Հայաստանում 2082 հարցվողների 44 տոկոսն իր գումարի 51 տոկոսից ավելին ծախսում է սննդի վրա

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 28, 2009 15:09

Հեղինե Մանասյան, Յուրի Սուվարյան

Ձախից`Հեղինե Մանասյան, աջից`Յուրի Սուվարյան

Ըստ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի(ՀՌԿԿ) հետազոտության արդյունքների՝  Հայաստանում «ապրուստի միջոցները բավարար չեն»  հարցվածների 29 տոկոսի համար:

Կենտրոնի`Տվյալների հավաքագրման նախաձեռնություն(ՏՀՆ) ծրագրով կատարված հարցումները ցույց են տվել, որ Ադրբեջանում հարցվածների 15 տոկոսն է համարում, որ ապրուստի միջոցները բավարար չեն, Վրաստանում՝ 20 տոկոսը:

Հայաստանում հարցվողների 44 տոկոսն իր գումարի 51 տոկոսից ավելին ծախսում է սննդի վրա:

Այսօր ՀՌԿԿ-Հայաստան կենտրոնը հրապարակեց 2008թ. ՏՀՆ ծրագրի արդյունքները: Ծրագրի նպատակը 3 Հարավկովկասյան երկրներում սոցիալական, քաղաքական և տնտեսական գործընթացների վերաբերյալ տվյալների հավաքագրումն է: Հետազոտությունն անցկացվել է մոտ 6000 չափահասների շրջանում. 2082` Հայաստանից, 2014՝ Ադրբեջանից և 1837՝ Վրաստանից: Հարցաթերթիկում ընդգրկված է 140 հարց:

ՀՌԿԿ-Հայաստան ծրագրի տնօրեն Հեղինե Մանասյանի խոսքով`2007թ. մարդկանց` պատասխանելու պատրաստակամությունը  կազմել է 30 տոկոս, իսկ այս տարի` 15 տոկոս:

«21-րդ դարում ինֆորմացիան շատ կարևոր է,-ասում է Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սուվարյանը,- հատկապես կառավարման ոլորտում, և քաղաքական որոշումներ կայացնելու համար խիստ կարևոր է ճշգրիտ ու հավաստի ինֆորմացիա ունենալը»:

Բոլոր երկրներում մարդկանց 60 տոկոսից ավելին պատասխանել են, որ գլոբալիզացիան սպառնում է ազգային մշակույթին:

Հեղինե Մանասյանին մտահոգել է այն փաստը, որ ազգային քաղաքականության վերաբերյալ մեծացել է «չգիտեմ» պատասխանի տեսակարար կշիռը. «Դա նշան է այն բանի, որ մարդիկ վախենում են իրենց դիրքորոշման մասին խոսել»:

Առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը նկատեց, որ ազգային քաղաքականության մասին հետազոտության մասը ճշգրտման կարիք ունի: «Պետք էր հստակեցնել, թե ազգային քաղաքականություն ասելով` ինչ նկատի ունենք,- ասաց Հակոբյանը,-Դա խիստ անորոշ ձևակերպում է:Ազգային քաղաքականությունը կարող է ունենալ տարբեր ուղղվածություններ՝ սոցիալական, տնտեսական և այլն»:

Հայաստանում հարցվածների 70 տոկոսը կարծում է, որ պետությունը ծնողի նման պետք է հոգ տանի իր քաղաքացիների մասին, մինչդեռ Վրաստանում մոտ 48 տոկոսը համարում է, որ պետությունը վարձու մարմին է` իր քաղաքացիների շահերին ծառայելու համար:

ՀՌԿԿ ՏՀՆ ծրագիրն իրականացվում է 2004թ.-ից: Սկզբում հետազոտությունն անցկացվել է 3 հանրապետությունների մայրաքաղաքներում, այնուհետև ընդգրկել է նաև քաղաքային և գյուղական բնակավայրեր:

Դիտվել է 1869 անգամ:
Print Friendly

Leave a Reply