Երևանում մեկնարկել է ցեղասպանությանը նվիրված երկօրյա գիտաժողովը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | December 14, 2010 13:22

Այսօր Երևանում մեկնարկեց «Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» թեմայով միջազգային երկօրյա գիտաժողովը:

Գիտաժողովին մասնակցում են 18 երկրներից ժամանած հեղինակավոր գիտնականներ ու փորձագետներ:

«Հայոց ցեղասպանության դատապարտման և հետևանքների վերացման բացակայությունն էր, որ 1921թ.-ին պատճառ դարձավ երիտասարդ բանասեր Ռաֆայել Լեմկինին հարցնել իր պրոֆեսորին, թե ինչո՞ւ հայերը չեն դիմում Հայոց Եղեռնի կազմակերպիչներին ձերբակալելու համար: Այս հարցին ի պատասխան, պրոֆեսորն ասում է, որ որևէ օրենք չկա, որի շրջանակներում հնարավոր կլիներ նրանց ձերբակալել: Հենց այս պատասխանն է ստիպում Լեմկինին թողնել բանասիրությունը և ընկղմվել միջազգային իրավունքի մեջ` նվիրվելով մարդկության դեմ հանցագործությունների ուսումնասիրմանը, որն էլ, ի թիվս այլոց, ճանապարհ է հարթում 1948 թ. կոնվենցիայի ընդունման համար»,- ասաց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բացման արարողության ելույթի ժամանակ:

Նախարարը նշեց, որ  պատմությունը, Կամբոջան, Ռուանդան, Դարֆուրը և այլ ողբերգություններ ցույց տվեցին, որ զուտ բարի կամքը բավարար չէ արմատախիլ անելու ցեղասպանություն ծնող այնպիսի դրսևորումներ, ինչպիսիք են ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական հողի վրա սերմանվող ատելությունն ու թշնամանքը:

Նալբանդյանը նշեց, որ ցեղասպանությունների ժխտումը, անպատժելիությունը ճանապարհ են հարթում մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնման համար. «Անկախ աշխարհաքաղաքական կամ այլ շահերից միջազգային հանրությունը պետք է միասնական լինի ցեղասպանության դատապարտման, կանխարգելման գործում: Այս միասնականության բացակայության հետևանքով է, որ մարդկությունն ականատես է դառնում ցեղասպանության իրականացման նոր փորձերի»:

«Երկօրյա գիտաժողովի ընթացքում, միգուցե, դուք կկարողանաք առաջարկել այնպիսի մոտեցումներ, որոնք հնարավորություն կտան առավել արդյունավետ դարձնել դեռևս շարունակվող պայքարը ցեղասպանության կանխարգելման, դատապարտման և հետևանքների վերացման գործում»,-  եզրափակեց Նալբանդյանը:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև  նախագահ Սերժ Սարգսյանը, ով նշեց, որ ցեղասպանությունների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման համար գործուն մեխանիզմների անհրաժեշտություն կա: Նախագահը մատնանշեց, որ նախկինում տեղի ունեցած ցեղասպանություններն միշտ չէ, որ  համապատասխան գնահատականի են արժանացել ու դատապարտվել, ինչի հետևանքով էլ մարդկությունը դեռևս բախվում է նոր ցեղասպանությունների սպառնալիքի հետ: Սարգսյանը նշեց, որ ցեղասպանության սկզբնակետը այլատյացությունն ու անհանդուրժողականությունն են և երբ դա քարոզվում է պետական մակարդակով,  այդպիսով հող է նախապատրաստվում նոր դժբախտությունների համար: Նախագահը կարևորեց, որ միջոցառման ընթացքում կարող են մշակվել հայեցակարգային գործուն փաստաթղթեր ցեղասպանության հետևանքները վերացնելու ուղղությամբ:

Երկօրյա գիտաժողովի ընթացքում կկազմակերպվի չորս թեմատիկ նիստ, որի ընթացքում զեկույցներ կներկայացվեն «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին 1948թ. Կոնվենցիայի մշակման  և ընդունման շարժառիթները և նպատակները»,  «Ցեղասպանության իրավական ասպեկտները և պատասխանատվության խնդիրը», «Ցեղասպանությունները ժամանակակից աշխարհում և դրանց կանխարգելման միջոցները», «Ցեղասպանության հետևանքների վերացումը» թեմաներով:

Դիտվել է 1367 անգամ:
Print Friendly

Leave a Reply