«էնքան խորամանկություն չունեն, որ տարբեր խմբերի տանելիս, նույն բլբլած շենքը ցույց տան». Սամվել Կարապետյան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 16, 2010 14:00

«Արևմտյան Հայաստանում Չարենցի տուն գոյություն չունի, եկեք էս կեղծիքից գոնե մեզ ազատենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

ԿԱրապետյանը վստահեցնում է, որ 1990-ականների վերջի դրությամբ ոչ մի քուրդ Չարենցի մասին, անգամ, չգիտեր, և զարմանալի է, որ այսօր քրդերը հայ զբոսաշրջիկներին Չարենցի տունն են ցույց տալիս.

«Ստամբուլից էլ մարդիկ են գտնվում, որ պատրաստ են հսկայական գումարներով նրանց մատնացույց արած շենքը գնել, իսկ քրդերն օր օրի գին են թանկացնում,-ասում է նա:

Նրա խոսքով, Չարենցի տան մասին կարող է վկայել, օրինակ, 100-ամյակի շեմին գտնվող նկարչուհի Հեղինե Աբրահամյանը՝ Կարսի Առաքելոց եկեղեցու քահանայի թոռնուհին, ով ևս ծնվել է Կարսում և պատմում է, որ Չարենցի տունը գտնվել է երկաթյա կամրջի դիմաց՝ երկհարկանի մի տուն, սև քարով կառուցված.

«Արխիվային լուսանկար էլ կա, որի հիմնա վրա նաև բացիկ է թողարկվել, և այդ կինը մատով ցույց է տալիս ու ասում՝  ա´յ սա է Չարենից տունը, սակայն այսօր այդ թաղամասն առհասարակ գոյություն չունի և գոյություն չունի նաև Չարենցի տունը»,-ասում է Կարապետյանը:

Հուշարձանագետը հիշում է, որ 2000 թվականին, երբ մասնակցում էր մի ուխատգանցության, խմբի ղեկավարը մի խարխուլ շենք ցույց տվեց՝ ասելով, թե դա Չարենցի տունն է.

«Բոլորը ոգևորված սկսեցին նկարել այդ տունը, սակայն ուխտագնացության մասնակցած մեկ այլ խմբի մասնակից մի օր ինձ ցույց   տվեց մի լուսանկար՝ ասելով, որ սա Չարենցի տունն է: Ես զարմացա, քանի որ այն տունը, որ մեզ էին ցույց տվել, բոլորովին կապ չուներ այս մեկի հետ»,-ասում է նա ,-գոնե էնքան խորամանկություն չունեն, որ տարբեր խմբերի տանելիս, նույն բլբլած շենքը ցույց տան»:

Հուշարձանագետը, խոսելով Արևմտյան Հայաստանում պատմական հուշարձանների վիճակի մասին՝ ասաց, որ դրանց թիվն օրեցօր պակասում է, և քանի դեռ մեր երկիրը դիվանագիտական հարաբերություններ չունի Թուրքիայի հետ, խնդիրը մնում է առկախ:

«Ուսումնասիրելով անցած մի քանի տասնամյակների ընթացքում Արևմտյան Հայաստանում գտնվող պատմական հուշարձաններին վերաբերող տվյալները՝ միանգամից ակներև է, որ ցեղասպանության միջոցով Արևմտյան Հայաստանը բնիկներից պարպելուց հետո թուրքական իշխանությունները լծվել են բնիկներից ավանդված նյութական մշակույթի հուշարձաններն անհետացնելու գործին,-այս մասին հուշարձանագեը գրել է «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» կողմից լույս տեսնող «Վարձք» հանդեսում:

Կարապետյանն այսօր լրագրողներին ներկայացրեց նաև հանդեսը, որը լույս է տեսնում տարվա սկզբից և որի նպատակն է իրենց կատարած ուսումնասիրությունները հասու դարձնել հասարակության լայն զանգվածներին:

Առայժմ լույս է տեսել «Վարձքի» երկու համար: Երկրորդ համարն ամբողջությամբ նվիրված է Արևմտյան Հայաստանի պատմական հուշարձանների վիճակին: Հաջորդ համարներն, ըստ հերթականւթյան, նվիրված կլինեն Ադրբեջանի, Վրաստանի, ապա Իրանի հայկական հուշարձաններին:

Դիտվել է 1575 անգամ:
Print Friendly

Leave a Reply