Հ. Դեմոյան. «Ցեղասպանության հետեւանքների վերացման գործընթացը պետք է ստանա իրավակարգ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 14, 2010 15:45

Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ կազմակերպվելու են միջազգային մի շարք գիտաժողովներ, որոնք ունեն մեծ կարեւորություն: Այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ով Երեւանում մասնակցում է «Ցեղասպանության հանցագործությունը, կանխարգելում, դատապարտում եւ հետեւանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովին: Ըստ նրա` Հայաստանը պետք է հստակեցնի ցեղասպանության շուրջ իր անելիքները:

«Մեր ցավը պետք է դիտել ընդհանուր` գլոբալ կանխարգելման շարժման մեջ, եւ առաջ բերել նոր գաղափար` ուղղված ցեղասպանություն վերապրած ժողովուրդների կրած վնասի հատուցման խնդրին: Այսինքն, ցեղասպանության հետեւանքների վերացման գործընթացը պետք է ստանա իրավակարգ»,- ասաց Հ. Դեմոյանը` կարեւորելով այդ հարցի շուրջ միջազգային գիտական համայնքին համախմբելը:

Մեծ եղեռնի միջազգային ճանաչման աշխատանքների շրջանակներում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը յուրաքանչյուր տարի տարբեր տարածաշրջաններում ներկայացնելու է հայ ազգի նկատմամբ իրականացված ոճրի պատմությունը: «Կփորձենք ներկայացնել նաեւ տարբեր աշխարհամասերի` Եվրոպա, Ամերիկա եւ այլն, առնչությունը Հայոց ցեղասպանության հետ: Տարբեր երկրների հասարակություններին կներկայացնենք տվյալ պետության կապը Մեծ եղեռնի պատմության հետ»,- ասաց Հ. Դեմոյանը:

Դիտվել է 890 անգամ:
Print Friendly

Leave a Reply