Մայիսի 28-ը միասնական հայության տոնն է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 28, 2009 16:16

hovhannes-qajaznuni«Անդրկովկասի քաղաքական ամբողջականութեան լուծումով եւ Վրաստանի եւ Ատրպէյճանի անկախութեան հռչակումով ստեղծուած նոր դրութեան հանդէպ Հայոց ազգային խորհուրդը իրեն յայտարարած է հայկական գաւառներու գերագոյն եւ միակ իշխանութիւնը». այս խոսքերով 1918 թվականի այս օրը` մայիսի 28-ին, 600 տարվա ընդմիջումից հետո հիմք դրվեց Հայաստանի առաջին հանրապետությանը:

Առաջին վարչապետ նշանակվեց Հովհաննես Քաջազնունին:

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը կարծում է, որ սխալ է պնդել, թե մենք 600 տարի պետականություն չենք ունեցել, քանի որ այդ տարիների ընթացքում պետականությունը մեզ մոտ ի սպառ վերացած չի եղել, այլ ունեցել է տարբեր դրսևորումներ` Զաքարյանների իշխանություն, զանազան սղնախներ, մելիքություններ, կիսանկախ իշխանություններ, և հենց այդ շղթան էլ ապահովել է անցումը մինչև 1918 թվական: Մելքոնյանի համար մայիսի 28-ի խորհուրդը հայ ազգի միասնությունն է. «Ազատ, անկախ և միացյալ Հայաստանի հռչակումը միասնականության առումով էր շատ կարևոր»:

aram-manukyan-1ՀՅԴ անդամ Արա Գրիգորյանը, ով երկար տարիներ ղեկավարել է Ֆրանսիայի Հայ Դատի հանձնախումբը, ասում է, որ Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումը պետք չէ միայն Դաշնակցությանը վերագրել, և մայիսի 28-ը պետք է ամբողջ միասնական հայության տոնը համարել:

«Եթե առաջ ցեղասպանության ճանաչման խնդրով զբաղվում էր ընդամենը ժողովրդի մի մասը, ապա այժմ այն համայն հայության խնդիրն է դարձել: Այդպիսի միասնական խնդիր պետք է դառնա նաև ազատ, անկախ և միացյալ Հայաստանի ստեղծումը` ներառելով ինչպես Արցախը և Ջավախքը, այնպես էլ Արևմտյան Հայաստանը»,- ասում է Արա Գրիգորյանը:

Մայիսի 30-ին տեղի կունենա Ոստիկանության առջև տեղադրված, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից, Հայաստանի առաջին ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի կիսանդրու բացման արարողությունը:

Դիտվել է 2103 անգամ:
Print Friendly

Leave a Reply