Ի՞նչ է «հուշում» Մոսկվայի Մանեժնի հրապարակում անցկացվող ցույցը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | Աննա Մուրադյան | December 15, 2010 12:04
Դեկտեմբերի 11-ին Մոսկվայի Մանեժնի հրապարակում՝ «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի սպանված երկրպագու Եգոր Սվիրիդովի հիշատակին նվիրված բազմահազար չարտոնված հանրահավաքը սպառնում է վերաճել ռուսական շովինիստական հզոր ալիքի:
Դեկտեմբերի 6-ին սպանվել է Եգոր Սվիրիդովը: Սպանության մեղադրանքով ձերբակալվել է Ասլան Չերքեզովը (Կաբարդինո-Բալկարիայից), որն ասել է, թե իր գործողությունները թելադրվել էին ինքնապաշտպանությամբ:
Ֆուտբոլային երկրպագուի մահվանը նվիրված ցույցեր են անցկացվել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Դոնի Ռոստովում, իսկ հանգստյան օրերին այն վերածվել է ծեծուջարդի, և իրավիճակը խիստ սրվել է:
Ցույցին միացել են ռուս ազգայնականներ, որոնք «մոռացել են», որ այն նվիրված էր ֆուտբոլային երկրպագուի մահվանը: Նրանք տանում էին՝ «Ռուսաստանը` ռուսներին, Մոսկվան` մոսկվացիներին», «Մահ խաչիկներին», «Եգոր Սվիրիդովին սպանել է կովկասցին» կարգախոսներով ցուցապաստառներ:
Բողոքի ցույցը վերաճել է ջարդերի: Ցուցարարները ծեծել են ոչ սլավոնական արտաքինով անցորդների, հետո ներխուժել են մետրոյի կանգառ ու ծեծել կովկասյան ծագմամբ մարդկանց: Տուժածների մեջ եղել են երկու 15-ամյա հայ երիտասարդներ, որոնք վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Ռուս ազգայնականների այս գործողությունները, որոնք, ըստ մեկնաբանների, ֆուտբոլի երկրպագուի մահն օգտագործել են նախապես ծրագրված լայնամասշտաբ գործողություններ իրականացնելու համար, լայն արձագանք է գտել և այսօր ամենաքննարկվող թեմաներից է:
Դեպքին անդրադարձավ ՌԴ վարչապետ Պուտինն իր Թվիթերյան բլոգում. «Այսօր Մանեժնայայում, Մոսկվայում և երկրում ամեն ինչ հսկողության տակ է: Բոլորի հետ, ովքեր անկարգություն են արել, հաշիվ կմաքրենք: Բոլորի: Չկասկածե՛ք»:
Lenta.ru-ն գրում է, որ դեպքերի կապակցությամբ հարուցված է 11 քրեական գործ, կան ձերբակալվածներ:
Ի տարբերություն ռուսական լրատվամիջոցների չոր տեղեկատվության` ռուսական բլոգոսֆերայում առատ տեղեկատվություն կա՝ դեպքերի մանրամասն նկարագրություններով ու տեղում արված լուսանկարներով:
«Ամենից շատ ինձ զարմացրեց իշխանությունների արձագանքն այդ ակցիային,- գրում է Իլյա Վարլամովն իր բլոգում,- դրա մասին հայտնի էր 3 օր առաջ: Բայց և այնպես ոչինչ չէր արվել, որպեսզի կանխվեին անկարգությունները: Բացի այդ, ես չկարողացա հասկանալ, թե ինչու էին ռուս երկրպագուները հայրենասիրության պոռթկման ժամանակ երկաթի կտորներով, շշերով և վառվող ջահերով խփում ռուս միլիցիոներներին»:
Նա գրում է նաև, որ իր աչքի առաջ լրիվ մերկացրին մի ուզբեկի և ուշագնացության աստիճան ծեծեցին նրան: Դրան հետևում էին քիչ հեռու կանգնած 10 միլիցիոներներ, որոնք ոչինչ չկարողացան անել:
Հայաստանում հայտնի «f5blog» կայքի հեղինակներից մեկը, որ ՌԴ հայ քաղաքացի է, գրում է. «Եվս մեկ փաստ, որի մասին դեռևս չեմ հանդիպել ոչ մի ԶԼՄ-ում. կենտրոնի գետնանցումներից մեկում սպանվել է մեկ մոսկվացի հայ, 15 դանակի հարված և …»:
Շատ վերլուծաբաններ ազգայնական այս դրսևորումների մեջ աղերսներ են տեսնում 88-ի Բաքվին և Ցեղասպանությանը նախորդող ջարդերի հետ:
Ուկրաինայում՝ «Անիվ» հայկական ռուսալեզու ամսագրի գլխավոր խմբագիր Կարեն Աղեկյանն իր բլոգում գրում է, որ ճիշտ կլիներ` Ռուսաստանում ապրող հայերը լսեին «այդ բարի» մարդկանց, որոնք դեռ զգուշացնում են, որ Ռուսաստանը ռուսներինն է:
«Շշմեցուցիչ է, որ հայերը, որոնք առանձնանում են ընտանիքի և իրենց երեխաների նկատմամբ ուշադրությամբ, անվտանգության բնազդ չունեն,- գրում է նա:- Թե՛ Օսմանյան կայսրությունում և թե՛ Սովետական Ադրբեջանում մինչև աչքի առաջ չտեսնեին գողություն և արյուն, իրենք իրենց համոզում էին, որ «ինչ-որ կերպ հարցերը կլուծվեն»: Իրենց խղճուկ տներին կպչելու փոխարեն լավ կլիներ, որ հավաքեին իրենց իրերը, քանի դեռ հավաքելու բան կա և մարդ կա, որ հավաքի դրանք»:
Այդ մասին իր բլոգում գրում է նաև տեղեկատվական պատերազմների գծով փորձագետ Ռուբեն Մուրադյանը:
«87-ին Բաքվում հայեր կային, որոնք շատ լավ զգում էին իրավիճակը Ադրբեջանում,- գրում է նա,- 88-ից հետո սկսվեց նրանց արտահոսքը: Մարդիկ հասկացան, որ պետք է գնալ: Բայց կային շատերը, որոնք վստահ էին, որ իրենց ձեռք չեն տա: Նրանք վստահ էին, որ իրենց ոչինչ չի պատահի, որովհետև նրանք «գազան չեն» Ինչպես գիտենք, մարդիկ, որոնք Ադրբեջանից դուրս եկան 90-ից հետո, կորցրեցին ամեն ինչ, չկարողացան փոխել բնակարանները, ծեծվեցին, իսկ շատերը սպանվեցին»:
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն «Անկախին» ասաց, որ այնքան էլ հոռետեսական չի տրամադրված, Ռուսաստանում վերջին տարիներին սոցիալական դժգոհությունն արտահայտվում է մեղավորներ փնտրելու և նրանց վրա բարդելու միտումով, որը ժամանակ առ ժամանակ ուղղված է լինում հրեաների դեմ, բայց 80-ականներից սկսած՝ այդ սուրն ուղղվեց Կովկասի դեմ:
«Սակայն գործնականում հնարավոր չէ, որ այն հարյուրհազարավոր հայերը, որոնք ապրում են այնտեղ, դուրս գան,- ասում է ՀԽ նախագահը,- պետք է մտածել թե ինչ անել, որպեսզի վատ կանխագուշակումները չիրականանան»:
Իսկ ի՞նչ կարող են անել մեր իշխանությունները: Մանուկյանն ասում է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարող խառնվել այլ երկրի ներսում կատարվող գործընթացներին. «Նրանք կարող են ուղղակի Ռուսաստանի իշխանությունների ուշադրությունը հրավիրել այդ հարցի վրա»:
Սփյուռքի նախարարությունից «Անկախին» հայտնեցին, որ ՌԴ 2002թ. մարդահամարի տվյալներով Ռուսաստանում ապրում է 1.3 մլն հայ, ոչ պաշտոնական տվյալներով` 2.5 մլն.:






Facebook
Tweet This
Email This Post
