Վազգեն Մանուկյան. «Եկել է «գայկաները» ձգելու ժամանակը»

Հարցազրույց | | December 13, 2010 19:52

-Կարելի՞ է արդյոք ընդհանրություն տեսնել վերջին շրջանում տեղի ունեցած կադրային փոփոխությունների մեջ:

-Այս դեպքերը տարբեր են, սակայն ընդհանուրն այն է, որ վերջին մեկ-երկու տարիների ընթացքում իշխանական շատ օղակներում որոշ պաշտոնյաներ սկսեցին իրենց անձեռնմխելի զգալ, նրանց  թվում էր, թե դա անվերջ շարունակվելու է, կամ այդպիսին է դարձել մեր պետությունը:

Եթե նախագահի աշխատակազմի աշխատողը պաշտպանված չէ ոտնձգություններից, ապա սովորական քաղաքացին միշտ էլ իր մաշկի վրա զգում է  անպաշտպանությունը  որոշ պաշտոնյաներից կամ օլիգարխներից:

Այն, ինչ արել է քաղաքապետը, այնքան արտառոց է, որ հենց այդ դեպքը կարելի է դիտել որպես փոփոխությունների սկզբնակետ, թեպետ մինչ այդ էլ եղել են ամենաթողության դեպքեր: Քաղաքապետի հրաժարականը գնահատում եմ որպես շատ կարևոր քայլ, որին հաջորդեց արդարատության նախարարի պաշտոնանկությունը, քանի որ  վերջինս չի կատարել վարչապետի ցուցումը՝ պատժել պաշտոնական դիրքը չարաշահող պաշտոնյանին:

-Լավ, իսկ ու՞ր են տանում այդ փոփոխությունները:

-Այս բոլոր փոփոխությունները ցույց են տալիս, որ քաղաքականությունը փոխվում է: Փոխվում է  այն իմաստով, որ սկսվում է  պայքար որոշ երևույթների դեմ, որոնք հատուկ են ոչ թե վերջին տարիներին, այլ  մեր քսանամյա անկախության ամբողջ ժամանակաշրջանին: Այս ծեծերը միշտ էլ եղել են անկախության տարիների ընթացքում:

Կարծում եմ, որ եկել է «գայկաները»  ձգելու ժամանակը: Եղել են դեպքեր,  երբ ծեծել են,  և ադեկվատ պատասխան չի տրվել, սակայն բոլոր փոփոխություններն էլ պատմության մեջ մի արտառոց դեպքից  են սկսվում :  Դժգոհությունը կուտակվում, կուտակվում է, և մի արտառոց դեպք փոփոխությունների պատճառ է դառնում:

Ճանաչելով նախագահին՝ գիտեմ, որ իր ներսում միշտ էլ այդ երևույթի նկատմամբ դիմադրություն եղել է, ու ինչ-որ մի դեպքից պետք էր դա սկսել: Իսկ սա այն դեպքն է, որ, իմ կարծիքով, նույնիսկ Բեգլարյանի թիմում դժվար թե գտնվի մեկը, որ արադարացնի նրա վարմունքը:

-Բայց տարածված կարծիք կա, որ եթե ծեծվողը լիներ ոչ թե նախագահականից, այլ, ասենք,  հասարակ քաղաքացի, նման բան չէր լինի:

-Միշտ էլ կարելի է հետ նայել ու հարցնել, թե բա ինչու էս դեպքը չպատժվեց: Ամեն ինչ էլ սկսվում է մի կետից և մի օր: Իհարկե, նորմալ պետությունում այսպիսի դեպք չէր լինի: Նույն այս  երևույթը եղել է  թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի և թե՛ Սերժ Սարգսյանի օրոք:  Ուղղակի ժամանակի ընթացքում բռնությունների ալիքը սկսել էր նվազել, բայց երևույթը` որպես այդպիսին` որպես հարցեր լուծելու ձև, մնացել էր: Ես կարծում եմ, որ նախագահն այս ձևով հարցը փակեց: Դա, իհարկե,  չի նշանակում, որ մենք դառնում ենք շատ արդար երկիր, բայց հարցերը  ֆիզիկական ուժի միջոցով լուծելու վրա տաբու դրվեց:

-Փաստորեն, նախագահն ազատվեց մի մարդուց, ով եղել է իրեն նախագահական աթոռ տանող ճանապարհի հավատարիմ ուղեկիցն ու ջատագովը: Ինչպե՞ս կարելի է սա հասկանալ:

-Գիտեք, թիմ եղած ժամանակ, երբ ընտրություններ էին կազմակերպվում, ուրիշ իրավիճակ էր, իսկ հիմա՝ ուրիշ: Երկրի ղեկավար լինելը լրացուցիչ պատասխանատվություն է, որը ենթադրում է պատասխանատվություն ամենից առաջ իր ժողովրդի ու պատմության և հետո միայն  ընկերների, կուսակցության ու համախոհների առջև:

Նա պատասխան ունի տալու պատմությանը, թե իր օրոք ինչ է կատարվել երկրում: Ու ես կարծում եմ, որ ժամանակի հետ երկրի առաջին աթոռի վրա նստողը կամաց-կամաց սկսում է  դա գիտակցել: Շարլ դը Գոլը, որի անունը կապված է Երկրորդ համաշխարհայինում Ֆրանսիայի դեմքը փրկելու և իր երկրին հաղթանակ բերած ելքի հետ, երբ դարձավ նախագահ, ասաց. «Ես ինձ զգում եմ մի գագաթի վրա, որտեղ միայնակ եմ»:

Դիտվել է 2083 անգամ:
Print Friendly

Leave a Reply