Հինգ տարի առաջ այս օրը Ջուղայում ոչնչացվեց վերջին խաչքարը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 14, 2010 14:23
Հինգ տարի առաջ այս օրն Ադրբեջանի զինվորական կազմավորումների կողմից Ջուղայում ոչնչացվեց վերջին խաչքարը: Ինչպես նշեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` ադրբեջանցիները 2005 թ-ի դեկտեմբերի 14-ին ծանր մուրճերով կտոր-կտոր են արել Ջուղայի խաչքարերի վերջին բեկորները եւ մեքենաներով տեղափոխելով` թափել Արաքսը, ինչը նկարահանվել եւ սփռվել է ողջ աշխարհում:
«Ադրբեջանից արդեն ամեն ինչ կարելի է ակնկալել: Այսօր` 5 տարի անց էլ, Ադրբեջանը դեռեւս չի ստացել համարժեք պատասխան»,-ասաց Հայկ Դեմոյանը: Հիշեցնենք, որ օրերս տպագրվել է Հայկ Դեմոյանի հեղինակած «Ադրբեջան. վանդալիզմ ինչպես միշտ» պատկերազարդ գրքույկի անգլերեն տարբերակը, որտեղ վերջինս անդրադառնում է 2005թ. դեկտեմբերին ադրբեջանական բանակի կողմից Հին Ջուղայի հայկական գերեզմանոցի բարբարոսական ոչնչացմանը:
«Ծիրանի» մշակութային, երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Աշուղաթոյանը նշեց, որ 2005թ-ի դեկտեմբերի 10-14-ն այն ժամանակահատվածն է, երբ երկրի երեսից հավիտենապես ջնջվեց Ջուղայի հին հայկական գերեզմանատունը: «Արդարության համար մեր պայքարը շարունակվում է, եւ խորապես հավատում ենք, որ այս ողբերգության միջազգային դատապարտումը կկանխի հայկական այլ հուշարձանների նկատմամբ բարբարոսական ոտնձգությունները»,-ասաց Նարեկ Աշուղաթոյանը` հավելելով, որ իրենք ամբողջ տարվա ընթացքում այդ ուղղությամբ քարոզչական աշխատանքներ են տանում` կազմակերպում են 1-2-ամսյա դասընթացներ, դասախոսություններ եւ քննարկումներ, բարձրացնում երիտասարդների տեղեկացվածության մակարդակը:
Ներկա փուլում կազմակերպությունն այդ թեմայով հետազոտություններ է իրականացնում, որոնց արդյունքները կներկայացնի հաջորդ տարվա ընթացքում: «Ծիրանի»-ի երկարատեւ եւ քրտնաջան աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ «globalheritagefund.org» հանրահայտ կայքում տեղադրել նյութեր, որոնք ներկայացնում են Ջուղայում կատարված մշակութային ցեղասպանությունը: «Այս ամենը կյանքի կոչվեց ի շնորհիվ մեր այն հայրենակիցների, ովքեր մեզ զուգահեռ` այդ կառույցին պարբերաբար ուղղարկում էին բազմաթիվ նամակներ»,-տեղեկացրեց Նարեկ Աշուղաթոյանը:
Հայկ Դեմոյանը նաեւ ընդգծեց, որ եթե մի պետություն ժխտում է այն, ինչն ապացուցվում է բազմաթիվ վկայություններով, լուսանկարներով ու նկարահանումներով, ուրեմն սա միայն Հայաստանի ու Ադրբեջանի խնդիրը չէ, այլեւ ամբողջ աշխարհի, սակայն մինչեւ օրս որեւէ միջազգային կազմակերպություն` այդ թվում ՅՈւՆԵՍԿՕ-ն, համարժեք գնահատական չի տվել Ադրբեջանի կողմից պետական մակարդակով կազմակերպված եւ իրագործված այս վանդալիստական գործողություններին: Հիշեցնենք, որ 17-րդ դարում մոտ տասը հազարի հասնող խաչքարերից Ջուղայում 20-րդ դարի վերջին մնացել էին միայն երեք հազարը:
2002թ-ի տարեվերջին Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված բարբարոսության հետեւանքով վերացվեցին նաեւ Ջուղայի վերջին` երեք հազար խաչքարերը: Ջուղայի գերեզմանոցի խաչքարերի ոչնչացման վերջին դեպքն արձանագրվել է 2005-ին: Խաչքարերը ջարդել են ծանր շինարարական տեխնիկայի միջոցով, իսկ գերեզմանոցի ազատված տարածքը վերածվել է հրաձգադաշտի: Այս կապակցությամբ Եվրախորհրդարանը ցանկացել է ներկայացուցչություն ուղարկել` ուսումնասիրելու Ջուղայի գերեզմանոցում կատարված բարբարոսությունները, սակայն Ադրբեջանի իշխանությունները կտրականապես մերժել են այս նախաձեռնությունը:
Արմենպրես






Facebook
Tweet This
Email This Post
