Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստ է անցկացրել. քննարկվել է Երեւանի քաղաքապետի թեկնածության հարցը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 16, 2010 2:05

Քիչ առաջ ավարտվել է Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որին մասնակցել է նաեւ կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչպես NEWS.am-ին հայտնել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, գործադիր մարմնի նիստում որոշում է կայացվել, վաղը՝ դեկտեմբերի 16-ին հրավիրել ՀՀԿ խորհրդի նիստ որի ժամանակ էլ որոշվելու է Երեւանի քաղաքապետի թեկնածուի անունը: Այդ նիստին եւս կմասնակցի Սերժ Սարգսյանը:

Երեւանի ավագանին դեկտեմբերի 17-ին նիստ է գումարելու եւ ընտրելու է մայրաքաղաքի քաղաքապետին:

Մեր հավաստի աղբյուրների համաձայն, Երեւանի քաղաքապետ է ընտրվելու «Հայռուսգազարդ» ընկերության վարչության նախագահ Կարեն Կարապետյանը: Ավելի վաղ շրջանառվում էր եւս երկու թեկնածուի՝ փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ավագանում ՀՀԿ խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյանի անունները, սակայն որոշումէ կայացվել, որ քաղաքապետ կընտրվի Կարեն Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, երբ հայտնի էր դարձել, որ նա ծեծի է ենթարկել նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին:

Դիտվել է 1443 անգամ:
Print Friendly

Leave a Reply