Քաղաքապետարան ներկայացված դիմումներին կպատասխանեն մինչև դեկտեմբերի 30-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 15, 2010 10:23
Երևանի քաղաքապետարանում երեկ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մայրաքաղաքում ընթացող համաքաղաքային ծրագրերին առնչվող խնդիրներ:
Զեկուցվել է, որ մայրաքաղաքի տոնական ձևավորման և տոնածառերի տեղադրման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են:
Սահմանված ժամանակացույցի համաձայն` շարունակվում է Ծիծեռնակաբերդի խճուղու վերակառուցման երկրորդ փուլը: Հրազդանի կիրճի փլուզված հենապատի ու ճանապարհի վերականգնումը կավարտվի մոտ օրերս: Մաշտոցի պողոտայում շենքերի ճակատային հատվածները լվանալու, մաքրելու և թարմացնելու այս տարվա ծրագիրն ամբողջությամբ կատարվել է. նախատեսված 40 շենքերն արդեն նոր տեսքի են բերվել:
Հողի վերահսկողության վարչությանը և վարչական բոլոր շրջաններին հանձնարարվել է խիստ հսկողություն սահմանել ապօրինի շինարարությունները կանխարգելելու նպատակով: «Ապօրինի շինարարության դեպքերը մայրաքաղաքում պետք է բացառվեն»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Հանձնարարվել է մեծ ուշադրություն դարձնել ձմռան նախապատրաստվելու միջոցառումներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ խորհրդակցության ընթացքում ներկայացվել են 2010թ. հունվարից մինչև դեկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարան և վարչական շրջաններ ուղղված քաղաքացիների դիմումների և փաստաթղթաշրջանառության արդյունքները:
Հանձնարարվել է լուրջ ուշադրություն դարձնել քաղաքացիներին տրված յուրաքանչյուր պատասխանի բովանդակությանը և մինչև դեկտեմբերի 30-ը ամբողջությամբ պատասխանել քաղաքապետարան ներկայացված բոլոր դիմումներին:






Facebook
Tweet This
Email This Post
