Ա.Պողոսյան «Նախատոնական շրջանում կասկածելի ծագման, ժամկետանց սննդամթերքը շատանում է»
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | December 13, 2010 11:02
Հայաստանի սպառողների ասոցիացիայում ամեն օր ստացվում են բազմաթիվ ահազանգեր սննդային թունավորումների մասին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը, իրենց տասնամյա փորձը ցույց է տալիս, որ նախատոնական շրջանում կասկածելի ծագման, ժամկետանց կամ առհասարակ ժամկետի մասին նշում չունեցող, թանկ եւ անորակ սննդամթերքը շատանում է:
«Ավանի սուպերմարկետից գնված «Մայա սեմյա» երշիկից թունավորվել է ընտանիք, մեկ այլ սուպերմարկետից գնված հավը հոտած է եղել, փչացած է եղել փաթեթավորված հնդկական ընկույզը: Սակայն այս ահազանգերից ոչ մեկն այսօր չենք կարող հետաքննել, քանի որ պետական կառույցները զանգերին չեն պատասխանում»,- ասաց նա: Գնահատելով այսօր սննդի անվտանգության վիճակը` Ա.Պողոսյանը նշեց, որ շուրջ տասը տարվա պետական, հասարակական կառույցների համատեղ ջանքերի արդյունքում այսօր սննդի անվտանգության հետազոտություններն արձանագրում են, որ խախտումներն անհամեմատ նվազել են` 95%-ից հասնելով մոտ 30%-ի:
Այսօրվա խնդիրներից հիմնականը նա համարեց փողոցային առեւտուրը: «Դա չարիք է, անվերահսկելի եւ հակահիգիենիկ: Ես գիտեմ, որ փողոցում առեւտուր անող մարդիկ տուն են պահում, եւ այն վերացնելու պահանջը դաժան է թվում, բայց այդ հարցը կարգավորվող է, եւ խնդրի լուծումն` անհրաժեշտ»,- ասաց Ա.Պողոսյանը` բացատրելով, որ ոչ մի պետական տեսչություն չի կարողանում ստուգումներ անցկացնել կամ որեւէ այլ մեխանիզմ կիրառել փողոցային առեւտրով զբաղվողների նկատմամբ, քանի որ չկա սուբյեկտ, որի նկատմամբ հնարավոր է կիրառել պատժամիջոցներ:
«Մեր` ճարտարապետական կառույց-շուկաները կիսադատարկ են, իսկ դրանց պատի տակ կատարվում է փողոցային առեւտուր: Վաճառողը վաճառելու համար վճարում է ե’ւ շուկայում, ե’ւ փողոցում` ստվերում կանգնած մեկին»,- ասաց նա` հիմնավորելով, որ եթե կան բազմաթիվ դատարկ տեղեր, ապա անհրաժեշտ է վաճառքն իրականացնել այդ վայրերում:






Facebook
Tweet This
Email This Post
