Անբավարարներ և բավարարներ արտաքին ընթացիկ գնահատումներից

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | December 16, 2010 16:46

Ավագ դպրոցների 10-րդ դասարաններում իրականացված արտաքին ընթացիկ գնահատման տվյալներն ամփոփված են, ըստ այդմ` հայոց լեզվից անբավարար գնահատական է ստացել աշակերտների   24,8 տոկոսը, մաթեմատիկայից` 35,5 տոկոսը: Հայոց լեզվի միջին գնահատականը 4,2 է, մաթեմատիկայինը` 4,0:  Առավելագույն գնահատականը հայոց լեզվից եղել է 8-ը` գնահատման 10 բալանի համակարգով, մաթեմատիկայից`9-ը:  Քննություն հանձնած աշակերտների 63,2 տոկոսը հայոց լեզվից և 54,7  տոկոսը մաթեմատիկայից վաստակել են 4-5 /բավարար/բալ:

Հայաստանում ավագ դասարաններում սովորում է 29463 աշակերտ, որոնցից 10885-ը` ավագ դպրոցներում:

Գնահատման և թեստավորման կենտրոնը, իրականացնելով իր հիմնական գործառույթներից մեկը, արտաքին գնահատում է անցկացրել հանրակրթական դպրոցներում:  ԳԹԿ-ն ուսումնական տարվա սկզբին` սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին արտաքին գնահատում է իրականացրել հանրապետությունում գործող ավագ դպրոցներում` «հայոց լեզու, գրականություն»  և «մաթեմատիկա» առարկաներից, նոյեմբերին` 5-րդ և 6-րդ  դասարաններում համապատասխանաբար «հայոց լեզու» և «օտար լեզու» առարկաներից և դեկտեմբերի սկզբին 7-րդ, 8-րդ դասարաններում` բնագիտական առարկաներից:

«Ավագ դպրոցում արտաքին գնահատում իրականացնելով նպատակ ենք ունեցել պարզել, թե այստեղ աշակերտները հիմնական դպրոցից գիտելիքների ինչ մակարդակով են եկել,- ասում է ԳԹԿ տնօրեն  Գուրգեն Խաչատրյանը,- հաջորդ երկու տարիներին այս աշակերտների գիտելիքները պարբերաբար ստուգվելու են` արձանագրելու, թե որքանով առաջընթաց կլինի»:  Խաչատրյանն ասում է, որ նման ստուգումները հնարավորություն կտան պարզել, թե ավագ դպրոցը որքանով է արդյունավետ և ինչպես է կատարում իր առջև դրված խնդիրները:

«Հաջորդ արտաքին գնահատման ժամանակ, այսինքն մայիսին, կհամեմատենք նաև սովորական դպրոցների բարձր դասարանները ավագ դպրոցների հետ` պարզելու տարբերությունները և գիտելիքների մակարդակը»,- ասում է Խաչատրյանը:

ԳԹԿ տնօրենը արտաքին գնահատումը կարևորում է` նշելով, որ այն ցույց է տալիս կրթության ոլորտում առկա իրական պատկերը, բացթողումները, արդյունքների  վերլուծությունների միջոցով էլ հնարավոր կլինի առկա խնդիրներին լուծումներ գտնել:

Ամփոփելով տարբեր մարզերում արձանագրված արդյունքները` Խաչատրյանը նշում է, որ Երևանը կրթության որակով զիջում է Տավուշի և Սյունիքի մարզերին: Հանրապետությունում ամենացածր գնահատականներն էլ ստացել են Արմավիրի դպրոցականները:

Խաչատրյանը նշում է, որ արդյունքներից իրենք գոհ չեն, սակայն նման պատկեր ակնկալում էին` ելնելով անցած տարվա տվյալներից:

«Մեր կազմած թեստերը եղել են 9-րդ դասարանի ավարտական թեստերի անալոգը և բարդ չեն եղել,- ասում է Խաչատրյանը:- Այսպիսին է մեր կրթության վիճակը»:

Խաչատրյանը նշում է, որ դպրոցականները հիմնականում չեն կարողանում իրենց մտքերը շարադրել կապակցված գրավոր խոսքի միջոցով:

Աշակերտների կողմից հաճախ թույլ տրված սխալներից է բառերի սխալ իմաստով գործածությունը, ենթակայի և ստորոգյալի անհամաձայնությունը  և այլն /օրինակ,  «հոբելյանի ծնունդ», «մնջախաղի խաղ», «դահլիճը ցնցված էին»/:  Հայաստանցի դպրոցականները  նաև միօրինակ են գրում շարադրություն. այն կամ անավարտ են թողնում, կամ էլ  եզրափակում են «Ես երբեք այդ օրը չեմ մոռանա» նախադասությամբ: Խաչատրյանի կարծիքով` այս խնդիրը կլուծվի, երբ աշակերտները սկսեն գրքեր կարդալ, որպեսզի նաև համապատասխան բառապաշար ունենան իրենց մտքերն արտահայտելու համար:

Խաչատրյանը նշում է, որ այսօր լավ սովորող աշակերտի և ուսանողի համար մասնագիտական հեռանկարներ չկան, իսկ «եթե լավ սովորելով հեռանկար չես տեսնում, դժվար է որակ ակնկալել: Պետք է լավ սովորելը խրախուսելու միջոց գտնենք»:

Գնահատականների պատկերը գրեթե նույնն է նաև ցածր դասարաններում: 5-րդ դասարանցիների միջին գնահատականը  մայրենի լեզվից 5,8 է, մաթեմատիկայից` 4,5, անբավարար են ստացել համապատասխանաբար 11,6 և 28,4 տոկոսը:

Վեցերորդ դասարանում, որտեղ ԳԹԿ-ն նպատակ է ունեցել ստուգել օտար լեզուների իմացության մակարդակը, անգլերենից միջին գնահատականը 4,2 է, գերմաներենից` 3,9, ֆրանսերենից` 3,1:  Օտար լեզուներից անբավարար ստացողների թիվն էլ է մեծ, անգլերենից 42,6 տոկոսը, գերմաներենից` 56,7 տոկոսը և ֆրանսերենից` 68,5 տոկոսը:

Իսկ բնագիտական առարկաների ստուգումների տվյալները դեռևս ամփոփված չեն:

Դիտվել է 2273 անգամ:
Print Friendly

Leave a Reply