Օսլոյում հազարավոր ցուցարարներ պաշտպանեցին չինացի այլախոհին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 11, 2010 17:53
Հազարավոր մարդիկ դուրս եկան Օսլոյի փողոցներ, որտեղ նախօրեին տեղի ունեցավ Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը: Ցուցարարները համերաշխություն հայտնեցին չինացի իրավապաշտպան Լյու Սյաոբոյին: Ցուցարարների երթը շարժվեց դեպի “Գրանդ հոթել” շենքը, որտեղ ավանդաբար մրցանակների հանձնումից հետո ճաշկերույթ է տրվում:
Լյու Սյաոբոն բանտարկված է իր հայրենիքում, ուստի չկարողացավ ներկա գտնվել իր մրցանակի հանձնման արարողությանը: Այդուհանդերձ, այն տեղի ունեցավ: Մրցանակը և դիպլոմը դրեցին այն աթոռին, որը նախատեսված էր նոբելյան դափնեկրի համար: Նոբելյան կոմիտեի ղեկավար Թորբյորն Յանգլանդի հադիսավոր ելույթից հետո դահլիճը ծափահարություններով ողջունեց դափնեկիր Լյու Սյաոբոյին:
Իսկ Չինաստանը շատ խիստ արձագանքեց արարողությանը` որակելով Նոբելյան կոմիտեի որոշումը “միջամտություն ՉԺՀ-ի ներքին գործերին”:
Արարողությունից հետո քաղաքապետարանի “Երկնագույն սրահում” տեղի ունեցավ ավանդական նոբելյան ճաշկերույթը: Հազարավոր հյուրեր կային` դափնեկիրներ, նրանց մտերիմները, Շվեդիայի քաղաքական գործիչներ և հյուրեր տարբեր երկրներից: Հանդիսավոր ընթրիքը սպասարկում էին 300 խոհարար և մատուցող, օգտագործվեց 7 հազար ափսե:
2010 թ. ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, գրականության և տնտեսագիտության Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունը տեղի ունեցավ Ստոկհոլմի համերգային սրահում: Ֆիզիկայի գծով մրցանակը շնորհվեց երկու ռուսաստանցու` Կոնստանտին Նովոսյոլովին և Անդրեյ Գեյմին: Երկու գիտնականները, որոնք կրթությունը ստացել են Ռուսաստանում, այդ բարձր մրցանակին արժանացան գրաֆենի ստեղծման աշխատանքների համար:
Քիմիայի գծով 2010 թ. Նոբելյան մրցանակը ստացան ամերիկացի Ռիչարդ Հեկը և ճապոնացի Էիտի Նեգիսին ու Ակիրե Սուձուկին: Բրիտանացի Ռոբերտ Էդվարդսի ծառայութնունները մարդկության համար նշանավորվեցին բժշկության և ֆիզիոլոգիայի մրցանակով: 2010 թ. գրական Նոբելը կհանձնվի պերուացի գրող Մարիո Վարգաս Լյոսային: Իսկ տնտեսագիտության դափնին բաժին կհասնի երեք գիտնականի` բրիտանացի Քրիստոֆեր Պիսարիդեսին և ամերիկացի Պիտեր Դայմոնդին ու Դեյլ Մորտենսոնին:






Facebook
Tweet This
Email This Post
