Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԵՄ անդամ երկրների եւ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 13, 2010 19:53

Դեկտեմբերի 13-ին Բրյուսելում տեղի ունեցավ ԵՄ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների երկրորդ հանդիպումը, որին մասնակցեց ՀՀ պատվիրակությունը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ միասնական արտաքին եւ պաշտպանական քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի նախագահությամբ անցած նիստին ներկա էին Արեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկված վեց պետությունների եւ ԵՄ քսանյոթ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, Եվրոպական Հանձնաժողովի եւ Եվրոպական Խորհրդի, Եվրոպական Խորհրդարանի բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Արտգործնախարարները ամփոփեցին անցնող տարում համագործակցության նոր ձեւաչափի շրջանակներում կատարված աշխատանքները եւ ուրվագծեցին ձեռնարկվելիք քայլերը, մտքեր փոխանակեցին Գործընկերության ներուժի առավել արդյունավետ կիրառման վերաբերյալ:
Հանդիպմանը ելույթով հանդես եկավ ՀՀ արտգործնախարարը:
«Ես ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների շրջանակը եւ բնույթը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել է, իսկ Արեւելյան գործընկերությունը այն բարձրացնում է որակական նոր մակարդակի»,- նշեց Էդվարդ Նալբանդյանը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարեւորեց Ասոցիացման համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցությունների մեկնարկը եւ հաջող ընթացքը, նշելով, որ հուլիսից ի վեր տեղի են ունեցել բանակցությունների երկու փուլ եւ յոթ տեսակոնֆերանս, իսկ երկու օրից Երեւանում տեղի է ունենալու բանակցությունների երրորդ փուլը: Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց նաեւ Հայաստանի շահագրգռվածությունը ակտիվորեն շարունակելու խորացված ու համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման ուղղված աշխատանքները:
Անդրադառնալով մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացմանը, ԱԳՆ ղեկավարը նշեց, որ Հայաստանը պատրաստակամ է շրջանակային փաստաթուղթ ստորագրել արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի վերաբերյալ եւ ակնկալում է, որ այն հնարավորինս շուտ կկնքվի:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Արեւելյան գործընկերության բազմակողմ հարթության շրջանակներում համագործակցությունը հատուկ ուշադրության է արժանի, եւ այդ ձեւաչափով Հայաստանը առաջարկել է 2011թվականին մի քանի միջոցառում անցկացնել Երեւանում:
Իր ելույթում Հայաստանի արտգործնախարարը դրական գնահատեց Մարդու իրավունքների վերաբերյալ երկխոսությունը, որի շրջանակներում վերջին հանդիպումը տեղի ունեցավ նախորդ շաբաթ Բրյուսելում:
Անդրադառնալով հակամարտությունների հանգուցալուծմանը՝ Էդվարդ Նալբանդյանը, մեջբերելով ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովի հռչակագրում ամրագրված դրույթը, որ հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ միջոցներով եւ գործող ձեւաչափերում` միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա, շեշտեց, որ կարգավորմամբ զբաղվող միջազգային մանդատ ունեցող կառույցները կուտակել են լուրջ փորձառություն եւ կարող են ծառայել որպես կարգավորման գործուն եւ արդյունավետ մեխանիզմ:
ԵՄ երկրների արտգործնախարարներն իրենց ելույթներում գոհունակություն հայտնեցին Արեւելյան գործընկերության շրջանակներում ծավալվող համագործակցության վերաբերյալ, եւ նախանշեցին հաջորդ տարվա անելիքները:
Արտգործնախարարներն անդրադարձան հաջորդ տարվա մայիսի 27-ին Բուդապեշտում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի նախապատարաստական աշխատանքներին:

Դիտվել է 1311 անգամ:
Print Friendly

Leave a Reply