Տեսողության խնդիրներ ունեցող երաժիշտները` «Նարեկացի» մշակութային կենտրոնի բեմին

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | December 14, 2010 17:24

Գուցե շատերը զարմանան` տեսնելով բեմի վրա կույր ջութակահարի, կիթառահարի, դաշնակահարի կամ երգչի, որի կատարումն այնքան անկաշկանդ ու գեղեցիկ է, որ մի պահ, անգամ, մոռացնել է տալիս նրա տեսողության խնդիրների մասին:

Դեկտեմբերի տասներեքին «Նարեկացի» մշակութային կենտրոնում զարմանքի և հիացմունքի այդպիսի պահեր ապրեցին բազմաթիվ մարդիկ` մասնակցելով «Ֆորտե» հաշմանդամների գիտամշակութային հասարակական կազմակերպության անդրանիկ համերգին:

Այն յուրօրինակ էր ոչ միայն նրանով, որ հագեցած էր երաժշտական բազմաժանր կատարումներով`դասական, էստրադային և ժողովրդական. տեսողության խնդիրներ ունեցող երաժիշտներն անկեղծության, ջերմության և կատարողական բարձր վարպետության շնորհիվ մեկուկես ժամ շարունակ դահլիճում ապահովեցին երաժշտական անկրկնելի մթնոլորտ:

Համերգի բոլոր մասնակիցներն էլ պրոֆեսիոնալ երաժիշտներ էին: Նրանցից շատերը կատարում էին հենց իրենց ստեղծագործությունները:

Լուսինեն ջութակահար է: Տեսողության խնդիրն ի ծնե է, սակայն ութ տարեկանից ջութակ է նվագում: Սովորել է Երևանի Սարաջևի անվան երաժշտական դպրոցում, ապա տեղափոխվել Մոսկվա, սովորել Պետական արվեստների ինստիտուտում: Այժմ աշխատում է տեսողության խանգարումներ ունեցող երեխաների գիշերօթիկ դպրոցում` որպես ջութակի խմբակավար:

Լուսինեն առաջին հերթին ցանկանում է, որ կույրերը լիարժեք ինտեգրված լինեն հասարակական կյանքին: Նրա կարծիքով, մարդի սխալ են ընկալում հաշմանդամությունը` ցույց տալով, որ դա թերություն է, և որ հաշմանդամն իրեն պետք է դժբախտ զգա.

«Կյանքում երևի չկա մի մարդ, որ իրեն լիարժեք բավարարված ու երջանիկ համարի,-ասում է Լուսինեն,-մեկն ունի ֆիզիկական խնդիր, մյուսը` հոգեկան և այլն: Ամեն դեպքում, ես ունեմ իմ սիրած մասնագիտությունը, իմ սիրած զբաղմունքները, ընկերական շրջապատը, և ես ինձ թերի մարդ չեմ համարում»:

«Ի՞նչ տվեց այս համերգը» հարցին, տեսողության խնդիրներ ունեցող երաժիշտներից մեկն ասաց.

«Այս համերգին փորձեցինք մենք ինչ որ բան տալ և ոչ թե ստանալ: Եվ ընդհանրապես, յուրաքանչյուրը պետք է մտածի, թե ինքն ինչ կարող է տալ դիմացինին` նախքան նրանից որևէ բան պահանջելը»,-ասաց համերգի երիտասարդ մասնակիցներից մեկը` Մարատը:

Ֆորտե» հաշմանդամների գիտամշակութային հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2009 թվականին` կոմպոզիտոր Նորայր Աղասյանի նախաձեռնությամբ:

Նորայրը ևս տեսողության խնդիրներ ունի: Նա ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը: Հիմնելով այս կազմակերպությունը` նա ցանկացել է իր շուրջ համախմբել նույն խնդիրն ունեցող երաժիշտներին` նրանց ունակություններն ու տաղանդը հանրությանն ավելի հասու դարձնելու նպատակով:

Համերգի վերջում, կիսելով իր տպավորությունները, Նորայրը նշեց, որ համերգը մեծ ոգևորություն կառաջացնի տեսողության խնդիրներ ունեցող երաժիշտների շրջանում, և հաջորդ համերգները կանցկացվեն ավելի բարձր որակով և ավելի մեծ բեմերում:

«Նարեկացի» արվեստի միության տնօրենը, խորհրդանշական նուռ հանձնելով համերգի մասնակիցներին, նշեց, որ իրենց դռները միշտ բաց են «Ֆորտե»-ի առաջ.

«Մենք պահանջելու պես խնդրում ենք, խնդրելու պես պահանջում, որ դուք միշտ կիսեք մեզ հետ ձեր եռանդը, ձեր շունչը, ձեր ֆորտեն»,-ասաց նա:

Համերգն, իհարկե, շատ տպավորիչ էր, սակայն ցավալին այն է, որ այդպիսի համերգները հազվադեպ են. այդ երաժիշտներին ոչ ոք չի ճանաչում, չի տեսնում ու չի լսում, մինչդեռ նրանք այնքան բան ունեն տալու հասարակությանը և ոչ միայն հասարակությանը, այլ նաև հայկական շոու-բիզնես կոչվածի «կարկառուն» ներկայացուցիչներին:

Այդ համերգից դուրս գալուց հետո գոնե ինձ համար անտանելի էր լսել երթուղայինում հնչող այն երգը, որն այսօր դասվում է  հայկական ժամանակակից էստրադայի ամենահայտնի հիթերի շարքին:

Դիտվել է 2380 անգամ:
Print Friendly

Leave a Reply