Հովհաննես Գալստյանի նոր ֆիլմը ներկայացնելու է Խորհրդային իշխանության բռնակալությունը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 27, 2009 17:10

Ձախից`Մերուժան, աջից`Հովհաննես Գալստյան

Երևանում նկարահանվելու է նոր ֆիլմ` «65» վերնագրով: Ֆիլմը հեղինակելու է «Խճճված զուգահեռներ» ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանը, ով բացատրում է, որ ֆիլմի անունը կապված է 1965 թ.-ի հետ:

Ֆիլմի թեման 1962թ. հայրենասիրական շարժումն է: 20-րդ դարի 60-ական թթ. Հայաստանը գտնվում էր երեք գործոնների ազդեցության տակ` երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտ, սփյուռքահայերի ներգաղթ և Ստալինյան դարաշրջանի ավարտ` «ձնհալի» սկիզբ:

Ցարական իշխանության բռնակալ քաղաքականությունը երկրում ազգային գիտակցության զարթոնք բերեց: Հայտնի 7 դասախոս-մտավորականներ իրենց գաղափարների համար բանտ նստեցին, նրանց մեջ նաև` գրող Մերուժանը, ով ասում է, թե ֆիլմի անունը նախևառաջ կապված է 65-րդ հոդվածի հետ, որով իրենց ձերբակալել են:

Այդ օրերի դաժանության մասին Մերուժանը հիշում է. «Բանտերում մարդիկ կորցնում էին իրենց խիղճը, մարդը դաժանանում էր, դառնում բռնակալ, լցվում վրեժխնդրությամբ, սակայն բանտից դուրս գալուց հետո նա չպետք է ձգտեր իշխանության` ինչ-որ բանից վրեժխնդիր լինելու համար»:

Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը 60-ական թթ. մասին ասում է, որ ցարական իշխանության բռնակալությունը տվել է նաև իր դրական արդյունքը` վերելք է ապրել այդ շրջանի մշակույթը. «Ֆիլմը հերոսական պատմության մասին է, այն սոցիալ-քաղաքական դրամա է և արդիական` այսօրվա հասարակության համար»:

Ֆիլմը նկարահանվելու է Երևանում. ըստ ռեժիսորի` ծախսվելու է մոտ 1մլն եվրո, գումարի մոտ 67 տոկոսը կստանան միջազգային կինոֆոնդերից: «65»-ը նախապատրաստական փուլի մեջ է, կատարվում է իրադարձությունների պատմության վերականգնում:

«ֆիլմն ամբողջովին հիմնված է լինելու մասնակիցների, ականատեսների պատմությունների վրա, հնարավորության դեպքում ֆիլմում կներկայացվեն նաև մարտնչողների տեսակետերը, կարտացոլվեն բիրտ, կոպիտ, կայսերական կարգերը»,-ասում է Գալստյանը:

Դիտվել է 1322 անգամ:
Print Friendly

Leave a Reply