Խոզագրիպը մոլեգնում է. Հայաստանում դեռ դեպք չի գրանցվել

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | May 29, 2009 16:49

mhm41362-115 օրվա մեջ 8.147 դեպքով ավելացել է խոզագրիպով հիվանդների թիվը (մայիսի 12-ին արձանագրված էր 5.251 դեպք, իսկ մայիսի 27-ին` 13.398)։ 95 հոգի մահացել է. այս տվյալներն է ներկայացնում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Եթե մայիսի 12-ի դրությամբ խոզագրիպի վիրուս հայտնաբերվել էր 30 երկրում, մայիսի 27-ին` 48 պետությունում: Մոսկվայում ու Թուրքիայում գրանցվել է 2-ական դեպք է:

Խոզագրիպը բուժում են հակավիրուսային դեղամիջոցներով՝ ամանտադին, ռիմանտադին, օզելտամիվիր և զանամիվիր: Խոզի գրիպի  վիրուսները սկսել են կայունություն ցուցաբերել ամանտադինի և ռիմանտադին նկատմամբ:

ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ռուսլանա Գևորգյանը վստահեցնում է, որ Հայաստանում խոզագրիպի դեպք չի գրանցվել:

Նախարարությունում հատուկ շտաբ է ստեղծվել, որը շաբաթը երկու անգամ քննարկում է առկա վիճակը, ամփոփում օդանավակայանում և հանրապետության այլ անցակետերում իրականացվող հակահամաճարակային միջոցառումների արդյունքները: «Եթե որևէ դեպք գրանցվի, մենք անմիջապես կտեղեկացնենք հանրությանը»,-ասում է Գևորգյանը:

Բարձր ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, հազ, անգինա, ոմանց մոտ նաև փսխում և լուծ. առաջին հայացքից անգամ բժիշկներն են դժվարանում որոշել այս ախտանիշների դեպքում գործ ունեն սովորական, թե խոզի գրիպի հետ:

Կենտրոն համայնքի թիվ 4 պոլիկլինիկայի բուժական գծով փոխտնօրեն Սուսաննա Միրաքյանն ասում է, որ իրենք այդ ախտանիշերին հատուկ ուշադրություն են դարձնում, հատկապես եթե գրիպով հիվանդը վերջին օրերին եղել է այն երկրում, որտեղ արդեն H1N1 վիրուս հայտնաբերվել է:

«Սանէպիդկայանից ստանում ենք մեր համայնքի այն բնակիչների տվյալները, ովքեր բացակայել են երկրից և 7 օրվա ընթացքում պարբերաբար զանգում ու հետաքրքրվում ենք նրանց առողջությամբ»-ասում է Միրաքյանը:

03-h1n1-1Արաբկիր համայնքի թիվ 11 պոլիկլինիկայի բժշկուհի Թամարա Խոլյանն էլ պատմում է, որ իրենց տարածքում միայն մեկ հոգի է եղել, որ արտասահմանից գալուց հետո հարբուխի նշաններ է ունեցել, բայց բարեբախտաբար պարզվել է, որ սովորական մրսածություն է:

«Հիվանդը ջերմություն ուներ, և մենք պոլիկլինիկայի հնարավորությունների սահմանում բոլոր հետազոտությունները կատարեցինք, թոքերը նկարեցինք, բայց որևէ վտանգավոր բան չկար,-պատմում է Խոլյանը,-Եթե վտանգավոր բան նկատեինք, կուղարկեինք լաբորատոր հետազոտության, քանի որ H1N1 վիրուսը միայն լաբորատոր պայմաններում է հնարավոր հայտնաբերել»:

Գրիպով Հիվանդը Գերմանիայից վերադարձած 25-ամյա Արփին էր, ով զարմացել էր Հայաստանի բժշկական համակարգի արագ արձագանքումից. «Գալուս հաջորդ առավոտ ինձ զանգեց մեր տեղամասի բժիշկը, հարցրեց` ոնց եմ, հո ջերմություն չունեմ: Սկզբում զարմացա, թե ինչի են ինձ հիշել հանկարծ…մեկ էլ հիշեցի, որ օդանավակայանում սպիտակ խալաթավորներ մոտեցան ու թերթիկ տվեցին` լրացնելու համար անձնական տվյալներս, որը, պարզվում է, արագ հասել էր պոլիկլինիկա»։

Նա ասում է, որ ոչ բոլորն էին լրացնում։

Բժիշկը 10 օր շարունակ հետաքրքրվել է Արփիի առողջությամբ, չնայած, ինչպես ինքն է ասում, «անգամ բուժքույրը թերահավատ էր, թե այդ վիրուսն իրոք գոյություն ունի, որ դա սպեկուլիացիա է, ինչպես չէր հավատում, թե եղել է թռչնագրիպ»:

Թռչնագրիպի «թեժ» շրջանում էլ Արփին երկրում չի եղել ու վերադառնալով Հայաստան` անցել է այս նույն բժշկական ընթացակարգը:

«Այդ ժամանակ տատս ասում էր` ի~նչ թռչնագրիպ, սուտ բաներ են, մի էլ գնա ստուգման,- պատմում է Արփին,- մեր գյուղերում հա էլ հավերը գրիպ էին ընկնում ու հենց տեսնում էինք քթներից հոսում է, սխտորաջուր էինք տալիս, անցնում էր…իզուր մորթում են հավերին»:

Մասնագետները կարծում են, որ խոզի գրիպը կարող է թռչնագրիպի շարունակությունը լինել, քանի որ խոզերը կարող են վարակվել թռչնագրիպի և մարդու գրիպի վիրուսներով: Տարբեր աղբյուրներից (թռչնագրիպի և մարդու գրիպի վիրուսներով) վարակված խոզերի մոտ վիրուսները կարող են մուտացիայի ենթարկվել և նոր` խառը վիրուսներ ի հայտ գալ:

Ինչպես տեղեկացնում է «Ասոշիէյթիդ Փրես»-ը, որոշվել է Մեքսիկական Լա-Գլորիա գյուղում կանգնեցնել խոզի գրիպով առաջինը վարակված 5-ամյա Էդգար Էռնանդեսի հուշարձանը: Ինչպես հայտարարել է քանդակագործը, իր ստեղծագործությունը պետք է հույսի աղբյուր ծառայի: Խոզի գրիպով առաջին վարակված տղան այժմ ապրում է մեքսիկական Վերկրուս նահանգում:

Դիտվել է 1943 անգամ:
Print Friendly

Leave a Reply