Ցեղասպանությանը նվիրված երկօրյա գիտաժողով Երևանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | Հայկուհի Բարսեղյան | December 16, 2010 6:13
Դեկտեմբերի 14-15-ը Երևանում տեղի ունեցավ «Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» թեմայով միջազգային երկօրյա գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում էին 18 երկրներից ժամանած հեղինակավոր գիտնականներ ու փորձագետներ:
«Հայոց ցեղասպանության դատապարտման և հետևանքների վերացման բացակայությունն էր, որ 1921 թ. պատճառ դարձավ երիտասարդ բանասեր Ռաֆայել Լեմկինին հարցնելու իր պրոֆեսորին, թե ինչու հայերը չեն դիմում Հայոց եղեռնի կազմակերպիչներին ձերբակալելու համար: Այս հարցին ի պատասխան պրոֆեսորն ասում է, որ որևէ օրենք չկա, որի շրջանակներում հնարավոր լիներ նրանց ձերբակալել: Հենց այս պատասխանն է ստիպում Լեմկինին թողնել բանասիրությունը և ընկղմվել միջազգային իրավունքի մեջ` նվիրվելով մարդկության դեմ հանցագործությունների ուսումնասիրմանը, որն էլ, ի թիվս այլոց, ճանապարհ է հարթում 1948 թ. կոնվենցիայի ընդունման համար»,- ասաց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ բացման արարողության ելույթի ժամանակ:
Նախարարը նշեց, որ պատմությունը, Կամբոջան, Ռուանդան, Դարֆուրը և այլ ողբերգություններ ցույց տվեցին, որ զուտ բարի կամքը բավարար չէ արմատախիլ անելու ցեղասպանություն ծնող այնպիսի դրսևորումներ, ինչպիսիք են ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական հողի վրա սերմանվող ատելությունն ու թշնամանքը:
Նալբանդյանը նշեց, որ ցեղասպանությունների ժխտումը, անպատժելիությունը ճանապարհ են հարթում մարդկության դեմ նոր հանցագործությունների համար. «Անկախ աշխարհաքաղաքական կամ այլ շահերից` միջազգային հանրությունը պետք է միասնական լինի ցեղասպանության դատապարտման, կանխարգելման գործում: Այս միասնականության բացակայության հետևանքով է, որ մարդկությունն ականատես է դառնում ցեղասպանության իրականացման նոր փորձերի»:
«Երկօրյա գիտաժողովի ընթացքում միգուցե դուք կկարողանաք առաջարկել այնպիսի մոտեցումներ, որոնք հնարավորություն կտան առավել արդյունավետ դարձնելու դեռևս շարունակվող պայքարը ցեղասպանության կանխարգելման, դատապարտման և հետևանքների վերացման գործում»,- եզրափակեց Նալբանդյանը:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև նախագահ Սերժ Սարգսյանը` ասելով, որ ցեղասպանությունների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման համար գործուն մեխանիզմների անհրաժեշտություն կա: Նախագահը մատնանշեց, որ նախկինում տեղի ունեցած ցեղասպանությունները միշտ չէ, որ համապատասխան գնահատականի են արժանացել ու դատապարտվել, ինչի հետևանքով էլ մարդկությունը դեռևս բախվում է նոր ցեղասպանությունների սպառնալիքին: Սարգսյանը շեշտեց, որ ցեղասպանության սկզբնակետը այլատյացությունն ու անհանդուրժողականությունն են, և երբ դա քարոզվում է պետական մակարդակով, հող է նախապատրաստվում նոր դժբախտությունների համար: Նախագահը կարևորեց, որ միջոցառման ընթացքում կարող են մշակվել հայեցակարգային գործուն փաստաթղթեր ցեղասպանության հետևանքները վերացնելու ուղղությամբ:
Երկօրյա գիտաժողովի ընթացքում կկազմակերպվի չորս թեմատիկ նիստ, որի ընթացքում զեկույցներ կներկայացվեն «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին 1948 թ. կոնվենցիայի մշակման և ընդունման շարժառիթները և նպատակները», «Ցեղասպանության իրավական ասպեկտները և պատասխանատվության խնդիրը», «Ցեղասպանությունները ժամանակակից աշխարհում և դրանց կանխարգելման միջոցները», «Ցեղասպանության հետևանքների վերացումը» թեմաներով:
Վահագն Դադրյան. «Դատավճռի ի կատար ածումը պայմանավորված է միջազգային հարթակում ուժային հարաբերակցությամբ»
Ամերիկահայ պատմաբան, ցեղասպանագետ Վահագն Դադրյանն իր զեկույցում նշեց, որ ցեղասպանության դեպքում երեք կողմ պետք է դիտարկել. օբյեկտիվ նախաքննություն, այդ թվում և ոճրագործների հետապնդում, բուն դատաքննություն և դատավճիռ: Դադրյանն ասում է, որ Հայոց ցեղասպանության դեպքում դատավճիռն անորոշ ժամանակով հետաձգված է:
Դադրյանը ցեղասպանությանը վերաբերող դատավճռի իրականացումը պայմանավորում է միջազգային հարթակում ուժային հարաբերակցությամբ: Պատմաբանը նշում է, որ հրեաների հոլոքոստին վերաբերող նյուրնբերգյան դատավճիռն ի կատար ածվեց, քանի որ նացիստները պարտվել էին Երկրորդ համաշխարհային պատերազմում: Նրա խոսքով` Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան նույնպես պարտվել էր Առաջին համաշխարհայինում, և երկու տարի շարունակ իրականացվում էր ոճրագործների քրեական հետապնդում: «Սակայն մինչև դատավճռի ի կատար ածումն աշխարհում ուժային հարաբերակցությունը փոխվեց, քեմալականների վերելքով միջազգային իրավունքը երկրորդ պլան մղվեց»,- ասում է Դադրյանը: Նա նաև նշում է, որ Առաջին համաշխարհայինում հաղթանակ տարած գերտերությունների շահերը տարանջատվեցին, դաշնակիցների մեջ անմիաբանություն ստեղծվեց, ինչը և պատճառ դարձավ, որ ոճրագործների պատիժը չիրագործվի: Իսկ հզորացող Թուրքիան, որ մինչ այդ ընդունում էր Ցեղասպանությունը, իսկ թուրք սուլթանն էլ հայերի դեմ կատարվածը որակում էր մարդկության դեմ կատարված ոճրագործություն, սկսեց վարել ժխտողական քաղաքականություն:
Տիգրան Կույումջյան .«Մշակութային արժեքների ոչնչացումը նշանակում է այն ստեղծողի մասին հիշողության ոչնչացում»
«Մշակութային արժեքների մինչ օրս շարունակվող ոչնչացումը Հայոց ցեղասպանության շարունակությունն է»,- ասաց իր զեկույցում Կալիֆոռնիայի պետական համալսարանի հայագիտության բաժնի նախկին ղեկավար Տիգրան Կույումջյանը: Նա նշեց, որ թուրքերը հայերի հայրենիքը զրկել են հայկական անուններից, հիմա էլ հայերին ու հայկական հետքերը դուրս են մղում նաև պատմության դասագրքերից: Ըստ նրա` Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնումը քարոզչություն է՝ ուղղված միջազգային հանրությանը, որ Թուրքիան հարգում է ազգային փոքրամասնություններին ու նրանց ժառանգությունը: Մշակութային արժեքների ոչնչացումը նշանակում է այն ստեղծողի մասին հիշողության ոչնչացում: Մասնագետը նշում է, որ հայերը ներկայիս Թուրքիայում են թողել նաև իրենց նյութական ունեցվածքը, որը փորձագետները 100 մլրդ դոլարից ավելի են գնահատում: Թուրքական իշխանությունները, սակայն, ոչ միայն ժամանակին օրենքներ են ընդունել այդ ամենը յուրացնելու համար, այլև ոչնչացրել են արխիվային փաստաթղթերը, որոնք վկայում են հայերի` կոնկրետ վայրերում ծնվելու և ապրելու մասին:
Պատմությունը պատմաբաններին թողնել չի կարելի
Գիտաժողովի ժամանակ, անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի կոչին, թե «Պատմությունը թողնենք պատմաբաններին և միասին նայենք դեպի ապագա», Քոնեկտիկուտի համալսարանի պրոֆեսոր Արմեն Մարսուբյանը նշեց, որ պատմությունը պատմաբաններին թողած ազգը կկանգնի անցյալը կրկնելու վտանգի առջև: Պրոֆեսորն ընդգծեց, որ անցյալը չկրկնելու համար պետք է հիշել այն ու առաջնորդվել անցյալի դասերով:






Facebook
Tweet This
Email This Post
