Ռ. Աղգաշյան «Հայաստանյան բուհերի անցումը կրեդիտային համակարգի հաջողվել է»

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | December 13, 2010 12:32

2010-2011 ուստարում Հայաստանի բուհերն առաջին անգամ շրջանավարտներ կունենան, որոնք ամբողջությամբ սովորել են կրեդիտային համակարգով: Այս թեմայով «Արմենպրես»-ը զրուցեց Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանի հետ, ով նաեւ գլխավորում է Կրթության եւ գիտության նախարարության կողմից ստեղծված` Հայաստանում կրեդիտային համակարգի անցման արդյունքներն ուսումնասիրող հանձնաժողովը:

– Ե՞րբ է Հայաստանում սկսվել կրեդիտային համակարգով ուսուցումը:

-Հայաստանում բուհերի անցումը կրեդիտային համակարգի տեղի է ունեցել 2006-2007ուսումնական տարում` հիմնվելով 2005 թվականին Բեռգենում կնքված պայմանագրի վրա, որին Հայաստանի հետ միասին միացել են նաեւ Վրաստանն ու Ադրբեջանը: Այդ պայմանագրով Հայաստանը միացավ Բոլոնյան գորընթացին: Թեեւ Հայաստանում կրեդիտային համակարգի պաշտոնական անցումը տեղի է ունեցել այդ ժամանակ, սակայն մինչեւ այդ էլ Հայաստանում Ամերիկյան համալսարանն ի սկզբանե կրեդիտային համակարգով է գործել: Կրեդիտային համակարգի կիրառման փորձ 2002-2003 ուսումնական տարվանից առաջինն արեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը:

– Ուսումնասիրվե՞լ են այն խնդիրներն ու բարդությունները, որոնք առկա են Հայաստանում:

-Նման հարցերը պարզելու համար Կրթության եւ գիտության նախարարության հովանու ներքո ստեղծվեց մի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրեր նման հարցերը: Այդ հանձնաժողովը, որն ինքս եմ նախագահում, մի քանի ամսվա գործունեության ընթացքում հասցրեց զգալ Հայաստանի կրթական համակարգի լավ թե վատ կողմերը, ու ելնելով այդ տվյալներից` ասեմ, որ որոշ կարեւորագույն հարցերում մենք ավելի բարձր մակարդակում ենք, քան ԱՊՀ-ի այլ երկրներ: Հիմնական խնդիրներից մեկը ուսանողության շրջանում կրեդիտային համակարգի չընկալման փաստն է ու դրա հետեւանքով սխալ հետեւությունների կատարումը: Այսինքն` հարկավոր է ընթացքում ծանուցողական քաղաքականություն վարել` հիմնավոր կերպով ներկայացնելով կրեդիտային համակարգի էությունն ու առավելությունները:

– Որո՞նք են Բոլոնյան համակարգի հիմնական նպատակները:

-Բազմաթիվ միջպետական հանդիպումներից հետո Բոլոնյան համակարգին անդամագրված պետություններն ընդգծել են 10 հիմնական խնդիրներ, որոնց թվին է պատկանում նաեւ կրեդիտային համակարգը, որի հիման վրա էլ ձեւավորվում է միասնական եվրոպական գնահատման ձեւաչափ: Այն կբացառի իր հերթին եվրոպական երկրների շրջանում թյուրըմբռնումներն ու անվստահությունը: Վերջին նպատակը, որն ավելացել է Բոլոնյան գործընթացին միացած երկրների համար, ասպիրանտական միասնական համակարգի ներմուծումն է:

– Չորս տարի է անցել այն ուսումնական տարուց, երբ Հայաստանն անցում կատարեց կրեդիտային համակարգի: Այժմ օրակարգում ի՞նչ աշխատանքներ են ընդգրկված:

-Մենք պետք է փաստենք, որ այս ուսումնական տարում կունենանք առաջին բակալավրիատ շրջանավարտները, որոնք ամբողջությամբ սովորել են կրեդիտային համակարգով: Այս չորս տարիների ընթացքում ձեռք բերված փորձն ուսումնասիրելու համար հանձնաժողովը 16 բուհերից մեզ ուղարկված տվյալների հիման վրա ուսումնասիրեց կրեդիտային համակարգ անցման գործում տիրող ընդհանուր վիճակը: Քննելով տվյալները` կարող ենք պնդել, որ անցումը ստացվել է, չնայած, որ դեռ կան անելիքներ:

– Ո՞րն է կրեդիտային համակարգի առավելությունն ու հիմնանպատակը:

-Նախ հարկավոր է հասկանալ, որ այս համակարգն ուսանողակենտրոն է, եւ բխում է ուսանողի շահերից: Ուսանողն է կազմում դասացանկը, փորձում հասկանալ իր ծանրաբեռնվածության մակարդակը, որի հիման վրա էլ կատարում է դասալսարանային եւ անհատական աշխատանքներ: Եվրոպական կրեդիտային համակարգի դրական կողմերից մեկն այն է, որ այս համակարգում գնահատվում են նաեւ անհատական աշխատանքները, որը չի կատարվում ամերիկյանի պարագայում: Իր էությամբ կրեդիտային համակարգը ոչ թե գնահատման, այլ ուսանողի աշխատանքը կանոնակարգող համակարգ է: Կանոնակարգվում է, թե քանի ժամ է հարկավոր այս կամ այն առարկան ամբողջությամբ ընդունելու համար: Ընթացքում մշակվում է հստակ ժամաքանակ, որը թույլ է տալիս խուսափել ավելորդ դասերից, ու դրանք տեղաբաշխել այլ առարկաների համար, որոնք պահանջում են հավելյալ դասաժամեր:

Դիտվել է 2222 անգամ:
Print Friendly

Leave a Reply