Մեկ գիշերվա ընթացքում Երևանում 5 զբոսաշրջիկի են կողոպտել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 27, 2009 18:31


Հուլիսի 25-ին` ժամը 01:25-ին, Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 3 շենքի մոտ զինված անձինք կողոպտել են 3 զբոսաշրջիկների:

Ոստիկանությունը պարզել է, որ Արգենտինայի քաղաքացիների վրա հարձակում գործել են 3 անհայտ անձինք, որոնցից մեկը զինված է եղել դանակով, մյուսը` ատրճանակով: 1963 թ. ծնված Մաիրո Մ.-ից հափշտակել են ձեռքի ժամացույցը, հյուրանոցի սենյակի բանալին, 3.000 դրամ և 100 դոլար,  1962 թ. ծնված Ֆաբիան Շ.-ից` բջջային 2 հեռախոս, ժամացույց, 1.800 դոլար, 150 եվրո, բանկային քարտեր, անձը հաստատող փաստաթուղթ, իսկ 1980 թ. ծնված Իրեգուի Գ.-ից` ֆոտոխցիկ: Հանցագործները դիմել են փախուստի:

Նույն օրը` ժամը 1:45-ին, Եզնիկ Կողբացու փողոցի թիվ 69 շենքի մոտ 3 անհայտ անձինք կողոպտել են Նիդերլանդների Թագավորության 2 քաղաքացիների· 1994 թ. ծնված Քրիս Փ.-ից հափշտակել են բանկային քարտ, ձայնագրիչ, բարձրախոս, անձը հաստատող քարտ և դպրոցի քարտ` պատճառելով 75.000 դրամի նյութական վնաս, իսկ 1990 թ. ծնված Ալեքսանդր Հ.-ից` 10.000 դրամ, ժամացույց, բջջային հեռախոս ու բանկային քարտ`ընդհանուր 1.500.000 դրամի նյութական վնասով:

Հուլիսի 23-ին էլ Արամի փողոցում 3 անհայտ անձինք, դանակով և ատրճանակով զինված, թալանել էին Չեխիայի Հանրապետության 2 քաղաքացիների` հափշտակելով 24 հազար դրամ, 50 եվրո, բջջային հեռախոսը, բանկային քարտեր:

Ոստիկանությունը կատարում է հետաքննություն:

Դիտվել է 1347 անգամ:
Print Friendly

Leave a Reply