Նոր բացահայտումներ WikiLeaks-ից. փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնը` Ղարաբաղի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 15, 2010 7:43

Ստոկհոլմում ամերիկյան դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Լորա Քըրկքոնելը մանրակրկիտ հաշվետվություն է կազմել 2009-ի ամռանը կայացած այս հանդհպման մասին, որի ընթացքում եվրոպացի դիվանագետներն ու ԱՄՆ-ի փոխպետքարտուղարն անդրադարձել են նաեւ Հարավային Կովկասում տիրող իրավիճակին:

«Կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը կնպաստի նաեւ էներգակիրների մատակարարման տարածաշրջանային ծրագերի իրագործմանը», – նշել է Գորդոնը:

Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալը, ըստ հրապարակված փաստաթղթի, հատուկ կանգ է առել ղարաբաղյան կարգավորման գործընթացում պաշտոնական Մոսկվայի դերակատարության վրա:

«Այս առումով ռուսները բավական արդյունավետ են աշխատում, սակայն մինչեւ այս պահը հստակ չէ` նրանց այս քայլը ձեւականությո՞ւն է, թե՞ նրանք իրոք լծվել են հարցի լուծմանը», – նշել է Գորդոնը` հավելելով. – «Ղարաբաղի խնդրի լուծումը կնպաստի գազի արտահանման Հարավային միջանցքի ձեւավորմանը»:

Գաղտնազերծված փաստաթղթի համաձայն` Ղարաբաղի խնդրում ռուսների դերակատարությանը լուրջ վերապահումով են մոտեցել եվրոպացի դիվանագետները: Եվրամիության խորհրդի քարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչ, բրիտանացի դիվանագետ Ռոբերտ Քուպերը, դիմելով Գորդոնին, նշել է. – «Եթե ռուսները ցանկանային կարգավորել այս խնդիրը, արդեն իսկ լուծած կլինեին»:

Ստոկհոլմյան հանդիպման ընթացքում Ֆիլիպ Գորդոնն անդրադարձել է նաեւ ռուս-ամերիկյան հարաբերություններին` նշելով.- «Մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն մի շարք հարցերում զիջումներ չեն լինի, մասնավորապես` Հարավային Օսիան եւ Աբխազիան չպետք է ճանաչվեն որպես անկախ պետություններ»:

Գորդոնը նաեւ հերքել է այն պնդումները, թե Վաշինգտոնը Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու դիմաց պատրաստ է անտեսել իր դաշնակցիների շահերը. – «Վրաստանն այս առումով շատ լավ օրինակ է, որն ապացուցում է, որ Միացյալ Նահանգները նման տեսակի փոխզիջումների չեն գնում: Մեր ջանքերի շնորհիվ մի շարք միջազգային կազմակերպություններում, մասնավորապես, ԵԱՀԿ-ում Ռուսաստանը, հայտնվեց մեկուսացման մեջ»:

Անդրադառնալով Վրաստանի հետ հարաբերություններին` Եվրամիության ներկայացուցիչները կոչ են արել Վաշինգտոնին դիվանագիտական ճնշում գործադրել Միխեիլ Սահակաշվիլիի կառավարության վրա: Եվրամիության խորհրդի քարտուղարության քաղաքական հարցերով համակարգող Հելգա Շմիդտը Գորդոնին ասել է. – «Պետք է համոզել պաշտոնական Թբիլիսիին, որպեսզի սկսի աշխատել Աբխազիայի հետ: Նրանից հետո, երբ աբխազների` Վրաստանին ուղղված առաջարկները մերժվեցին, Սուխումին այլ բան չէր մնում, քան որոնել Ռուսաստանի աջակցությունը»:

«Թբիլիսիում պետք է հստակ գիտակցեն` մենք շարունակելու ենք աջակցել Վրաստանին, սակայն չենք պատրաստվում գործողությունների ազատություն շնորհել նախագահ Սահակաշվիլիին», – գաղտնազերծված փաստաթղթի համաձայն, նշել են Եվրամիության ներկայացուցիչները:

http://www.azatutyun.am

Դիտվել է 1152 անգամ:
Print Friendly

Leave a Reply