Քննարկվել են ՀՀ եւ ԼՂՀ էներգետիկ ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր

Պաշտոնական, Օրվա լուր | | December 13, 2010 10:58

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 11-ին այցելել է հանրապետության Մարտակերտի շրջան: Ինչպես տեղեկացնում են  ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, մասնակցելով Հաթերք գյուղում մշակույթի տան բացման արարողությանը` նախագահն այն համարել է կարեւոր իրադարձություն ոչ միայն գյուղի, այլ նաեւ ամբողջ շրջանի համար:

Այնուհետեւ երկրի ղեկավարն այցելել է Թրղե գետի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայաններ եւ տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Նախագահին ուղեկցել են Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք: Բակո Սահակյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում կապի ոլորտի զարգացման հետ կապված հարցեր:Նախագահն ընդգծել է, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը կարեւոր դերակատարություն ունի հանրապետությունում կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, ինչպես նաեւ Արցախում տարբեր բարեգործական ծրագրերի իրականացման գործում:

Հանդիպմանն արծարծվել են նաեւ մատուցվող ծառայությունների սակագների իջեցմանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարն այս կապակցությամբ նշել է, որ սակագների մատչելիությունն ունի եւ սոցիալական, եւ տնտեսական կարեւոր նշանակություն: Արցախի Հանրապետության նախագահը նույն օրն ընդունել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտում երկու հայկական պետությունների միջեւ համագործակցությանը եւ համատեղ տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարներին առնչվող հարցեր:Երկուստեք նշվել է, որ այս ոլորտում առկա են լուրջ հեռանկարներ, որոնք մեծապես կնպաստեն Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը:Հանդիպմանը մասնակցել են Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է 1149 անգամ:
Print Friendly

Leave a Reply