ՀՅԴ-ն չի մասնակցի արտահերթ նստաշրջանի աշխատանքներին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 14, 2010 18:53

ՀՅԴ խմբակցությունը չի մասնակցի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի աշխատանքներին` ի նշան կառավրության որդեգրած գործելաոճի դեմ բողոքի: ՙԱռաջին դեպքը չէ, որ տարեվերջին կառավարությունը նախաձեռնում է արտահերթ նստաշրջանի հրավիրում` բավականին մեծ օրակարգով, այսինքն` այն, ինչ պետք է տարվա ընթացքում անեին, փորձում է ՙսղացնել՚ հիմա՚,- ԱԺ դեկտեմբերի 14-ի արտահերթ նիստի սկզբում հայտարարեցՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյանը:
Ըստ պատգամավորի, օրակարգում ներառված են օրենսդրական նախաձեռնություններ, որոնք նախատեսվում է ընդունել առաջին, երկրորդ, երրորդ ընթերցումներով, ընդ որում` հերթական ընթերցումների ՙարանքում դրված է այնքան կարճ ժամանակ, որ պարզ է դառնում` ոչ պատգամավորը կհասցնի ծանոթանալ օրենքին, ոչ կհասցնի առաջարկություններ անել, առավել ևս` կառավարությունը չի հասցնի այդ առաջարկությունները քննարկել և պատասխան տալ՚:
Օրվա առաջին նիստում խորհրդարանին հաջողվեց ընդունել միայն նախօրեին քննարկված հինգ օրենսդրական նախաձեռնություններից երեքը, քանի որ ընդդիմադիր մյուս` ՙԺառանգություն՚ խմբակցությունն օգտվեց ԱԺ կանոնակարգ-օրենքով տրված իրավունքից և յուրաքանչյուր քվեարկությունից առաջ վերցրեց 20-րոպեանոց ընդմիջումներ:
Խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց, որ ՙԺառանգություն՚-ը չունի նիստը բոյկոտելու որոշում, սակայն իրենք նույնպես կիսում են ՀՅԴ-ի մտահոհություններն ու առարկությունները ոչ միայն նիստի օրակարգի ծանրաբեռնվածության առումով, այլեւ անընդունելի են համարում օրակարգում ընդգրկված մի շարք խնդրահարույց օրենսդրական նախաձեռնությունները հապճեպ քննարկելը: ՙԱնընդունելի է այս ոճը, որովհետև կառավարության ասելիքը հետևյալն է. ուզում եք քննարկել` նստեք մինչև դեկտեմբերի 31-ը` ժամը 24.00-ն: Չեք ուզում քննարկել, ուզում եք շուտ գնալ տները` ուրեմն առանց քննարկման ընդունեք օրենքները՚,-հայտարարեց Ս.Սաֆարյանը:
ՙԺառանգության՚ գործելաոճն առաջացրեց քաղաքական մեծամասնության` հատկապես ՀՀԿ-ի, ակնհայտ դժգոհությունը: Արդյունքում, ԱԺ ղեկավարությունը նպատակահարմար գտավ անցնել օրակարգային հարցերի քննարկմանը` անավարտ թողնելով քվեարկությունները: Նիստի հետագա աշխատանքներին մասնակցեցին սակավաթիվ պատգամավորներ, որոնցից առավել ակտիվ էին ՙԺառանգության՚ ներկայացուցիչները:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1107 անգամ:
Print Friendly

Leave a Reply