Ռաֆիկ Պետրոսյան. Նախագահը կարգադրել է քրեական գործ հարուցել Երեւանի նախկին քաղաքապետի նկատմամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 12, 2010 10:00

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը կարգադրել է քրեական գործ հարուցել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ՝ նախագահի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանի առևանգելու և ծեծելու կապակցությամբ։

«Նախագահ Սարգսյանը ոչ միայն հարկադրել է, որպեսզի քաղաքապետը, որն իրեն բարձր էր դասել օրենքից, տույժի ենթարկվի, այլ նա նաև ազատվեց աշխատանքից»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Ռաֆիկ Պետրոսյանը` հավելելով. «Բայց դեռևս լուծված չէ նրան դատի տալու հարցը: Որքան ինձ հայտնի է, Հանրապետության նախագահը կարգադրել է նաև քրեական գործ հարուցել, որովհետև քաղաքապետի գործողություններում կար քրեական օրենսգրքով հետապնդվող 3 արարք. ծեծը, որի հետևանքով թեթև վնասվածք է ստացել տուժողը, և առևանգումը»:

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական տվեց այն բանից հետո, երբ մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ նա առևանգել և ծեծի է ենթարկել Արմեն Կանդայանին, քանի որ դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի համերգից առաջ Կանդայանը խնդրել է Սերժ Սարգսյանի համար նախատեսված աթոռի հարևանությամբ նստած Գագիկ Բեգլարյանի կնոջը փոխել իր տեղը։

Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը հաստատել էր, որ քաղաքապետը ծեծի է ենթարկել նախագահի աշխատակազմի ներկայացուցչին, սակայն հավելել էր, որ «մամուլը չափազանցրել է» լուրերը, և առևանգում տեղի չի ունեցել:

Ռաֆիկ Պետրոսյանը նշել է, որ հետաքննություն պետք է անցկացվի:

«Եթե հետաքննությամբ պարզվի, որ իսկապես Բեգլարյանն առևանգել է, այստեղ մինչև 5 տարի ազատազրկում է նախատեսում այդ հոդվածը: Իսկ եթե հաստատվի, որ միայն ծեծն է, որի հետևանքով թեթև մարմնական վնասվածք է ստացել, և տուժողը չբողոքի, ապա գործի վարույթը կկարճվի»,- հավելել է ՀՀԿ պատգամավորը:

Ավելի ուշ, նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքել է քրեական գործ հարուցելու կարգադրության մասին տեղեկատվությունը։
«Քրեական գործերը նախագահի ցուցումով չեն հարուցվում, դրանց օրենսդրական հիմքերը հայտնի են, եւ Ռաֆիկ Պետրոսյանը այն մարդը չէ, ով լիազորված է նախագահի ցուցումների մասին տեղեկացնել հանրությանը», – ասաց Արմեն Արզումանյանը՝ հավելելով. – «Բնականաբար նման ցուցում չկա»։

Դիտվել է 2793 անգամ:
Print Friendly

Leave a Reply