Ամանորյա միջոցառումները Երևանում կշարունակվեն մինչև հունվարի 6-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 16, 2010 10:53
Ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը մայրաքաղաքում կտրվի Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելով: Միաժամանակ տոնական լուսավորություն կլինի ողջ քաղաքում։ 31 մետր բարձրությամբ Հանրապետության գլխավոր տոնածառն այս տարի զարդարվել է 72 աստղիկներով և 4000 տարբեր գույների խաղալիքներով: Տոնածառի վրա կվառվեն 32 000 լուսադիոդային լամպեր: Մայր տոնածառը հավաքվել է եղևնու բնական 6000 ճյուղերով, որոնք բերվել են սանիտարական հատումներից:
Վարչական բոլոր շրջաններում նույնպես տեղադրվել են տոնածառեր: Տոնական լուսավորություն կլինի ոչ միայն մայրաքաղաքի կենտրոնում, այլև վարչական մյուս շրջաններում:
Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը Հանրապետության հրապարակում նախատեսում է անցկացնել շքեղ տոնական համերգային ծրագրեր։
Դեկտեմբերի 31-ին ժ. 13:00-ից Հանրապետության հրապարակում կմեկնարկի տոնական համերգը` մանկական համույթների և պարային խմբերի, հեքիաթային հերոսների մասնակցությամբ։ Սիրված հեքիաթների հերոսների մասնակցությամբ կկազմակերպվեն նաև մանկական խաղեր։
Երեկոյան ժ. 23:00-ից կսկսվի տոնական համերգը` էստրադայի աստղերի, պարային խմբերի մասնակցությամբ, որը ժ. 24:00-ին կուղեկցվի շքեղ հրավառությամբ: Համերգը կշարունակվի մինչև ուշ գիշեր `ժ. 04:00-ն։
Հունվարի 1-6-ը Հանրապետության հրապարակում կանցկացվեն ցերեկային միջոցառումներ` հեքիաթային հերոսների մասնակցությամբ: Այդ օրերին երեկոյան ժ. 18:00-ից 22:00-ն Dj-ները կանցկացնեն տոնական համերգային դիսկոտեկ։
Դեկտեմբերի 6-ից տոնական միջոցառումները մեկնարկել են Ազատության հրապարակում: Ժ.15:00-ից 18:00-ն այստեղ անց են կացվում ցերեկային համերգային ծրագրեր` մանկական համույթների, պարային խմբերի, անհատ կատարողների մասնակցությամբ։
Տոնական միջոցառումներն Ազատության հրապարակում կշարունակվեն մինչև հունվարի 6-ը:
Սահադաշտի վերածված Կարապի լճում դեկտեմբերի 30-ից մինչև 2011թ. հունվարի 6-ը կանցկացվեն գեղասահքի տոնական ցերեկային ծրագրեր` Ձմեռ պապի և Ձյունանուշի մասնակցությամբ։ Նախատեսվում են խմբակային պարեր հայ և ռուս կոմպոզիտորների երաժշտությունների ուղեկցությամբ, մենապարեր, զուգապարեր, «Բուրատինո» հեքիաթ-պար` գեղասահքի մարզադպրոցի սաների մասնակցությամբ։
Օրական 30 րոպե տևողությամբ կանցկացվի նաև հոկեյի մրցաշար:
Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում կազմակերպված բոլոր միջոցառումներին կմասնակցեն Ձմեռ պապն ու Ձյունանուշը, ովքեր կաշխատեն անվճար:
Տոնական միջոցառումներ կանցկացվեն նաև մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն






Facebook
Tweet This
Email This Post
