Ադրբեջանի կառավարությունը միլիարդավոր դոլարներ «ջուրն» է գցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 14, 2010 15:43

Բաքվի և հարակից շրջանների ջրի ու կոյուղիների համակարգերի նորացման համար վերջին 5 տարիների ընթացքում 2,8 մլրդ դոլար է ծախսվել, սակայն բնակչությունը, ըստ տեղական մամուլի, կարոտ է խմելու ջրին, սովորական անձրևն էլ ճահիճի է վերածում կենտրոնական փողոցները:

Ինչպես տեղեկացնում է «Բիզիմ յոլ» թերթը, վերջին 5 տարիներին ջրագծերի և կոյուղիների նորացման համար Ադրբեջանի պետական բյուջեից 460 մլն մանաթ գումար է հատկացվել «Ազերսու» ընկերությանը:

Դրանից բացի, Բաքվի խմելու ջրի խնդիրը լուծելու համար ընկերությանը 659,6 մլն մանաթ գումար է հատկացվել Նավթային պետական հիմնադրամից: Ընկերությունը սկսել է կյանքի կոչել «Բաքու-Օղուզ-Գաբալա» ջրատարի շինարարությունը: Այդ շինարարության համար 1 մլրդ 395 մլն դոլար էլ վարկ են հատկացրել Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը: Տնտեսական նախաձեռնություններին օգնության հասարակական միության budget.az կայքը հրապարակել է այդ նախագծերի իրագործման համար «Ազերսու» ընկերությանը հատկացված ֆինանսական միջոցների կառուցվածքը, ինչից երևում է, որ Ադրբեջանում ջրի և կոյուղու խնդիր այլևս գոյություն չունի:

«Թեև Ադրբեջանում և հատկապես Բաքվում խմելու ջրի խնդիրը լուծելու վրա միայն վերջին 5 տարիներին միլիարդավոր դոլարներ են ծախսվել, սակայն այսօր խոսել բավարար խմելու ջուր ունենալու և նրա որակի մասին հնարավոր չէ: Այսօր Բաքվում և հարակից շրջաններում տիրող իրավիճակից ելնելով` հաստատապես կարելի է ասել, որ այդ ուղղությամբ հատկացված ֆինանսական միջոցները յուրացվել են»,- գրում է թերթը` նշելով, որ «Ազերսու» ընկերության աշխատակիցներն արդեն մի քանի ամիս է` աշխատավարձ չեն ստանում, իսկ ընկերության ղեկավարությունը հրաժարվում է բացատրել դրա պատճառը:

Դիտվել է 1111 անգամ:
Print Friendly

Leave a Reply