Ալեքսանդր Իսկանդարյան. Լեռնային Ղարաբաղը հայ քաղաքական ինքնության անքակտելի մասն է

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | December 14, 2010 15:52

Թուրքական ազդեցիկ «Թըրքիշ ուիքլի» ամսագիրը Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի դիրքորոշման մասին բացառիկ հարցազրույց է վերցրել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանից: Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք նշված հարցազրույցն ամբողջությամբ:

Եթե նկատի ունենանք Սարգսյանի պաշտոնավարման շրջանը, Լեռնային Ղարաբաղի հարցի առումով էական շեղում կա՞նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունից:

-Ոչ, քաղաքականությունը շատ նման է: Իհարկե, կան որոշ փոփոխություններ` պայմանավորված արտաքին գործոնների փոփոխությամբ, այնպիսիք ինչպիսիք են հնգօրյա ռուս-վրացական պատերազմը, հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացը, գործընթացում Ռուսաստանի դերը և այլն: Բայցևայնպես, Ռոբերտ Քոչարյանի նախագահությունից հետո հայ քաղաքական էլիտայի դիրքորոշումն էական փոփոխություն չի կրել: Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Հայաստանի դիրքորոշումն այն է, որ Հայաստանը չի համաձայնի որևէ լուծման, որը չի բավարարում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը: Հայաստանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղը ոչ մի կերպ չպետք է դուրս մնա բանակցային գործընթացից: Այն նաև հավատարիմ է այն սկզբունքներին, որոնց վրա Մինսկի խումբը հիմնում է բանակցությունները: Դրանք միջազգային իրավունքի երեք հիմնարար սկզբունքներն են. ժողովուրդների ինքնորոշումը, պետությունների տարածքային ամբողջականությունը և հակամարտությունների լուծման ժամանակ ուժի բացառումը:

Մենք գիտենք, որ Հայաստանը գլխավորապես Ռուսաստանի ազդեցության ներքո է` ինչպես տնտեսապես, այնպես էլ` ռազմական տեսանկյունից: Ճի՞շտ է դա, թե` ոչ: Հայաստանում դրան լիակատար հանրային աջակցություն ցուցաբերվո՞ւմ է:

-Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը Եվրոպական միությունն է, մասնավորապես` Գերմանիան: Հայաստանը մի շարք եվրոպական կառույցների անդամ է` ներառյալ Եվրոպայի խորհուրդը և ԵԱՀԿ-ն: Իրականում ԵԱՀԿ-ն միայն եվրոպական կառույց չէ: Հայաստանն ընդգրկված է Եվրոպական միության հարևանության նախագծերում. Եվրոպական հարևանության քաղաքականություն, իսկ այսօր նաև` Արևելյան գործընկերություն ծրագիրը, որտեղ Ռուսաստանն ընդգրկված չէ: Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության ծրագիր է իրականացնում, մեր զինծառայողները գտնվում են Կոսովոյում, Աֆղանստանում և Իրաքում: Հայաստանը հնարավոր ամեն ինչ անում է տարբեր երկրների հետ լավագույնս համագործակցելու համար, դա մենք մեր քաղաքական բառապաշարում անվանում ենք «փոխլրացման»` «կոմպլեմենտար» քաղաքականություն: Օրինակ մեր հյուսիսային հարևանի` Վրաստանի քաղաքականությունն այլ է. նրա դեպքում արևմտամետությունը ենթադրում է հակառուսականություն, իսկ ռուսամետությունը` հակաարևմտականություն: Մինչդեռ Հայաստանը փորձում է նորմալ հարաբերություններ ունենալ բոլոր կողմերի հետ` ներառյալ նրանց, ովքեր միմյանց հետ խնդիրներ ունեն. Հայաստանը բարեկամական հարաբերություններ ունի Իրանի ու Վրաստանի, թե Ռուսաստանի և թե ԱՄՆ-ի հետ: Դա հեշտ չէ: հայտնի պատճառներով մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Բայց ընդհանուր առմամբ, Հայաստանը փորձում է իրականացնել փոխլրացման իր քաղաքականությունը, երբ դա հնարավոր է:

Իսկ ինչպես է ազդում Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստանում իշխանության փոփոխության վրա:

-Լեռնային Ղարաբաղի հարցը հայկական քաղաքականության առանցքային հարցերից մեկն է: Իրականում, կարծում եմ, դա Հայաստանի արտաքին քաղաքականության կենտրոնական հարցն է: Բացի այդ, այն առանցքային հարց է ներքին քաղաքականության մեջ, քանի որ Լեռնային Ղարաբաղը հայ քաղաքական ինքնության անքակտելի մասն է: Ղարաբաղում ապրող մարդիկ Հայաստանի քաղաքացի չեն, բայց նրանք էթնիկ հայեր են: Դա նույնը չէ, ինչ ադրբեջանցիների ու թուրքերի դեպքում, որոնք երկուսն էլ թյուրքական ազգեր են, բայց հսկայական տարբերություններ ունեն, օրինակ, կրոնական առումով, ազերիների մեծ մասը շիա մահմեդական է, այլ ոչ` սունի, լեզվական առումով` ադրբեջաներենը մոտ է թուրքերենին, բայց նույնը չէ: Մինչդեռ ղարաբաղում ապրող հայերը խոսում են նույն լեզվով, ինչ Հայաստանի հայերը, ունեն նույն կրոնը, մշակույթը և այլն: Հայերի համար Լեռնային Ղարաբաղը միայն տարածք չէ, այն այնտեղ ապրող հայերի անվտանգության ու գոյատևման հարցն է, այնպես որ դա չափազանց կարևոր է:

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով Հայաստանում ուժեղ սոցիալական աջակցություն ուներ, Լեռնային Ղարբաղի հարցը լուծելու հարցում համաձայն էր Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հետ, բայց դա իր նախագահությունն արժեցավ: Ի՞նչ հնարավոր փոփոխություններ կարելի է ակնկալել, եթե Տեր-Պետրոսյանը վերադառնա իշխանության, ու ինչպե՞ս կազդի նրա վերադարձը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա:

-Ես չեմ կարծում, որ սա անհատների խնդիր է: 1998 թվականին հրապարակված հոդվածում Տեր-Պետրոսյանը քննարկում էր Ադրբեջանի հետ հնարավոր փոխզիջումներն, ու իսկապես մի քանի օր անց իր պաշտոնը կորցրեց: Դա հստակ ազդակ էր ապագայի առաջնորդներին, և ես չեմ հավատում, որ Հայաստանի որևէ նախագահ երբևէ նման բան կանի` անկախ նրանից` ցանկանո՞ւմ է դա, թե ոչ: Դա առանձին առաջնորդների խնդիրը չէ. ղարաբաղյան հիմնախնդիրը չափազանց կարևոր է հասարակության համար: Ես չեմ կարծում, որ Տեր-Պետրոսյանը կրկին իշխանության կգա. ներքին քաղաքականության տեսանկյունից դա անհավանական է: Եվ եթե անգամ տեսականորեն նա գա իշխանության, չի կարող որևէ նշանակալից փոփոխություն մտցնել, քանի որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը հասարակության վերաբերմունքն այնպիսին չէ, որ մեկ մարդ կարողանա փոխել այն: Անգամ Ադրբեջանում, որը շատ ավելի ոչ ժողովրդավարական է, քան Հայաստանը, նախագահն ամենազոր չէ: Կան բաներ, որոնց դեպքում ղեկավարը միայնակ որոշում կայացնել չի կարող, անգամ այնպիսի երկրում, որտեղ իշխանությունը փոխանցվում է հորից որդուն: Եթե Իլհամ Ալիևը հանկարծ որոշի Լեռնային Ղարաբաղը զիջել հայերին, կամ նման մի բան, նա չի կարող, քանի որ հասարակությունն ու էլիտան այդ որոշումը չեն ընդունի: Ես համոզված եմ, որ Հայաստանում կամ Ադրբեջանում առաջնորդների փոփոխությունը չի ազդի ընդհանուր իրավիճակի վրա: Այն չափազանց բարդ է:

Եվ վերջին հարցը: Մենք կցանկանայինք լսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարճաժամկետ սցենարների մասին Ձեր կարծիքը, ինչպես արտահայտել էիք կոնֆերանսում: Դուք հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներ տեսնո՞ւմ եք` երկարաժամկետ կամ կարճաժամկետում հեռանկարում:

-Կարճաժամկետ հատվածում, ես միանգամայն համոզված եմ, որ իրավիճակը կմնա այնպիսին, ինչպիսին ներկայումս է: Ինչ վերաբերում է երկարաժամկետ հեռանկարին` ես քաղաքագետ եմ, այլ ոչ` մարգարե: Ես չեմ կարող կանխագուշակել` ինչ կլինի 30 տարի անց: Ես մի բան գիտեմ` 30 կամ 40 տարի անց ինչ-որ բան փոխելու համար անհրաժեշտ է փոխել ընդհանուր իրավիճակը և մթնոլորտը: Առաջին հերթին` Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հասարակությունների ընկալումները պետք է փոխվեն: Ներկայումս Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը գիտեն, որ Ադրբեջանում հայեր չեն ապրում, մինչդեռ նախկինում Ղարաբաղից դուրս Ադրբեջանում ապրում էր երկու անգամ ավելի հայ, քան բուն Ղարաբաղում: Պատերազմի ժամանակ հետխորհրդային Ադրբեջանի բոլոր հայերը բռնի տեղահանվեցին, իսկ այժմ էլ Ադրբեջանի նախագահը նոր պատերազմով է սպառնում: Այս մթնոլորտում կարգավորում հնարավոր չէ, իսկ բանակցություններն անիմաստ են: Հնարավոր է ապագայում ինչ-որ նոր ուղի գտնվի` տարածաշրջանում ապրելու ու խնդիրը կարգավորելու համար: Երբ և ինչպես` ես դա չգիտեմ:

Դիտվել է 1287 անգամ:
Print Friendly

Leave a Reply