Ցուցարարները պատգամավորներին դիմավորեցին սուլոցներով, վերջիններս անտեսեցին նրանց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 14, 2010 17:05
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության մի քանի տասնյակ ցուցարարներ այսօր Ազգային ժողովի մուտքի մոտ պատգամավորներին դիմավորեցին սուլոցներով և «Լեզվի հարցում ոչ մի զիջում», «Կրթությունը՝ հայերեն», «Հայաստանում պետական լեզուն հայերենն է» հայտարարություններով և նույնաբովանդակ ցուցապաստառներ պարզած։
Բողոքի ակցիայի մասնակիցները կառավարության մոտից երթ էին կազմակերպել դեպի ԱԺ, ճանապարհին կանգ առնելով նաև կրթության և գիտության նախարարության, Հայաստանի նախագահի նստավայրի մոտ։ Բողոքի ակցիային մասնակցում էին նաև բնապահպաններ, որոնց նախագահի նստավայրի մոտ միացավ նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
Ակցիայի մասնակիցներին հսկող ոստիկանների թիվը շատացավ հատկապես այն ժամանակ, երբ ցուցարարները հասան նախագահի նստավայր, ապա՝ խորհրդարան։ Ժամը 12–ին մեկնարկած խորհրդարանական նիստին մասնակցելու ժամանող պատգամավորներին ակցիայի մասնակիցները դիմավորեցին սուլոցներով։ Պատգամավորներից ոչ ոք չմոտեցավ ակցիայի մասնակիցներին՝ բացի «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր–նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանից և «Ժառանգություն» խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանից։ Ակցիայի մասնակիցներին ջերմորեն ողջունեց նաև «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, որը շտապելով մտավ խորհրդարանի շենք։
«Հայաստանի պետական լեզուն պետք է հայերենը լինի, որպեսզի միջազգայնագիտությունը, Հայաստանի ապագա ուժը միջազգային հարաբերություններում հիմնված լինի հայերենագիտության և հայաստանակենտրոն քաղաքակրթության, լեզվի, մշակույթի և քաղաքականության վրա»,– լրագրողներին ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։ Հարցին, թե հնարավո՞ր է խորհրդարանական մեծամասնությունն ընդունի նախաձեռնության բողոքը և չընդունի նախագծերը, Հովհաննիսյանը պատասխանեց. «Մեծամասնությունը փոփոխական է և խիստ ժամանակավոր, իսկ հայոց լեզուն հավերժական է»։
Նույն կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ևս չբացառեց, որ հնարավոր է խորհրդարանական մեծամասնությունը չընդունի շատերի դժգոհությունը հարուցած նախագծերը։ «Եթե կա պայքար, եթե կա պահանջ և եթե կա ճնշում, նահանջ չի կարող լինել»,– ասաց Զարուհի Փոստանջյանը։
Հետաքրքիր էր պատգամավորների արձագանքն իրենց դիմավորող ցուցարարների հայտարարություններին։ Գրեթե բոլորը խորհրդարան մտնելիս զրուցում էին հեռախոսով, իսկ երբ խորհրդարանի մուտքին մոտեցավ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ կրկին հեռախոսով խոսելով, ակցիայի մասնակիցներից Տիգրան Խզմալյանը նկատեց. «Լավ ա՝ էս բջջայիններն էլ կան, թե չէ մարդիկ ինչ էին անելու»։
Ժամը 12–ից հետո, երբ նախատեսված էր խորհրդարանական նիստի մեկնարկը, ցուցարարները լքեցին խորհրդարանի շենքի պատգամավորական մուտքը և քայլեցին դեպի շենքի՝ Բաղրամյան փողոցի վրա գտնվող մուտքի մոտ, որտեղ էլ մի քանի րոպե կանգնելուց հետո ավարտեցին բողոքի ակցիան։
Tert.am






Facebook
Tweet This
Email This Post
