ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգից մի շարք նախագծեր հանվեցին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 16, 2010 16:22

Ազգային ժողովի դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստի սկզբում խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ստացվել է վարչապետի նամակը` արտահերթ նստաշրջանի օրակարգից մի շարք օրինագծեր հանելու  մասին: Դրանց թվում է նաև Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի նախագիծը և հարակից մի քանի օրենքներում փոփոխությունների օրենսդրական բավականին ծավալուն փաթեթը:

ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը` շնորհակալություն հայտնելով ՙլավ լուրի համար՚, ԱԺ նախագահին հորդորեց կառավարությանն առաջարկել օրակարգից հանել նաև Լեզվի և Հանրակրթության մասին օրենքներում փոփոխությունների, կենսաթոշակային բարեփոխումների, աղբահանության մասին նախագծերի փաթեթները: Ըստ պատգամավորի, դրանք շատ լրջագույն օրինագծեր են և արտահերթ քննարկման ենթակա չեն: ՙԵս ուզում եմ տեղեկացնել, որ եթե կառավարությունը չբավարարի, ապա մենք հարկադրված կլինենք անցնել պայքարի այլ մարտավարության՚,-հայտարարեց Ս.Սաֆարյանը: Առաջարկին ի պատասխան ԱԺ նախագահը հայտնեց, որ կփորձի կառավարության հետ բանակցել բարձրացված հարցերի շուրջ:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյանն էլ շնորհակալություն հայտնեց ԱԺ ղեկավարությանը` ՀՅԴ դիրքորոշումը ճիշտ ընկալելու և կառավարության հետ բանակցություններում ինչ-որ հաջողությունների հասնելու համար: ՙԻհարկե, մեր կառավարությունն ավելի հեշտ է զիջումների գնում թուրքերի հետ բանակցություններում, քան, ասենք, սեփական ժողովրդի կամ ԱԺ-ի՚,-հայտարարեց նա: Այս հայտարարությունը որոշ հանրապետականների ակնհայտ դժգոհությունն առաջացրեց, ինչին ի պատասխան Վ.Հովհաննեսյանը հայտնեց, որ դա իր անձնական կարծիքն է, և եթե ինչ-որ մարդկանց դուր չի գալիս, կարող են դուրս գալ դահլիճից: Նա նշեց նաև, որ օրակարգից մի շարք հարցեր հանելը ՙշատ մեծ նվաճում է ԱԺ-ի կողմից, և ԱԺ-ի արժանապատվության խնդիր էր՚:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 998 անգամ:
Print Friendly

Leave a Reply