ԹԵՅ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 13, 2010 14:43

Չինաստանում  թեյը  հայտնի  էր  մեր  թվականությունից  2700  տարի  առաջ:   Ավելի  ուշ  այն  հայտնվեց  Ճապոնիայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում  ու  Շրի  Լանկայում:

Ռուսաստանում  թեյը`  որպես  ըմպելիք,  առաջին  անգամ  օգտագործեցին  ավելի  քան  200 տարի  առաջ, ցարական  արքունիքում, իսկ  թեյի  թփեր   փորձեցին մշակել միայն  XIX դարի  սկզբին:

1780 թ.  անգլիացի  գործարարները  փորձեցին  թեյ աճեցնել Հնդկաստանում,  սակայն  այդ  թեյը  դատապարտված  էր  մրցելու  չինական  թեյի  հետ:   1882-ին  ողջ  Ցեյլոնում  սրճի  զանգվածային  ոչնչացում  էր  տեղի  ունենում,  և  փոխարենը  սկսվեց  թեյի  մշակումը:  Այսօր  արդեն  թեյ-ըմպելիքը  և  թեյ-բույսը  մեծ  տարածում  ունեն:  Թեյի  արտադրություն է  իրականացնում ավելի  քան  30  պետություն:

Արևադարձային  երկրներում  թեյի  թփերը  ծաղկում  և  սերմնակալում  են  գրեթե  ամբողջ  տարին:  Դրա  ծաղիկներն  սպիտակ  են  կամ  վարդագույն, 5-7  թերթանի:

Բայց  թեյի  թփերը  մշակում  են  ոչ  թե  ծաղիկների  ու  սերմերի,  այլ  մատղաշ  ու  նուրբ  ընձյուղների  համար, որոնցից  պատրաստում  են  բուրումնավետ  ու  թարմացնող  թեյի  ըմպելիքը:

Թեյը`  որպես  բույս,  պատկանում  է  կամելիաների  դասին:  Այն լինում  է  սև  ու  կանաչ, սորուն  և  ձողաձև, աղյուսաձև  ու  սալիկաձև  մամլած:  Բայց  մինչև  մեր  սեղանին  հասնելը  թեյի  յուրաքանչյուր  տերև   ենթարկվում  է  բազմաթիվ  գործողությունների . այն  թառամեցնում  են, ոլորում, չորացնում, տեսակավորում  և  փաթեթավորում:  Այդ  ամենն  անում  են  մեքենաները, իսկ  մարդիկ  հետևում  են, որ  թեյը  չկորցնի  իր  արժեքավոր  հատկությունները, նրա  մեջ  պահպանվեն  կոֆեինը, տանինը  և եթերայուղերը:  Կոֆեինն  առաջացնում  է  առույգության  զգացում, տանինն ըմպելիքին  տտիպ  համ  է  հաղորդում, իսկ  եթերայուղերը` հաճելի  բույր:

Մերի ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Դիտվել է 1018 անգամ:
Print Friendly

Leave a Reply