Ինչ միտում կա պաշտոնանկությունների մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | December 14, 2010 14:00

Երևանի քաղաքապետարանի ավագանու դեկտեմբերի 13-ի նիստում, որը վարում էր քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը, որոշում է  կայացվել քաղաքապետի ընտրություններն անցկացնել դեկտեմբերի 17-ին:

Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական է տվել դեկտեմբերի 8-ին: Նախապատմությունը Պլաչիդո Դոմինգոյի համերգի ժամանակ տեղի ունեցած միջադեպն է, երբ նրա տիկնոջն ուղեկցող մեկ այլ տիկնոջ նախագահականի արարողակարգի բաժնից խնդրել են տեղը փոխել: Ըստ լուրերի՝ Բեգլարյանը  ծեծի է ենթարկել արարողակարգի աշխատակից Արման Կանդայանին: Մամուլում լուրեր են պտտվում, որ բացառված չէ քրեական գործի հարուցումը արդեն նախկին քաղաքապետի նկատմամբ:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն` քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ: Ըստ այդ օրենքի՝ արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին:

Երևանի ավագանին այժմ ներկայացված է երկու՝ իշխող Հանրապետական (35 անդամ) և «Բարգավաճ Հայաստան» (17 անդամ) կուսակցություններով: 2009 թ. մայիսի 31-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ  ՀԱԿ-ը 14 տեղ էր ստացել: Սակայն հայտարարելով, որ ընտրությունները կեղծված են, նրանք վայր դրեցին իրենց մանդատներն ու այդուհետ չմասնակցեցին ավագանու նիստերին:

Քաղաքապետի հարաժարականին հաջորդեց արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի պաշտոնանակությունը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանին հրապարակայնորեն հանձնարարել էր  պատժել Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանին, քանի որ վերջինս չարաշահել էր պաշտոնական լիազորությունները:  Սակայն Գևորգ Դանիելյանը  նկատողություն  չէր տվել ԴԱՀԿ ղեկավարին:

«Հարկադիր կատարման ծառայության ղեկավարը թույլ է տվել էթիկայի կանոնների լուրջ խախտում։ Արադարադատության նախարարին հանձնարարվել է հրապարակայնորեն պատժել ծառայության պետին իր պահվածքի համար։ Արդարադատության նախարարը հանձնարարականը չի կատարել։ Կարծում եմ՝ դա անթույլատրելի է»,– հայտարարեց վարչապետ Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ:

ԴԱՀԿ-ի ղեկավարին նշանակում և աշխատանքից ազատում է հանրապետության նախագահը: Նա առայսօր չի ազատվել աշխատանքից:

Այդ օրերին աշխատանքից ազատվեցին նաև նախագահի  աշխատակազմի գլխավոր հաշվապահ Անահիտ Զաքարյանն ու ևս 4 աշխատակից: Զաքարյանի պաշտոնանկությունը պատճառաբանվեց ֆինանսական չարաշահումներով, որոնք հաշվապահն արել է դեռևս Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ։

Դիտվել է 1607 անգամ:
Print Friendly

Leave a Reply