Ներկայացվել է առողջապահության ոլորտում էլեկտրոնային լիցենզավորման համակարգը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | December 16, 2010 10:43

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը ներկայացրել է առողջապահության համակարգի բարեփոխմանն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված ծրագրի շրջանակներում մշակված և ներդրված էլեկտրոնային լիցենզավորման համակարգը: Այն նպատակ է հետապնդում նվազեցնել պետական մարմին-քաղաքացի շփումները, դյուրացնել քաղաքացիների և իրավաբանական անձանց համար լիցենզավորման փաստաթղթերը ներկայացնելու և լիցենզիաներ ստանալու ընթացակարգերը:

ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283–Ն որոշման համաձայն` հանրապետական գործադիր մարմինների կողմից բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաներ ստանալու համար հայտատուի հայեցողությամբ անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմին ներկայացվել էլեկտրոնային համակարգի միջոցով, հետևյալ հասցեով` www.e-gov.am/licenses:

Հայտատուն լիցենզավորող մարմին է ուղարկում համապատասխան լիցենզիա ստանալու համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերի տեսաներածված պատճենները` DOC, DOCX, PDF, JPEG, XLS կամ XLSX ֆորմատների ֆայլերի տեսքով: Լիցենզիա ստանալու համար հայտատուի կողմից օրենքով նախատեսված պետական տուրքի վճարումը ՀՀ պետական բյուջեի համապատասխան հաշվին հաշվեգրված լինելու մասին տեղեկատվությունը լիցենզավորող մարմնի կողմից ճշտվում է լիցենզավորող մարմնի համապատասխան ստորաբաժանման միջոցով` պետական միասնական գանձապետական համակարգում:

Լիցենզիա ստանալու մասին հայտը համարվում է ընդունված լիցենզավորող մարմնում մուտք լինելու օրվանից: Տվյալ մարմնում լիցենզիա ստանալու մասին հայտը մուտքագրված լինելու փաստը հավաստվում է հետադարձ ծանուցմամբ՝ նույն աշխատանքային օրվա ընթացքում, որը պարունակում է 12-նիշանոց ծածկագիր: Հայտատուն հայտի ընթացքին կարող է հետևել նշված 12-նիշանոց ծածկագրով` համակարգ մուտք գործելու միջոցով:

Ներկայացված փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ՝ օրենքով սահմանված կարգով նախազգուշացումը ստանալու դեպքում հայտատուն կարող է օրենքով նախատեսված 10-օրյա ժամկետում ուղարկել անհրաժեշտ ուղղված փաստաթղթերի տեսաներածված պատճենները:

Լիցենզիա ստանալու մասին հայտը մուտքագրվելուց հետո 7 օրվա ընթացքում, եթե ներկայացված փաստաթղթերը և նյութերը թերի չեն, լիցենզավորող մարմինն այն էլեկտրոնային հասցեին կամ հեռախոսահամարին, որը նշված է հայտում, տեղեկացնում է փաստաթղթերում և նյութերում նշված տեղեկատվության հավաստիության ուսումնասիրման անհրաժեշտության մասին՝ նշելով այցի ամիսը, ամսաթիվը և հնարավոր ժամը: Սույն կետում նշված տեղեկացումն ուղարկվում է, եթե նման ուսումնասիրության անհրաժեշտություն նախատեսված է օրենքով կամ լիցենզավորման կարգով:

Լիցենզավորման հանձնաժողովում հարցերի քննարկման մասին հրավերն ուղարկվում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետներում` այն ուղարկելով հայտում նշված էլեկտրոնային հասցեին կամ հայտում նշված հեռախոսահամարով:

Եթե ներկայացված փաստաթղթերը և նյութերը թերի են, ապա լիցենզավորող մարմինը սույն կարգով նախատեսված տեղեկացումը կատարում է ուղղված փաստաթղթերը և նյութերն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում:

Հայտատուն սույն կարգով նախատեսված անհրաժեշտ նոր փաստաթղթերը կամ նյութերը ներկայացնում է ի լրումն ներկայացված հայտի` իրեն արդեն իսկ տրամադրված 12-նիշանոց ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով:

Լիցենզավորող մարմինը լիցենզիա ստանալու մասին հայտի մերժման կամ լիցենզիա ստանալու մասին հայտի բավարարման դեպքում դրա մասին հայտատուին տեղեկացնում է այն էլեկտրոնային հասցեով կամ հեռախոսահամարով, որը նշված է հայտում: Հայտատուն լիցենզիայի ընթացքին կարող է ծանոթանալ իրեն տրամադրված 12-նիշանոց ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով:

Ինչը վերաբերվում է լիցենզիայի վերաձևակերպման հայտին լիցենզավորող մարմինը լիցենզիայի վերաձևակերպման հայտի բավարարման դեպքում դրա մասին հայտատուին տեղեկացնում է այն էլեկտրոնային հասցեով կամ հեռախոսահամարով, որը նշված է հայտում: Նաև հայտատուն լիցենզիայի վերաձևակերպման հայտի ընթացքին կարող է ծանոթանալ իրեն տրամադրված 12-նիշանոց ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով:

Լիցենզիայի վերաձևակերպման հայտի մերժման հիմքերի առկայության դեպքում իրականացվում է քննարկում` լսումների կարգով, որի մասին լիազոր մարմինը պատշաճ կերպով տեղեկացնում է հայտատուին:

Համապատասխան տեղեկությունն ստանալուց հետո հայտատուն 3 աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորող մարմին է ներկայացնում վերաձևակերպման ենթակա լիցենզիայի և հայտին կից ներկայացված փաստաթղթերի բնօրինակները: Հայտատուի հայեցողությամբ՝ վերաձևակերպման ենթակա լիցենզիայի բնօրինակը կարող է ներկայացվել նաև լիցենզիայի վերաձևակերպման հայտը ներկայացնելուն զուգընթաց:

Լիցենզիան հայտատուին է հանձնվում հայտին կից ներկայացված այն փաստաթղթերի բնօրինակները ներկայացնելու դեպքում, որոնք օրենքով կամ լիցենզավորման կարգով լիցենզավորման մարմին պետք է ներկայացվեն բնօրինակի տեսքով (իսկ լիազորված անձի դեպքում` նաև համապատասխան լիազորագիրը և անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելու դեպքում): Տվյալ փաստաթղթերը չեն ներկայացվում, եթե լիցենզիա ստանալու կամ վերաձևակերպելու մասին հայտը և փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստորագրված են էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

Լիցենզավորող մարմինը փաստաթղթերի բնօրինակներն անմիջապես տեղում համեմատում է հայտին կցված փաստաթղթերի տեսաներածված պատճենների հետ, որից հետո փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են հայտատուին՝ բացառությամբ պետական տուրքի վճարման անդորրագրի, իսկ լիցենզիայի վերաձևակերպման դեպքում՝ նաև ներկայացված լիցենզիայի բնօրինակի: Նշված փաստաթղթերի բնօրի¬նակ¬ները չներկայացվելու դեպքում լիցենզիան հայտատուին չի հանձնվում:

Լիցենզիայի բնօրինակը հայտատուին է հանձնվում վերջինիս կողմից լիցենզիա ստանալու կամ լիցենզիան վերաձևակերպելու մասին հայտն ստորագրվելուց, իսկ իրավաբանական անձի դեպքում` նաև կնքվելուց հետո՝ բացառությամբ այն դեպքերի, երբ փաստաթղթերը սահմանված կարգով ստորագրված է էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

Եթե հայտատուն լիցենզիա ստանալու կամ լիցենզիան վերաձևակերպելու մասին հայտը բավարարվելու վերաբերյալ ծանուցվելուց հետո 20 օրվա ընթացքում լիցենզիան ստանալու համար չի ներկայանում լիցենզավորող մարմին, ապա էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացված փաստաթղթերը կամ նյութերը համարվում են օրենքին և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին չհամապատասխանող, իսկ լիցենզիա տալու մասին լիցենզավորող մարմնի համապատասխան հրամանն օրենքով սահմանված կարգով ճանաչվում է անվավեր: Սույն կետի պահանջը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ փաստաթղթերը սահմանված կարգով ստորագրված են էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

Լիցենզավորող մարմնի լիցենզիաները տալու նախապատրաստական աշխատանքներն իրականացնող ստորաբաժանումը սույն կարգով նշված անվավեր ճանաչման ենթակա հրամանների մասին ամսական կտրվածքով տեղեկատվություն է ներկայացնում լիցենզավորող մարմնի ղեկավարին:

Այն դեպքում, երբ հայտատուի կողմից լիցենզիա ստանալու մասին հայտը ներկայացվել է և´ էլեկտրոնային, և´ թղթային տարբերակներով, ապա լիցենզավորող մարմինը համադրում է ներկայացված փաստաթղթերի էլեկտրոնային և թղթային տարբերակները և սահմանված կարգով ընթացք է տալիս հայտի թղթային տարբերակին:

Սույն կարգը նախատեսում է նաև լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակն ստանալու համար համապատասխան փաստաթղթերը կամ նյութերը ներկայացնելը լիցենզավորող մարնին էլեկտրոնային տարբերակով, որը ընդանում է վերը նշված կարգին համաձայն:

Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժին

Դիտվել է 2153 անգամ:
Print Friendly

Leave a Reply