Ցեղասպանագետ. «Դատավճռի ի կատար ածումն պայմանավորված է միջազգային հարթակում ուժային հարաբերակցությամբ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 15, 2010 14:43

Աշխարհի 18 երկրներից ժամանած գիտնականներն ու փորձագետները այսօր Անի պլազա հյուրանոցում քննարկում էին ցեղասպանության հետևանքների վերացման մեխանիզմները և մոտեցումները` «Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» թեմայով միջազգային գիտաժողովի շրջանակներում:

Ամերիկահայ պատմաբան, ցեղասպանագետ Վահագն Դադրյանն ասում է, որ ցեղասպանության դեպքում երեք ասպեկտ պետք է դիտարկել. օբյեկտիվ նախաքննություն, այդ թվում և ոճրագործների հետապնդում, բուն դատաքննություն և դատավճիռ: Դադրյանն ասում է, որ Հայոց ցեղասպանության դեպքում դատավճիռն անորոշ ժամանակով հետաձգված է:

Դադրյանը ցեղասպանությանը վերաբերող դատավճռի իրականացումը պայմանավորում է միջազգային հարթակում ուժային հարաբերակցությամբ: Պատմաբանը նշում է, որ հրեաների հոլոքոստին վերաբերող նյուրենբերգյան դատավճիռը ի կատար ածվեց, քանի որ նացիստները պարտվել էին երկրորդ համաշխարհային պատերազմում: Նրա խոսքով` Հայոց ցեղասպանությունը իրականացրած Թուրքիան ևս պարտվել էր առաջին համաշխարհայինում, և 2 տարի շարունակ իրականացվում էր ոճրագործների քրեական հետապնդում: «Սակայն մինչև դատավճռի ի կատար ածումն աշխարհում ուժային հարաբերակցությունը փոխվեց, քեմալականների վերելքով միջազգային իրավունքը 2-րդ պլան մղվեց»,- ասում է Դադրյանը:

Դադրյանը նաև նշում է, որ 1-ին համաշխարհայինում հաղթանակ տարած գերտերությունների շահերը տարանջատվեցին, դաշնակիցների մեջ անմիաբանություն ստեղծվեց, ինչը և պատճառ դարձավ, որ ոճրագործների պատիժը չիրագործվի: Իսկ հզորացող Թուրքիան, որ մինչ այդ ընդունում էր Ցեղասպանությունը, իսկ թուրք սուլթանն էլ հայերին դեմ կատարվածը որակում էր մարդկության դեմ կատարված ոճրագործություն, սկսեց վարել ժխտողական քաղաքականություն:

Դիտվել է 1725 անգամ:
Print Friendly

Leave a Reply