուղեկցությամբ դպրոց գնալ»:  Մինասյանը նշում է, որ քանի դեռ մարդիկ պատրաստ չեն միմյանց հետ ապրել, միջազգային հանրությունը չի կարող նման բան պարտադրել:

ՌԱՀՀԿ ավագ փորձագետ Մանվել Սարգսյանն էլ ասում է, որ հնարավոր չէ կոնֆլիկտի լուծում գտնել, քանի դեռ հստակեցված չէ կողմերի պատասխանատվությունը: «Կողմերի պատասխանատվության անորոշությունը տապալեց գործընթացը: Աստանայի գագաթնաժողովը ցույց տվեց, որ այդպես շարունակվել չի կարող, և  միջազգային հանրությունն էլ պիտի գիտակցի` հնարավոր չէ որևէ մեկին մի բան պարտադրել և դրա համար պատասխանատվություն չստանձնել»,- նշում է Սարգսյանը:

Ըստ Սարգսյանի`  որևէ լուծում գտնելու համար պետք է ընդլայնվի քննարկումների շրջանակը, և օրինակ` քննարկման առարկա դառնան նաև միջազգային կառույցների և հանրության որոշումներն ու դրանց ազդեցությունը կոնֆլիկտի վրա:

Անկախ փորձագետ Սուրեն Մովսիսյանն էլ  համոզված է, որ հակամարտության 20 տարիներից  հետո էլ անգամ որևէ փորձագետ չի կարող հստակ նշել հակամարտության կողմերին: «Կողմերի հստակությունը որոշում է հետագա քայլերը»,- ասում է Մովսիսյանը:

ՀԳ.

Հայաստանից հարցմանը մասնակցել է 23 քաղաքական և հասարակական կառույց, այդ թվում` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը, ՄԻԱԿ-ը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, Հնչակյան կուսակցությունը, Ժողովրդական կուսակցությունը, «Սարդարապատ» շարժումը և այլն:

ԱԺՄ-ԱԺՄ-ն բացառում է հնարավորությունը, որ Ղարաբաղը երբևէ կարող է Ադրբեջանի կազմում լինել որևէ կարգավիճակով: Սակայն, եթե Ադրբեջանը ընդունի ԼՂՀ անկախությունը, ապա ԱԺՄ-ն խնդիր չի տեսնում տեղահանվածների վերադարձի հարցում:

Կուսակցությունը կողմ է երկու երկրների միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև մարդկանց ազատ տեղաշարժին` դա համարելով  հիմք հակամարտությունը խաղաղ լուծելու համար:

ԲՀԿ– Կուսակցությունը ԼՂՀ-ն համարում է անկախ հանրապետություն: ԲՀԿ-ի նպատակներից է՝ հասնել ԼՂՀ-ի միջազգային ճանաչման: Կուսակցությունը նշում է, որ ՀՀ-ն պետք է ամեն քայլ ձեռնարկի ԼՂՀ-ի և նրա բնակչության խաղաղ և անվտանգ գոյությունն ապահովելու համար:

ԲՀԿ-ն համարում է, որ փախստականների վերադարձը հնարավոր կլինի միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը ճանաչի ԼՂՀ-ն: Քանի դեռ երկրների միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, Ադրբեջանն էլ շարունակում է շրջափակված պահել հայկական սահմանները, վաղ է Հայաստանի և Ադրբեջանի սահմանով  մարդկանց ազատ տեղաշարժի մասին խոսելը:

ՀՀԿԿուսակցությունը կարծում է, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով և կտրականապես դեմ է խնդրի ռազմական լուծմանը, որին կողմնակից է Ադրբեջանը: ՀՀԿ-ի դիրքորոշումը խնդրի վերաբերյալ հետևյալն է.  ԼՂՀ-ն երբևէ ու որևէ կարգավիճակով չի կարող մտնել Ադրբեջանի կազմի մեջ, ԼՂՀ-ն պետք է պարտադիր ցամաքային սահման ունենա ՀՀ-ի հետ և միջազգային հանրությունը և բանակցային գործընթացի միջնորդները պետք է ԼՂՀ-ին և արցախահայությանը անվտանգության հիմնավոր երաշխիքներ տան:

ՀՅԴ-Արցախը պատմական հայկական տարածք է, որը բոլշևիկները Ադրբեջանին են տվել այդ պետության ստեղծումից մի քանի տարի անց` որպես պատիժ հայերին կարմիր բանակի դեմ պայքարելու համար:

Ըստ ՀՅԴ-ի ԼՂ-ն երբևէ չի կարող լինել  Ադրբեջանի կազմում, բացի այդ, ԼՂՀ-ն ՀՀ-ի հետ պետք է ունենա ընդհանուր ցամաքային սահման, ոչ թե միջանցք: Իսկ ԼՂ կարգավիճակը նրան պետք է ինքնապաշտպանության և սուվերենության հնարավորություն տա:

ՀԿԿ-Լեռնային Ղարաբաղն արդեն կատարել է իր ընտրությունը և օգտվել ինքնորոշվելու իր իրավունքից: ՀԿԿ-ն ինքնորոշման իրավունքը համարում է հիմնարար աշխարհի բոլոր ժողովուրդների ու երկրների համար: Կուսակցությունը համարում է, որ ԼՂ ժողովուրդը ճիշտ է և կպաշտպանի նրա ցանկացած գործունեություն:

Կուսակցությունը մատնանշում է, որ հակամարտության ժամանակ Հայաստանից տեղահանված ադրբեջանցիները կարողացել են փոխանակել իրենց բնակարանները և հանգիստ հեռանալ, մինչդեռ ադրբեջանաբնակ հայերը, որ բարեկեցիկ կյանքով էին ապրում, զրկվել են իրենց ունեցվածքից ու հրաշքով փրկել իրենց կյանքը, շատերն էլ զոհ են դարձել ադրբեջանցիներին: ՀԿԿ-ն կարծում է, որ մարդկանց ազատ տեղաշարժը այս անարդարությունը չի կարող շտկել, ուստի չպետք է հասանելի լինի մինչև հակամարտության վերջնական լուծումը և ԼՂՀ կարգավիճակի հաստատումը:

Ժառանգություն– ԼՂՀ-ն պետք է ճանաչվի որպես անկախ հանրապետություն: ԼՂՀ-ն նախագահ է ունեցել Կոսովոյից, Աբխազիայից  ու Հարավային Օսիայից էլ առաջ, ուստի հանրապետությունը արժանի է դիվանագիտական ճանաչման: Ժառանգությունը կարծում է, որ Ադրբեջանի հետ բանակցելու հարցեր դեռ կան, սակայն քննարկման առարկա չեն կարող լինել ԼՂՀ անկախությունը, նրա սուվերենությունը: Կուսակցությունը դեմ է Մադրիդյան սկզբունքներին և դրանք անիրական  համարելուն, քանի որ Արցախը 1998-ից բանակցային կողմ չէ, իսկ ՀՀ-ն և Ադրբեջանը Արցախի անունից բանակցություններ վարելու իրավունք չունեն:

Կուսակցությունը մարդկանց ազատ տեղաշարժի հնարավորությանը դրական է վերաբերում, սակայն դա համարում է անիրական մինչև հակամարտության վերջնական կարգավորումը:

Դիտվել է 2714 անգամ:
Print Friendly

Leave a Reply