Ինքնասպանություն է գործել “դարի խարդախ” Բերնարդ Մեդոֆֆի որդին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 11, 2010 22:51
Աշխարհում խոշորագույն ֆինանսական “բուրգի” ստեղծողներից մեկի` Բերնարդ Մեդոֆֆի որդիներից մեկին շաբաթ օրը գտել են Նյու Յորքի իր բնակարանում կախված: Ինչպես հաղորդել են տեղի ԶԼՄ-ները` հղում անելով քաղաքի ոստիկանությանը, 46-ամյա Մարկ Մեդոֆֆը ինքնասպանություն է գործել իր հոր ձերբակալության երկրորդ տարելիցի օրը:
Հետաքննությանն առայժմ չի հաջողվել ապացուցել որ “դարի խարդախի” որդիները` Մարկ և Էնդրյու Մեդոֆֆները խառնված են եղել իրենց հոր մեքենայություններին: Նրա ձերբակալությունից հետո նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել, սակայն հետապնդում չի եղել: Հետաքննության կարծիքով, խարդախի որդիները Մեդոֆֆի ֆիրմայում բարձր պաշտոն են զբաղեցրել և պետք է որ իմանային մեքենայությունների սխեման, որը 20 տարվա ընթացքում “բանեցրել” է իրենց ղեկավարը:
Նախկինում հաղորդվել է, որ հենց Մարկն ու Էնդրյուն են հայտնել ոստիկանությանը իրենց հոր անօրինական ֆինանսական գործունեության մասին:
Ուրբաթ օրը Ուոլ-սթրիթում բրոքեր աշխատող Մարկ Մեդոֆֆի, նրա եղբայր Էնդրյուի և Մեդոֆֆների ընտանիքի մյուս անդամների նկատմամբ դատական հայց է ներկայացվել 900 մլն դոլարի պահանջով:
Բացի այդ, հայտնի է, որ Մարկը վերջին շրջանում ֆինանսական դժվարություններ է ունեցել, նրան աշխատանքի չէին վերցնում հայտնի ներդրումային ընկերություններից մեկում: Նշանավոր խարդախի որդին նաև ստիպված է եղել վաճառել Նյու Յորքի արվարձանում գտնվող իր տունը, որը գնահատվել է 7 մլն դոլար: Ազգականների խոսքով, վերջին օրերին Մարկը խոր դեպրեսիայի մեջ է եղել:
Ինքը` 71-ամյա Մեդոֆֆը ներկայումս կրում է 150 տարվա ժամկետով բանտարկությունը, որին դատապարտվել է արժեքավոր թղթերի հետ կապված մեքենայությունների, փողերի լվացման, մեքենայությունների և սուտ վկայությունների համար: “Դարի ֆինանսական բուրգի” հիմնադիրը իրեն մեղավոր է ճանաչել մեղադրանքի բոլոր կետերով: Մեդոֆֆի գործողություններից տուժել է աշխարհի մոտ 3 մլն մարդ, որոնք “գործարարի” խարդախության հետևանքով կորցրել են 64,8 մլրդ դոլար:






Facebook
Tweet This
Email This Post
